Երբ 2007թ. աշնանը կոնսերվատորիայի ուսանող, սիրահարված Տարոն Գասպարյանը իր զգացմունքների մասին պատմեց սիրելիին` նրա սիրո խոստովանությանն ականատես եղավ ոչ միայն սիրելին, այլ նաեւ աղջկա հարեւանները: «Ցանկանում էի յուրահատուկ քայլ կատարել, առանձնահատուկ մի բան ու որոշեցի սերենադ նվիրել: Շատ դժվար էր կազմակերպելը, բայց երաժիշտ ընկերներս օգնեցին: Աղջկա շենքի բակում «Երեւանի սիրուն աղջիկը» կատարեցինք: Անակնկալը հաջողված էր»,- ժպտալով հիշում է Տարոնը, ով այն ժամանակ դեռ չէր էլ պատկերացնում, որ սիրո այդ խոստովանությունը կդառնա բիզնես: Մի տարի անց 22-ամյա կլարնետահարը, համոզված, որ սիրելիին սերենադ նվիրելու ցանկություն շատերը կունենան, 2008-ի օգոստոսին հիմնեց երաժշտական ծառայություններ մատուցող «Գիտությունով կչալե» ՍՊԸ-ն: «Անվանումը «Եռանկյունի» ֆիլմից է: Դրվագ կա, ուր ջութակահար երեխային խնդրում են մի եղանակ նվագել, վերջինս էլ պատասխանում է, թե ինքը նոտաներով է նվագում, ոչ թե եղանակով, ասել է թե` «գիտությունով կչալե»: Մեզ մոտ էլ բոլորը մասնագետ երաժիշտներ են` Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողներ ու դասախոսներ»,- իրենց յուրահատուկ կազմակերպության կարեւոր հատկանիշն է ներկայացնում Տարոնը:
Մեքսիկական հանդերձներով եւ կիթառներով երաժիշտների հայտնվելը Երեւանի եւ մարզերի շենքերի բակերում նորություն է Հայաստանում, որը դրական արձագանքներ է ունենում: Երեւույթը լավ են ընդունում ոչ միայն նրանք, ում համար պատվիրված է սերենադը, այլեւ ամբողջ ընթացքին գլխավոր հերոսի կամ հերոսուհու հետ հետեւող հարեւանները: Նրանց գոհունակությունն արտահայտվում է սերենադի վերջում հնչող ծափողջույններով: «Սերենադն իտալական արմատներ ունի, այն երաժշտական ստեղծագործություն է, որ կատարվում է սիրած անձնավորության համար` հիմնականում նրա պատուհանի տակ: Սերենադային ստեղծագործություններ գրել են շատ հայտնի կոմպոզիտորներ, օրինակ՝ Չայկովսկին` «Սերենադ լարայինների համար» եւ այլք,- ասում է կազմակերպության տնօրենը:- Մեր նպատակն էլ բարձրաճաշակ երաժշտություն մատուցելն է»: Տարոնն անհանգստացած է հանգամանքով, որ դասական, ջազ եւ ժողովրդական երաժշտություն Հայաստանում շատ քիչ վայրերում կարելի է ունկնդրել, միայն Օպերայում, Ֆիլհարմոնիայում եւ Կոնսերվատորիայում, իսկ փոխարենը համատարած ռաբիս երաժշտություն է հնչում, «Գիտությամբ կչալեն» նման երաժշտության պատվերներ չի ընդունում: «Շենքերի բակում դասական, քաղաքային ֆոլկ երաժշտություն ենք նվագում: Անգամ ռաբիս լսող երիտասարդը հանուն սիրելի աղջկա դասական երաժշտություն է պատվիրում, եւ սերենադը խթան է հանդիսանում բարձրարժեք երաժշտության տարածման: Հնարավոր չէ, որ կյանքում մեկ անգամ սիրահարված անձնավորությունը սերենադին դեմ լինի»,- ասում է Տարոնը: Նա ուրախությամբ է նշում, որ կազմակերպության մատուցած ծառայությունների պահանջարկը վերջին ամիսներին մեծացել է:
Սերենադներ պատվիրում են հիմնականում տղաները, 1 անգամ սիրած տղայի ծննդյան օրվա առթիվ աղջիկն է սերենադ նվիրել: Հիսունն անց պատվիրատուներ էլ են ունենում, օրինակ, երբ ամուսինը ցանկանում է հաճելի անակնկալ մատուցել կնոջը կամ հաշտվել նրա հետ, պատահել է` թոռները երաժշտություն են պատվիրել տատիկ-պապիկի ոսկե հարսանիքին, նոր հայրիկ դարձած մի տղամարդ էլ հենց ծննդատան բակում է կնոջ համար սերենադ հնչեցրել: Շուտով Անիի ընկերոջ ծննդյան տարեդարձն է: Ռոք երաժշտություն եւ Կասկադում ընկերոջ հետ հանգիստը վայելել սիրող Անին փնտրտուքների մեջ է: Նա մտածում է, որ այդպես էլ չի կարող ընկերոջ մատուցած անակնկալին համարժեք մի բան հնարել:
«Վերջերս Արմենն ինձ սերենադ նվիրեց, աննկարագրելի հաճելի երեւույթ էր, երեւի ես էլ նույն կերպ վարվեմ, բայց դեռ չեմ որոշել` սերենադի ժամանակ կկանգնե՞մ երաժիշտների կողքին, թե՝՞ոչ»,- ասում է Անին: Բացի սերենադից, «Գիտությամբ կչալե» ընկերությունը երաժշտական այլ ծառայություններ էլ է մատուցում հավաքույթների, օդանավակայանում հյուրեր դիմավորելու ժամանակ:
«Համագործակցում ենք կոնսերվատորիայի բարձրակարգ երաժիշտների հետ, ունենք դասական, ջազային խմբեր, կվարտետ, կվինտետ, տրիո, նույնիսկ 30 հոգանոց փողային նվագախումբ,- ասում է տնօրենը,- ծառայությունների սակագները տարբեր են»: Սերենադը տեւում է 10 րոպե, արժեքը սկսվում է 15.000 դրամից (մոտ 40 դոլար): Պատվիրատուն է որոշում, թե քանի հոգի գնա երգելու եւ ինչ երգեն, ցանկության դեպքում երաժիշտները «դեպքի վայր» են մեկնում հին «Պոբեդա» մակնիշի ավտոմեքենաներով: Պատվիրվող երգերը սիրված եւ տարածված քաղաքային ֆոլկլորից են` «Երեւանի սիրուն աղջիկ», «Ով սիրուն, սիրուն», «Ծաղիկներ»… Տարոնն ասում է, սակայն, որ որոշ դեպքերում նաեւ անվճար են պատրաստ նվագել. «Մի անգամ մի տղա դիմեց մեզ, պատմեց իր սիրո պատմությունը, շատ էր սիրում ընկերուհուն, բայց նրա ունեցած գումարը բավարար չէր սերենադ պատվիրելու համար: Անվճար ուղարկեցինք»:
Լիլիթ ԲԱԲԱՅԱՆ
Երեւան, «Պրեստիժ» ամսագրի թղթակից, մասնակցում է IWPR-ի «Հարեւաններ» նախագծին