Վենետիկի 53-րդ Բիենալեին 8-րդ անգամ Հայաստանը պիտի ներկայացներ նկարչուհի Գայանե Խաչատրյանը: Սակայն հիվանդության պատճառով անժամանակ կյանքից հեռացած նկարչուհու մասին հայկական տաղավարի այցելուներին պատմում էին նրա նկարները: Համաշխարհային ժամանակակից արվեստի հեղինակավոր փառատոնին Հայաստանի պաշտոնական տաղավարը ներկայացնելը Մշակույթի նախարարությունը հանձնարարել էր Նորարար փորձառական արվեստի կենտրոնին (ՆՓԱԿ): Հայկական տաղավարի պատվիրակ, ՆՓԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Էդուարդ Պալասանյանն ասում է, որ սովորաբար նման մրցույթների մահացած արտիստների գործեր չեն ներկայացվում: «Բայց, քանի որ հայտն արդեն ներկայացված էր, աշխատանքներն ուղարկված էին, հրաժարվել չէինք կարող: Բացի այդ, Գայանեն ծանր հիվանդության պատճառով (քաղցկեղ), այսպես թե այնպես, չէր մեկնելու Վենետիկ»,- հստակեցնում է նա: Կյանքի 67 տարիներն իր ծննդավայր, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ապրած նկարչուհին բացառապես իր տաղանդի ու զգացողություններով պայմանավորված աշխատանքի շնորհիվ էր ստեղծագործում, գեղարվեստի կրթություն չէր ստացել: Արվեստի համաշխարհային հանրագիտարանն ասում է, որ Գայանեի «տեխնիկական վարպետությունը բխում է ավելի պրոֆեսիոնալ նկարչությունից, քան կրթությունից, իսկ նրա աշխարհայացքը՝ կովկասյան համայնապատկերից՝ իր լեռներով, մրգերի վառ գույներով, դալար կանաչապատ դաշտերով եւ կովկասյան արեւելյան կենցաղից ու սովորույթներից, նրանց ազգային եւ հասարակական կեցվածքից ու էրոտիզմից»: Գայանեի արվեստի գիտակ Պալասանյանն ասում է, որ նրա գործերը խիստ այլաբանական են` ողողված նկարչուհու ներաշխարհը ներկայացնող պատկերներով. «Նրա գունագեղ, ուրույն հիշողություններով հագեցած կտավները նման են 20-րդ դարի մեծ վարպետների պաստառներին, ինչպիսիք են Մարկ Շագալը, Արշիլ Գորկին, ինչպես նաեւ ավելի հին շրջանում Հերոնիմուս Բոշը»: Ընկերները պատմում են, որ ստեղծագործելու համար նկարչին հատուկ տրամադրություն էր անհրաժեշտ: Երաժշտություն սիրող Գայանեն ինքնամփոփ էր, փակ, բայց հզոր երեւակայություն ուներ: «Մի անգամ Գայանեն ասաց, որ իր կտավները հաճախ «պատմում են» մանուկ հասակում մեծ մորից լսած պատմություններն ու հեքիաթները: Նրա աշխատանքները «թատերական» են: Յուրաքանչյուր պաստառ ասես բեմահարդարում է` թատրոնի «սառեցված» տեսարան»,- նշում է Պալասանյանը: Հատկանշական է, որ այս տարի ՆՓԱԿ-ը պատրաստվում է թատերական ներկայացումներ բեմադրել Գայանեի աշխատանքների հիման վրա: Նկարչուհին աշխարհահռչակ կինեմատոգրաֆ եւ կերպարվեստի վարպետ Սերգեյ Փարաջանովի մտերիմն էր, այս կապն է երեւի նրա գործերը համահունչ դարձրել Փարաջանովի բազում կադրային կոմպոզիցիաներին: Նրա նկարներում գերակշռում են ձիու եւ առյուծի պատկերները:
Գ. Խաչատրյանն ընտրվել է 53-րդ Վենետիկյան Բիենալեում Հայաստանը ներկայացնող արվեստագետ, որպես հայ մշակույթի պատմության միջնադարյան մանրանկարչությունից մինչեւ մեր օրերը ձգված շղթայի օղակների վառ օրինակ: Բիենալե իտալերեն նշանակում է՝ 2 տարին մեկ: Վենետիկի Բիենալեն աշխարհի մյուս հայտնի բիենալեներից առանձնանում է վաղեմությամբ, այն ամենահինն է` անցկացվում է 1895-ից: Առաջին տարիներին փառատոնին մասնակցել են 20-25 երկիր, այսօր դրանց թիվը հասնում է մոտ 70-ի: Որպես կանոն, առաջատար արվեստի փառատոնը տեւում է վեց ամիս: Այս անգամ 2009թ. հունիսի 7-ին բացված Բիենալեն տեւելու է մինչեւ այս տարվա նոյեմբերի 22-ը: Ինչպես անցյալ տարիներին, տաղավարը հյուրընկալվում է Մխիթարյան միաբանության Մուրադ Ռաֆայելյան վարժարանում (վենետիկյան վերածննդի շրջանի Palazzo Zenobio): Բիենալեի այս տարվա կատալոգում պատմվում է, որ ՀՀ-ն առաջին անգամ փառատոնին մասնակցել է 1901 թվականին: Հայերը մասնակցել են Բիենալեին նաեւ խորհրդային տարիներին` ներկայացնելով, սակայն, Խորհրդային Միությունը: Անկախ Հայաստանի առաջին մասնակցությունը եղել է 1995-ին: ՀՀ-ի ներկայությունը Վենետիկի Բիենալեում նախկինում եւ այս տարի 8-րդ անգամ անընդմեջ ապահովում են մի խումբ բարերարներ: ՀՀ-ի տաղավարի պատվո պատվիրակն է ազգային բարերար Ժան Պողոսյանը: Հայկական տաղավարի պատվիրակ Պալասանյանն ասում է` Բիենալեն լավ հնարավորություն է հայ արվեստի զարգացման համար. «Մենք աշխարհով մեկ ցույց ենք տալիս մեր մշակույթը եւ ծանոթանում այլ երկրների ժամանակակից մշակույթին»: Վենետիկի Բիենալեն ունի երկու բաժին` թեմատիկ ցուցահանդես, որն ունենում է շատ լայն թեմատիկա, եւ ազգային տաղավարներ: Այս տարի Հայաստանը ներկայացնող Գայանեի նկարները նույնպես թեմատիկ ցուցահանդեսի մասնակցելու հավակնություններ ունեն: Կտավները լցնող կերպարները իրական միս ու արյամբ մարդիկ կամ կենդանիներ չեն, այլ բեմական ստատիկ էլեմենտներ: Արվեստի համաշխարհային հանրագիտարանը բարձր է գնահատում Գայանեի գործերը. «Սա իսկապես արտացոլում է մի երազային աշխարհ, առանց շարժումի եւ ժանրային մանրամասնությունների: Անցյալ մի քանի տարիների ընթացքում նրա աշխատանքները դարձել են ավելի բարդ, դետալների եւ գույների վերացական խաղի առավել շեշտադրումով»: Գայանեն ինքն էլ բազմիցս նշել է, որ իր գործերը հասկանալը բարդ է, կյանքի վերջին գրվածքներից մեկում նա ասել է. «Ես ծնվեցի լուսինը՝ ափերիս, կարմիր արեւը` երկնքում»:
Ծովինար ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Երեւան, IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից