Գեղեցկությունը զոհեր է պահանջում

18/06/2009

Գռեհիկ եւ որոշ չափով անբարո երեւույթից դաջվածքները դարձել են գեղեցկության արվեստ: Ադրբեջանում դրանց արդեն միանշանակ վատ չեն վերաբերվում, ինչպես նախկինում, բայց եւ ոչ միանշանակ դրական, ինչպես արտասահմանում: Դեռ բոլորովին վերջերս Բաքվում բոլորը խեթ-խեթ էին նայում դաջվածք ունեցող մարդուն: Իսկ այսօր Բաքվի դաջվածքների նորաձեւ սրահները բազմաթիվ հաճախորդներ ունեն: Դաջվածքների սրահի 24-ամյա վարպետ Զինաիդա Պասկոյի խոսքով, օրեցօր աճում է այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են դաջվածք անել: «Ընդ որում, աղջիկները կազմում են հաճախորդների մոտ 40 տոկոսը,- պատմում է Զինան:- Տարբեր տարիքի ամենատարբեր մարդիկ են գալիս մեզ մոտ, որպեսզի մարմնի վրա դաջվածք անեն: Մեր սրահի գոյության եւ այստեղ իմ աշխատելու երկու տարիների ընթացքում հետաքրքրությունն այս արվեստի հանդեպ աճել է»: Եթե նախկինում Ադրբեջանում դաջվածքով իրենց զարդարում էին գերազանցապես նախկին բանտարկյալները կամ ինչ-որ փակ ակումբների անդամները, ապա այսօր դաջվածքներ են անում հասարակության գրեթե բոլոր խավերի ներկայացուցիչները: Դաջվածքների սրահում գործող միակ սահմանափակումը հետեւյալն է` հաճախորդը պետք է 18 տարեկանից բարձր լինի: «Մեզ մոտ բավական տարբեր մարդիկ են գալիս,- ասում է Զինաիդան:- Նրանց թվում կարող են լինել եւ՛ մայրաքաղաքի ունեւոր բնակիչներ, եւ՛ վերջերս քաղաք եկած գավառականներ»: «Մեր մտածելակերպը դեռեւս լիովին պատրաստ չէ ընկալել դաջվածքները որպես արվեստ, բայց չնայած դրան` հասարակությունը սկսել է շատ ավելի լավ ընդունել նման նորարարությունները»,- նշում է վարպետը: Բացի սովորական դաջվածքներից, որոնք կատարվում են հայտնի մեթոդով` հատուկ սարքավորման օգնությամբ մաշկի տակ տարբեր գունանյութեր են ներարկվում, վաղուց արդեն տարածում է գտել այսպես կոչված «տատուաժը»: Դա զուտ կոսմետիկ բնույթ կրող գործողություն է, որը մարմնի վրա նկար չի պատկերում, այլ պարզապես «ընդգծում է» դիմագծերը (մասնավորապես, շուրթերը եւ հոնքերը): Տարածված է նաեւ ավելի «մեղմ» ազդեցություն ունեցող հինայով մաշկի վրա արվող պատկերը: «Դաջվածքը կատարվում է արտասահմանյանին չզիջող բարձրակարգ մասնագիտական սարքավորման միջոցով, բացարձակ մանրէազերծման պայմաններում, անհատական ասեղների եւ բնական գունանյութերի կիրառմամբ»,- վստահեցնում է սրահի տնօրեն Կյազիմը: Դա թանկ հաճույք է, բացի դրանից, առաջին օրերի ընթացքում դաջվածքը որոշակի խնամք է պահանջում, եւ հաճախորդներին անպայման տեղյակ են պահում դրա մասին: Այսպիսով, այս գործողությունը ստիպում է մայրաքաղաքի պճնամոլներին ամենայն պատասխանատվությամբ դրան մոտենալ: Որպես մեր հասարակությունում համեմատաբար վերջերս տարածում գտած երեւույթ` դաջվածքների մեծամասնությունն ինքնին որեւէ խորհրդանշական իմաստ չի կրում: «Մենք հաճախորդներ ենք ունենում, որ ընդհանրապես անտարբեր են նկարի նկատմամբ, միայն թե դաջվածք լինի»,- ասում է Զինան: Ինչեւէ, կանայք բավական զուսպ են թե՛ դաջվածքի բնույթի ու ձեւաչափի, թե՛ նրա գտնվելու վայրի հարցում. նրանք գերադասում են դաջվածք անել հիմնականում մարմնի քիչ նկատելի մասերում: Տղամարդիկ ավելի համարձակ են. երբեմն հաճախորդները պահանջում են ամբողջ մեջքին ծավալուն նկար պատկերել, երբեմն նաեւ պակաս բծախնդիր են նկարի ընտրության հարցում: Սա հիմնականում վերաբերում է գավառների բնակիչներին, ովքեր շտապում են հաղորդակից դառնալ «քաղաքային» առանձնահատկություններին: Նման դեպքերում վարպետներն իրենց պարտքն են համարում ուղղորդել հաճախորդին եւ օգնել նրան համապատասխան նկար ընտրել հարուստ տվյալների բազայից: Մյուսներն, ընդհակառակը, գալիս են հատուկ նկար` կենդանակերպի նշան, ծաղկազարդ, դաջելու նպատակով: Տղամարդիկ նախընտրում են պատկերել դիցաբանական հրեշներ կամ «տրայբլներ»` գեղարվեստական գրություններ: 30-ամյա Վլադան դաջվածք է արել մոտ հինգ տարի առաջ: Ե՛վ չափերով, եւ՛ գույներով համեստ նրա դաջվածքը` աչքի շուրջ փաթաթված օձի տեսքով, պարզապես առաջին դուր եկած պատկերն էր կատալոգից: Նրա խոսքով, որոշումն ինքնաբերաբար կայացվեց, այդուհանդերձ, դաջվածքի համար ընտրվեց քիչ նկատելի գոտկատեղը: «Ընկերներս ու ծանոթներս նորմալ ընդունեցին իմ կերպարի այդ նոր տարրը,- ասում է Վլադան:- Պետք չէ մոռանալ, որ մենք ապրում ենք Ադրբեջանում, որի մտածելակերպը դեռեւս պատրաստ չէ նման նորարարություններին»: Օրինակ` ընտրության այս համեստությունը մեր «դաջվողների» հիմնական տարբերությունն է օտարերկրացիներից: «Մեդիլազ» կենտրոնի կոսմետոլոգ Գյուլշան Մամեդովան նույնպես նշում է, որ ի տարբերություն մեզ, Արեւմուտքում մարդիկ ավելի ազատամիտ են դաջվածքի տեղի եւ բուն նկարի ընտրության հարցում: «Ինչ վերաբերում է այդ գործողության տեխնոլոգիային եւ անվտանգությանը, ապա Ադրբեջանի եւ Արեւմուտքի միջեւ որեւէ առանձնահատուկ տարբերություն չկա,- ասում է նա:- Թեեւ, կարծում եմ, յուրաքանչյուր մարդ պետք է պատասխանատվությամբ մոտենա դաջվածքին, քանի որ դաջվածքների նկատմամբ այս համատարած հետաքրքրությունը հաճախ պարզապես տուրք է նորաձեւությանը»: «Չնայած շատ վարպետների խոսքերին, ժամանակավոր դաջվածքներ չեն լինում,- հավելում է Զինաիդան:- Դաջվածքի հեռացումը բարդ, տհաճ եւ թանկարժեք գործընթաց է»: «Իմ կարծիքով, դաջվածքներ անող մարդիկ հիմնականում երեք խմբի են բաժանվում,- մեկնաբանում է հոգեբան Նատալյա Ցեյտլինան:- Առաջինը, այսպես կոչված, «հրապարակային» մարդիկ են, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ում համար դաջվածքն իրենց կերպարի մի մասն է: Սովորաբար նրանք գիտակցում են, որ տվյալ պարագան ծառայում է իրենց կերպարի պահպանմանը, եւ այդքան կուրորեն չեն հետեւում նորաձեւությանը: Ժամանակավոր դաջվածք, ավելի ճիշտ` նրա հմուտ նմանակը նկարի տեսքով` ահա այն ամենը, ինչ նրանք կարող են իրենց թույլ տալ»: «Մյուս խումբը ներկայացնում են կրոնական բնույթի տարբեր դավանանքների ներկայացուցիչները, հինդուիստները, քրմերը, ում համար դաջվածքը որոշակի խորհրդանիշ է կամ նույնիսկ հմայիլ: Երրորդ խումբը կազմում են զանազան ենթամշակույթների եւ սոցիալական խմբերի անդամները, ում համար դաջվածքը «յուրայինների» որոշակի տարբերիչ նշան է: Ինչ վերաբերում է այդ գործողության հոգեբանական դրդապատճառներին, ապա սովորաբար դաջվածքը ինքնարտահայտման որոշակի միջոց է այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում արտահայտվել ուրիշ, ավելի սովորական, բանավոր կերպով: Ընդ որում, ինչ վերաբերում է բուն դաջվածքին, սովորաբար մարդիկ դաջում են այն, ինչից հոգեբանորեն իրենց որոշ չափով զրկված են զգում»: Միեւնույն ժամանակ, ոչ բոլորն են պատրաստ ընդունել այդ տարրն իրենց ծանոթների արտաքինում: Ինտերնետ-նախագծերի համակարգող 24-ամյա Իրադան ասում է, որ բավական լոյալ է վերաբերվում դաջվածքներով մարդկանց, բայց ինքը երբեք չէր համարձակվի այդ քայլին դիմել։ «Գուցե ժամանակավոր դաջվածք անեի,- ավելացնում է նա:- Մեր կյանքը փոխվում է, փոխվում է ճաշակը, նախասիրությունները, կերպարը, կենսակերպը, եւ պահի ազդեցության տակ արված դաջվածքը վաղը կարող է դառնալ ոչ նորաձեւ, ոչ արդիական ու պարզապես անհարմար»: Նրա հետ համամիտ է նաեւ 27-ամյա լրագրող Գյուլզարը. «Դեմ չեմ դաջվածքին` որպես սեզոնային նորաոճ աքսեսուար, բայց ոչ ավելին»: Բայց ոչ բոլորն են այդքան հանդուրժող: Ոչ միայն տարեցների, այլեւ երիտասարդների շրջանում եւս հստակ կարծրատիպեր գոյություն ունեն դաջվածքների վերաբերյալ: 22-ամյա բրոքեր Ֆարիդը կտրականապես դեմ է դաջվածքներին: «Ես պահպանողական եմ եւ դեմ եմ, որ մարդիկ իրենց մաշկի տակ ներկ ներարկեն միայն իրենց զարդարելու համար»: 60-ամյա Գյուլնարա խանումը նույնպես բացասաբար է արտահայտվում մաշկի վրա պատկերվող նկարների մասին: «Ինձ մոտ դրանք բանտային ինչ-որ բանի հետ են ասոցիացվում»,- ասում է նա:

Վաֆա ՄԱՄԵԴՈՎԱ
Բաքու, ՊԽԼԻ աշխատակազմի անդամ