Երեւանի փողոցներում օրեցօր ավելի շատ են հանդիպում արվեստի «քայլող գործերը»` մարդիկ, ովքեր իրենց վրա կրում են տարբեր պատկերներ` Tatoo-ի կամ Body Art-ի տեսքով: Վերջին 10 տարում մարմնի պատկերազարդելու այս ձեւերն ավելի ու ավելի լայն տարածում են գտնում Հայաստանում: «Աշխարհի զարգացած երկրներում տատուն ընդունվում եւ գնահատվում է որպես արվեստ: Մեզ մոտ էլ է այն աստիճանաբար զարգանում»,- ասում է արդեն 10 տարի գործող «Tatoo Art Club»-ի ներկայացուցիչ Գագիկ Մկրտչյանը: «Tatoo Art Club»-ի անդամները Հայաստանում առաջինն են փորձել զարգացնել մարմինը պատկերազարդելու արվեստը: Մարմնի ձեւափոխումը (Body modification) ներառում է մարմնի արվեստը (Body Art), դաջվածքը(Tatoo), դիմահարդարումը (make-up), peercing-ը եւ այլն: Մարմնի պատկերազարդման արվեստի «ամենահին նմուշ» կարելի է համարել «սառույցի միջի մարդուն»` Սիմիլաունին (մ.թ.ա. 3300), որի պահպանված մաշկի վրա հայտնաբերվել են դաջվածքներ: Գագիկն ասում է` Tatoo-ն, լինի ժամանակավոր թե մշտական, խիստ անձնական երեւույթ է. «Տատուն ավելի շատ տեխնիկական բնույթ ունի, սակայն չի նշանակում, որ դա արվեստ չէ: Օրինակ` չինացի, ճապոնացի մասնագետները այն հասցնում են արվեստի մակարդակի` ներկայացնելով մի ամբողջ կյանքի պատմություն»: Եթե Tatoo-ն կամ դաջվածքն ավելի խորհրդանշական են ու ինդիվիդուալ, Body Art-ն ավելի մասսայական է: Արդեն 5 տարի Body Art-ով զբաղվող տեքստիլ մոդելավորող Ջուլի Դաշտոյանը Body Art-ն ավելի շատ է արվեստ համարում, քան Tatoo-ն: «Body Art-ի հիմքում կերպարվեստն է: Նկարողն ինքն է որոշում, թե ինչ է ցանկանում ստանալ` մերկությունը քողարկելով ներկերի ու գույների խաղի տակ: Ես ինքս արել եմ այսպիսի աշխատանքներ` ստեղծելով հրեշտակի, ջրահարսի եւ այլ կերպարներ: Միակ խնդիրն այն է, որ մեր մոդելները շատ կոմպլեքսավորված են եւ թույլ չեն տալիս իրենց մարմինը նկարազարդել, սակայն Body Art-ը կատարյալ է, երբ արվում է ամբողջ մարմնով ու ներկայացվում շարժման մեջ»,- բողոքում է մարդու մարմինը որպես կտավ օգտագործող Ջուլին: «Body Art» կենտրոնի տնօրեն Սիրո Քեջեջյանի համոզմամբ` Հայաստանում մարմնի արվեստը զարգացած չէ եւ պատճառը հայերի մենթալիտետն է: Այդուհանդերձ, նա դրական զարգացումներ տեսնում է. «Հինգ տարի առաջ պատկերն անհամեմատ ավելի վատ էր: Ընդունված չէր, չէին անում, բայց այսօր վերաբերմունքը եթե դրական չէ, բացասական էլ չէ»: Կարո Սահակյանը մարմնի վրա հինգ դաջվածք ունի, որոնք արել է Հունաստանում: Նա վերջերս է տեղափոխվել Հայաստան ու արդեն հասցրել է օգտվել նաեւ հայկական սրահների ծառայություններից: Կարոն կարծում է, որ Հայաստանում Tatoo-ն ու Body Art-ն արվեստ չի կարելի համարել: «Այստեղ հիմնականում դրանով զբաղվում են երիտասարդ ու անփորձ մարդիկ: Դաջում են խաչ, սրբապատկերներ կամ անուններ, որն իրենից արվեստի տեսանկյունից հետաքրքրություն