Ադրբեջան. ժամանակակից արվեստ

18/06/2009

Այսօր հաճախ է կրկնվում «ժամանակակից արվեստ» արտահայտությունը: Իսկ ի՞նչ է դա: Ի՞նչ վիճակում է այն Ադրբեջանում: Արդյո՞ք մեզ մոտ բավարար է ժամանակակից արվեստի կենտրոնների թիվը: Այս հարցերի շարքը շարունակելու փոխարեն՝ մենք փորձեցինք գտնել դրանց պատասխանները Ադրբեջանում հայտնի արվեստագետ Զիյադխան Ալիեւի եւ կինոսցենարիստ, ռեժիսոր Ռամիզ Ֆատալիեւի օգնությամբ: Մոդեռնիզմը գոյություն ուներ արդեն 20-րդ դարի սկզբում: Այն ավելի լայն տարածում գտավ Երկրորդ աշխարհամարտից հետո: Արվեստագետ Զիյադխան Ալիեւը կարծում է, թե արդիականությունը վարպետի սեփական մոտեցումն է. «Եվրոպական կերպարվեստում Հիսուսի խաչելությունը պատկերող հազարավոր նկարներ կան: Սակայն 20-րդ դարի կեսերին Սալվադոր Դալին Հիսուսի խաչելությունը ներկայացրեց այնպիսի ռակուրսով, որ նրանից առաջ այդ տեսարանը պատկերած բոլոր նկարիչները ստվերում հայտնվեցին: Նա Հիսուսին խաչի վրա պատկերեց վերին կետից»:

Արվեստագետի խոսքով, արդիականության հիմքում ընկած են ավանդույթները: «Օրինակ՝ մուղամը, որ երգում է Ալիմ Գասիմովը, ոմանք դիտում են որպես առաջընթաց: Սակայն ինքը` Ալիմ Գասիմովը, ինչպես նաեւ մուղամի հայտնի ֆրանսիացի ուսումնասիրող Ժան Դյուրինգը համարում են այն քայլ դեպի հետ: Ալիմ Գասիմովը վերադարձել է ակունքներին, թեեւ մարդկանց թվում է, թե դա նորարարություն է»: Արվեստագետը նշում է նաեւ, որ իսկական արվեստի ստեղծագործությունը ժամանակ ու տարածություն չի ճանաչում. «Ես կարծում եմ, որ 15-16 դդ. ստեղծված Թավրիզյան մանրանկարները մինչ օրս արդիական են մնում, քանի որ այսօր էլ մարդիկ դրանց կարիքն ունեն»: 20-րդ դարի կեսերին ձեւավորված վերացական արվեստի տարբեր բնագավառների ներկայացուցիչներն արդիականությունը դիտում են որոշ չափով որպես ձեւախախտում, պայմանականություն, վերացական պատկերացում: Արվեստագետը համամիտ չէ այդ կարծիքին: «Կերպարվեստի հիմքերին անտեղյակ մարդիկ հաճախ փորձում են իրենց ուժերը վերացական արվեստում: Բայց մենք տեսնում ենք, որ Պիկասոյի նման մեծ նկարիչը սկզբում տիրապետել է արվեստի ավանդական հմտություններին, այնուհետեւ զարմացրել բոլորին նոր ուղղվածության ստեղծագործություններով»:

Արվեստը զարմանքից է ծնվում

Արվեստագետն ասում է, որ երբեմն նկարիչներն իրենց ստեղծագործություններում ստիպված են լինում նահանջել գաղափարախոսության առջեւ: Սակայն այդպիսի ստեղծագործություններում եւս այլ տեսակետ է նկատելի: «Օրինակ, Սատար Բախլուլզադեն նույնպես բամբակի արտեր էր նկարում, բայց դրանց բոլորովին այլ տեսանկյունից էր նայում: Իրականում արվեստը զարմանքից է ծնվում: Երբ նկարիչը դադարում է զարմանալ, ավարտվում է նաեւ նրա արվեստը: Իմ կարծիքով, արվեստի արդիականությունը ոչ թե ձեւախախտումն է, այլ ստեղծագործությունը լցնող էներգիայի, նրա գեղարվեստական, գեղագիտական արժեքի հանդեպ հետաքրքրության պահպանումն առ այսօր»: Զ. Ալիեւն ասում է, որ Եվրոպայում արդեն ձեւավորվել է արվեստի այնպիսի տեսակ, որը վրձին չի պահանջում: Վերաստեղծվել է հայեցակարգային արվեստը, որն իրերն ու արտադրական ապրանքները որոշակի ձեւով է ներկայացնում: «Ադրբեջանում նույնպես գոյություն ունի հայեցակարգային արվեստ: Անցյալ տարի Վենետիկում Կերպարվեստի 52-րդ միջազգային ցուցահանդեսին հաջողությամբ մասնակցել են նաեւ մեր երիտասարդ նկարիչները: Հայեցակարգային արվեստի դրական կողմն այն է, որ այն իրերի միջոցով է մարդկանց ներկայացնում իրականության ծանրությունը»:

