Ո՞վ է «պահելու» կրկեսը

03/08/2005 Նատալի ՈՍԿԱՆՅԱՆ

2005թ. հուլիսի 9-ին հրապարակավ ծանուցվեց «Պետական կրկես» պետական ոչ
առեւտրային կազմակերպությանն ամրացված 40882.1 հազ. դր. գույքի (այդ
թվում՝ շենք, տրանսպորտային միջոցներ) մրցույթով օտարման մասին: Ստեղծված
է գործարքին առնչվող նախարարությունների 4 ներկայացուցիչներից բաղկացած
մրցութային հանձնաժողով, որն էլ օգոստոսի 10-ին կորոշի լավագույն
պայմաններ առաջարկողին: Մրցույթը լինելու է բաց: Կրկեսային գույքի ապագա
տերը պետք է առնվազն 25 տարի այնուհետ զբաղվի կրկեսային գործունեությամբ:

«Կրկեսը սպորտ չէ: Սպորտում կարող ես՝ պարզապես սալտո անես ու գնաս:
Կրկեսում այն պետք է շքեղությամբ զուգորդվի: Անհրաժեշտ ռեկվիզիտների
ապահովումը մեծ գումարների հետ է կապված»,- ասում է Կրկեսի գլխավոր
ռեժիսոր Նաիրա Պետրոսյանը:

Վաճառվող կրկեսային միջոցների մեկնարկային գին է սահմանված 100 մլն դրամը:
Մրցութային երկրորդ պայմանն է 300 մլն դրամ ներդրումների ապահովումը՝
Կրկեսի կապիտալ վերանորոգման ու արդիականացման ուղղությամբ: «Շենքը փլվում
է. բուֆետ ես դնում, որ փող աշխատես՝ էն էլ ծեփը վերեւից թափում է»,-
ասում է Կրկեսի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

Մրցութային հանձնաժողովի նախագահ, Պետգույքի կառավարման վարչության պետի
տեղակալ Աշոտ Մարկոսյանի խոսքով՝ «այնպիսի գումար է սահմանված, որ ամեն
ցածր քաշային ներդրող չմտնի այս բեռի տակ»: Ընդունվում են նաեւ միջազգային
գնորդների հայտերը:

Սակայն հայտեր դեռ չկան: «Կլինեն,- ասում է Աշոտ Մարկոսյանը,- քանի որ
օբյեկտն ունի կոմերցիոն հետաքրքրություն. կրկեսը միշտ ունենալու է իր
սպառողը: Բացի այդ, պետական գույքի զամբյուղն արդեն նվազել է, ու, երեւի
թե, վերջին գործարքներն են կատարվում»:

Սոս Պետրոսյանի խոսքով՝ Կրկեսի կոլեկտիվը պատրաստ է մասնակցել մրցույթին.
«Չէ՞ որ մենք իլյուզիոնիստներ ենք. կգտնենք ձեւեր, տներս կծախենք: Մեկն էլ
մեզ կարող է օգնի՝ այդքան ընկերներ ունենք: Եվրոպայի լավագույն՝ «Մեդրանո»
կրկեսի ղեկավարն ինձ խոստացավ օգնել: «Ֆենիքս» կրկեսի պրեզիդենտ Ալան
Փաշրին ասում է՝ կօգնեմ՝ ներդրումային մասում, ասում է ՝ էնպես խմբեր
ուղարկեմ, որ դու մեկ-երկու տարում կհանես ծախսերը»: Կրկեսի կոլեկտիվն
ունի մրցույթին մասնակցելու մյուսների հետ հավասար իրավունքներ:

Սոս Պետրոսյանի խոսքով՝ կոլեկտիվը պատրաստ է մի գործընկերոջ հանդիպել, որը
ռեստորանային համալիրի համար գումար կներդներ Կրկեսին կից, եւ միասին
կաշխատեին՝ ինչո՞ւ ոչ: Այդուհանդերձ, Կրկեսի կոլեկտիվը մտահոգ է. «Հանկարծ
էնպիսի մեկը չգա, որ կրկեսից բան չի հասկանում: Լավ է, որ կան կետեր, որ
եկողը չի կարող Կրկեսին դիպչել»,- ասում է Նաիրա Պետրոսյանը: Աշոտ
Մարկոսյանի խոսքով՝ կա հանձնաժողով, որն այսուհետ հետեւելու է գործարքի
պայմանների կատարմանը. «Կրկեսը չի կարող դառնալ կազինո»,- հավաստիացնում է
Աշոտ Մարկոսյանը:

«Զվարճացնող» արվեստի այս օջախն այսօր փակ ու տխուր է արտաքուստ, բայց
շարունակում է իր կյանքով ապրել ու սպասել հովանավորի: «Ուզում ենք
հայկական կոլեկտիվ ստեղծել: Հովանավոր որ լինի՝ լավ կլինի: Մեծ ծրագրեր
ունենք»,- ասում է կենդանիներ վարժեցնող Լյովան: Սոս Պետրոսյանի խոսքով՝
արդեն պայմանագիր կա չինական կրկեսի՝ սեպտեմբերին Հայաստանում
հյուրախաղերի վերաբերյալ: Փորձեր են արվում նվեր ստացած կենդանիների հետ,
պարապմունքներն է շարունակում ակրոբատների դպրոցը: «Մեր երեխաներն ինչքան
ժամանակ է, Կրկեսում ձի չեն տեսել, լամա չեն տեսել: Համարներ ենք
պատրաստում»,- ասում է Նաիրան: Կրկեսի աշխատողներն ապրում են էնտուզիազմով
եւ պլաններով՝ առանձնակի չխորանալով «գույքի օտարման գործընթացի» մեջ: «Ես
սիրում եմ Կրկեսը: Կրկեսի հոտը մի օր չքաշեմ, չեմ կարող..»,- ասում է
Նաիրան:

Էնտուզիազմը՝ էնտուզիազմ, իսկ մրցույթը՝ մրցույթ: Օգոստոսի 10-ին հայտնի
կդառնա Կրկեսի տերը: Մնում է հուսալ, որ մեր երեխաները ստիպված չեն լինի
մեծանալ միայն հյուրանոցների «փայլի» ու «սոտովիների» ձայների ներքո՝
առանց «չարաճճի» Կրկեսի: