Հայ-թուրքական կինոպլատֆորմ

18/06/2009

Առաջիկա մի քանի տարիներին հայ եւ թուրք հանդիսատեսը դիտելու է իրենց հայրենակից կինոգործիչների համատեղ արտադրանքը, որը ստեղծվելու է Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շրջանակներում: Կինոպլատֆորմի գաղափարը ծնվել է անցած տարի ապրիլին Ստամբուլում ու դեկտեմբերին Երեւանում կայացած հայ եւ թուրք ռեժիսորների հանդիպումների ժամանակ: Համատեղ ֆիլմեր ստեղծելու հնարավորությունը հետաքրքրել է բազմաթիվ կինոգործիչների թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում: Հայ եւ թուրք ռեժիսորների հանդիպումները կազմակերպած «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ Անադոլու Քյուլթուր ասոցիացիայի (Anadolu Kultur Association) ներկայացուցիչները համոզված են` կինոն քաղաքացիական եւ մշակութային երկխոսություն հաստատելու արդյունավետ միջոց է: «Ոսկե Ծիրանի» գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն ասում է` նախագիծը նպատակ ունի զարգացնել երկու երկրների միջեւ մշակութային համագործակցությունը` խրախուսելով մասնագիտական երկխոսությունն ու փոխանակումը: «Հարեւան երկրների հետ համատեղ կինոարտադրություն ծավալելը հայկական կինոյի համար կենսական նշանակություն ունի: Մենք չպետք է անտեսենք մեր ամենախոշոր հարեւանին, որն ունի խոշոր եւ աճող կինոարտադրություն»,- նշում է Հարությունյանը: Թուրքիայում կինոարտադրությունը սկսել է զարգանալ 1990-ականների սկզբներից: Թուրքական մամուլի համաձայն` մեծ վերելքը այդ երկրի կինոմատոգրաֆիայում արձանագրվել է 2004-ին, երբ տեղական արտադրության 7 ֆիլմերի ցուցադրության ժամանակ, հանդիսատեսի ընդհանուր թիվը կազմել է գրեթե 7 միլիոն մարդ: «Ոսկե Ծիրանի» գեղարվեստական տնօրենը տեղեկացնում է, որ արդեն ավարտվել է փետրվարին հայտարարված հայտերի հայտագրումը: Հայաստանից ստացված 15 ու Թուրքիայից ստացված 20-ից ավելի հայտերից ընտրվելու են 4 կամ 5 հայկական եւ թուրքական նախագծեր` միջազգային չափանիշներին համապատասխանության սկզբունքով: Երկու ֆիլմի գաղափար ներկայացրած, հայտնի հաղորդավար, ռեժիսոր Արթուր Բախտամյանը կարծում է, որ համատեղ կինո նկարելը առաջընթացի հնարավորություն է ընձեռում հայ կինոյին, քանի որ «այս պահին նկարելու նյութը շատ է, բայց հնարավորությունները մեծ չեն»: Ռեժիսորի երկու գաղափարներից մեկը ՀՀ-ի անկախացումից հետո գործող Ստամբուլ-Երեւան ավտոբուսային երթուղու վերաբերյալ ֆիլմ նկարելն է: «Այս երթուղին, անկախ հանգամանքներից, երբեք չի ընդհատվում: Կերպարը վարորդ Ալին է, ով 16 տարի շարունակ շաբաթը երկու անգամ վարում է այդ ավտոբուսը, առաջիններից մեկն է ու սիրված վարորդ»,- նշում է Բախտամյանը` հավելելով, որ գեղարվեստական ֆիլմ է նկարահանվելու ավտոբուսի ամանորյա երթի մասին: «Դեկտեմբերի 27-ին ավտոբուսը Ստամբուլից դուրս է գալիս կասկածելի անցյալ ունեցող տարբեր ուղեւորներով, մեկն ինչ-որ տեղից փախչում է, մյուսը` ինչ-որ պարտք ունի, երրորդը նարկոտիկի հետ է կապված, այս ամենին զուգահեռ՝ սիրային մի պատմություն է ծնվում ավտոբուսում, ինչ-որ երաժշտախումբ տարեմուտին գալիս է երեւանյան ռեստորաններում ելույթ ունենալու ու ամբողջ ճանապարհին փորձեր է անում»,- ապագա ֆիլմի սյուժեն է պատմում ռեժիսորը: «Վերջում ինչ-որ պատճառով ավտոբուսը Վրաստանի տարածքով չի կարողանում գալ, որոշում են միանգամից անցնել Արաքսը, Մարգարայի կամուրջն ու հակառակ սահմանապահների՝ մտնել Հայաստան: Ես հույս ունեմ, որ մենք կարող ենք գործընկերներ գտնել` այս ֆիլմը համատեղ նկարահանելու համար»: Հայ-թուրքական կինոպլատֆորմի շրջանակներում յուրահատուկ մի ֆիլմ նկարահանելու հայտ է ներկայացրել նաեւ ռեժիսոր Արամ Շահբազյանը` չոբանի շան պատմություն: «Սահմանի վրա ապրող չոբանի շների մասին պետք է լինի: Մեկը քուրդ չոբանի շունն է, մյուսը` հայ չոբանի շունը: Մեկը կորցնում է իր հոտն ու կյանքի եւ ապրելու իմաստը, մյուսը` կորցնում է տիրոջն ու դարձյալ` ապրելու եւ կյանքի իմաստը: Սահմանի մյուս կողմից շունն անցնում է այս կողմ, եւ երկու շները հանդիպում են: Այդ լեռների, այդ շրջանի ու այդտեղ ծնվող, ապրող շան մասին է, որը ոչ սահման գիտի, ոչ ազգություն»,- ապագա ֆիլմի սցենարն է հակիրճ ներկայացնում Շահբազյանը: Նա համոզված է` կինոպլատֆորմը հրաշալի հնարավորություն է հայ կինոյի զարգացման համար. «Թուրքիայում կինոարտադրության պայմանները շատ լավն են, բավական էժան են եւ մատչելի, համեմատած եվրոպականի եւ ռուսականի հետ»: Հայկական կինոյի խնդիրներն օրօրի բազմացան Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ երկրում տիրող իրավիճակը` դժվարություններն ու ճգնաժամը, պատերազմը, բազմաթիվ խնդիրներ ստեղծեցին պրոդյուսերների, ռեժիսորների եւ սցենարիստների համար: Մասնագետների գնահատմամբ, հայկական կինոյի խնդիրներից մեկը պետական սուղ ֆինանսավորումն է, որը լավ կինո ստեղծելու համար բավարար չէ: «Հաճախ կարելի է լսել, որ մի որեւէ ֆիլմի համար տրամադրվել է բավական մեծ գումար, սակայն ֆիլմի մասին ոչ ոք չի լսել ու ոչ ոք այն չի տեսել»,- ասում է Շահբազյանը, ով հայ կինոյի խնդիրներից է համարում նաեւ տեխնիկայի պակասը:

Լիլիթ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Երեւան, www.tert.am պարբերականի թղթակից, մասնակցում է IWPR-ի «Հարեւաններ» նախագծին