Ժամանակակից արվեստի դրությունը Ադրբեջանում

«Մինչեւ 20-րդ դարի 50-ական թթ. Ադրբեջանում ժամանակակից արվեստի ոլորտում լճացման շրջան էր: Այդ ժամանակաշրջանում Միրջավադ Միրջավադովն առաջին նկարիչն էր, ով փորձեց իր ստեղծագործություններում խուսափել սոցիալիստական գաղափարախոսության մոտիվներից եւ նոր ուղով գնալ: Նրան հետեւեց նաեւ նրա եղբայր Թոֆիգ Ջավադովը: Մեր նկարիչները, օրինակ՝ Գորխմազ Էֆենդիեւը, Աշրաֆ Մուբարիզօղլին արդիականություն ներմուծեցին արվեստի մեջ: Այնուհետեւ ձեւավորվեց նոր արվեստի ապշերոնյան դպրոցը»: Արվեստագետի կարծիքով, նկարչության հետ համեմատած` քանդակագործության մեջ արդիականությունն ավելի թույլ է արտահայտվում: Այդ ուղղությունները կարելի է տեսնել հիմնականում Ֆազիլ Նաջաֆովի, Ֆուադ Բակիխանովի, Համլետ Մուսաեւի գործերում: Ինչ վերաբերում է ադրբեջանական ճարտարապետությանը, արվեստագետի կարծիքով, այդ ոլորտի զարգացումը շատ քաոսային է տեղի ունենում. «Կարծես թե ինտերնետային ճարտարապետություն է զարգանում: Ժամանակակից ուղղությունները ես ավելի շատ տեսնում եմ նկարչության եւ գծանկարչության մեջ: Անկախության ժամանակաշրջանի կերպարվեստի առանձնահատկությունն այն է, որ մենք իսկապես իրադարձություն դարձող ստեղծագործություններ չենք տեսնում: Կինոյի եւ թատրոնի բնագավառում ներուժ կա: «Մոլոդյոժի», «Յուխ» թատրոններում կարելի է արդիականություն տեսնել, ընդ որում` ազգային համադրությամբ»: Զ. Ալիեւի կարծիքով, Ադրբեջանում բավարար թվով ժամանակակից արվեստի կենտրոններ կան: «Գործում է Բաքվի արվեստի կենտրոնը: Վերջերս բացվել է «Ժամանակակից արվեստի կենտրոն» կոչվող մասնավոր պատկերասրահը: Մուղամի եւ ջազի կենտրոնների առկայությունը վկայում է այն մասին, որ արվեստի հանդեպ ուշադրությունն աճել է»:

Արդիականությունը ոչ թե ձեւ է, այլ էություն

Կինոսցենարիստ, ռեժիսոր Ռամիզ Ֆատալիեւն ասում է, որ ժամանակակից արվեստը ոչ թե ձեւ է, այլ` էություն: «Արվեստի տարբեր տեսակների ներկայացուցիչներից ոմանք, ստեղծելով արտասովոր գործեր, արդեն կարծում են, թե ժամանակակից ինչ-որ բան են արել արվեստում: Բայց դա այդպես չէ: Ժամանակակից արվեստն առաջին հերթին գաղափար է հանդիսանում: Վերածննդի ժամանակաշրջանի Եվրոպայի արվեստագետների արդիականությունը կայանում էր նրանում, որ նրանք նորարարություն բերեցին արվեստի մեջ: Անցյալ դարում ստեղծված Կազիմիր Մալեւիչի «Սեւ քառակուսին» միլիոններ արժե, թեեւ նկարը բաղկացած է հասարակ մի քառակուսուց: Նույնիսկ, եթե հարյուրավոր նկարիչներ նրանից հետո նման մի բան նկարեն, նրանք հռչակավոր չեն դառնա, քանի որ Մալեւիչն առաջինն է այդպիսի նկար պատկերելու մտահղացում ունեցել: Հաջորդները պարզապես կկրկնեն նրան»:

Կերպարվեստ, թատրոն, կինո

Ռ. Ֆատալիեւն ասում է, որ Ադրբեջանում արդիականությունն ամենից շատ երեւում է կերպարվեստում: «Օրինակ, Նազիմ Բայկիշիեւի, Ֆարհադ Խալիլովի որոշ նկարներ շատ արդիական են: Ցավոք, Ադրբեջանում այսօր ժամանակակից թատերագիր չկա, որի ստեղծագործությունները կարելի էր բեմադրել թատրոններում: Կա ժամանակակից ռեժիսոր` Ազեր Փաշա Նեմատով, բայց նա շատ քիչ է աշխատում»:

Ռ. Ֆատալիեւը նշում է, որ նախկինում ֆիլմերը նկարահանում էին նույն ռեժիսորները. «Կարծես թե այլընտրանք չկար: Բայց այսօր Արվեստի նախարարության աջակցությամբ երիտասարդ ռեժիսորները կարճամետրաժ ֆիլմեր են նկարահանում, եւ դա մեծ նվաճում է: Գուցե այդ ֆիլմերը լիովին չեն համապատասխանում չափանիշներին, բայց այդ գործընթացն օգնում է երիտասարդ տաղանդավոր մարդկանց արտահայտվել»: Ռ. Ֆատալիեւի կարծիքով, երկրում ամենամեծ թվով ժամանակակից ներկայացումներ են բեմադրվում «Ունս» թատրոնում: «Ազեր Փաշա Նեմատովի «Զաֆար» թատերական արվեստի դպրոցը նույնպես առանձնանում է իր արդիականությամբ: Այդ շարքում կարելի է նշել նաեւ Ալեքպեր Թագիզադեի «Pro-Cent» պրոդյուսերական կենտրոնը եւ «Յուխե» թատրոնը, այդքանը: Մյուս թատրոններում, իմ կարծիքով, լճացում է տիրում»:

Սաբինա ՎԱԳԻՖԳԶԻ
Բաքու, «Ազատություն» ռ/կ թղթակից