չի ներկայացնում»,- ասում է Կարոն: Այն, որ դաջվածքը Հայաստանում արվեստ չէ, Կարոն բացատրում է նաեւ նրանով, որ դրանց արժեքն այստեղ որոշվում է սանտիմետրերով, իսկ արտասահմանում գինը կախված է պատկերի բարդությունից: «Body Art» սրահում, օրինակ, սեւով արված պատկերի մեկ քառ. սմ-ի արժեքը 600 դրամ է (մոտ 1,6 դոլար), գունավորինը` 800 դրամ (մոտ 2 դոլար), «Tatoo Art Club»-ում դաջված պատկերի մինիմալ արժեքը 10000 դրամ է (մոտ 27 դոլար), նույն գինն է նաեւ գեղեցկության սրահներում: Վերջիններում Body Art-ի մինիմալ արժեքը 3000-10000 դրամ եւ ավելի է (մոտ 8-27 դոլար), սրահներում կամ անհատ մասնագետների մոտ` սկսվում է 15.000 դրամից (մոտ 40 դոլար):
Մասնագիտությամբ բժիշկ Լիլիանա Աբրահամյանը իր մարմնի վրա մի քանի անգամ ունեցել է ժամանակավոր դաջվածքներ, իսկ հիմա որոշել է մշտական պատկեր դրոշմել: «Մինչ այժմ մարմնիս վրա մի քանի հիերոգլիֆներ եմ ունեցել, որ նշանակում էին՝ հավերժություն, երջանկություն եւ այլն: Հիմա ուզում եմ չերեւացող մասում` ազդրիս վրա, թիթեռ դաջել, պարզապես քանի որ ինձ դուր է գալիս: Միակ բանը, որից վախենում եմ` ցավն է, բայց կարծում եմ` կդիմանամ: Հասարակության վերաբերմունքից չեմ վախենում, քանի որ սա միայն իմ գործն է»,- ասում է Լիլիանան: Դաջվածքի կամ մարմնի պատկերազարդման այլ ձեւերին հայ հասարակության ոչ միանշանակ վերաբերմունքին հակադրվելով` ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը հավաստում է, որ մարմինը գեղեցկացնելու արվեստը հայերի համար նոր երեւույթ չէ, եթե անգամ հիմա այս ամենն առանձնապես չի քաջալերվում:
«19-րդ դարի ազգագրական նյութերում (Սրվանձտյանց, Լալայան) մենք հիշատակություններ ենք գտնում այն մասին, որ կանանց արտաքին հարդարանքի միջոցներից մեկն էլ դաջվածքն է եղել: Հայոց մեջ ընդունված է եղել դաջվածքներ անել ձեռքի, ճակատի եւ կրծքի շրջանում»,- նշում է ազգագրագետը: «Դաջվածքի հետագա դրսեւորումներից մեկն էլ խալ անելն էր եւ կապույտ ներկով (ինդիգո) որոշակի պատկերներ ստանալը: Հայերի մեջ սա ոչ միայն գեղեցկության չափանիշ է համարվել, այլեւ ծիսահմայական եւ պաշտպանական նշանակություն է ունեցել: Դրա օրինակն այն է, որ կանանց կրծքի շրջանում դաջվում էին բազմաթիվ կետեր, որպեսզի կաթն առատ լինի, նաեւ՝ որպես արգասաբերության խորհրդանիշ»:
Սվետլանա Պողոսյանը հայ ծեսերի մեջ նաեւ Body Art-ի դրսեւորումներ է գտնում, օրինակ, Բարեկենդանի եւ այլ տոների ժամանակ դեմքի վրա ածուխով ու բուսական ներկերով արված նախշերը: Ազգային պատկերներ այսօր քչերն են ցանկանում ունենալ իրենց մաշկի վրա: Երբեմն միայն հանդիպում են մարդիկ, ովքեր նախընտրում են իրենց վրա դրոշմել նուռ, եկեղեցի, Մասիս սարը կամ Հայաստանի եռագույն դրոշը: Մասնագետները օրիգինալ ցանկություններից նշում են արցունքը՝ թշի, «Նիվա» ավտոմեքենան, արյուն ծծող մոծակը կամ թիթեռն ու ժպտացող արեւը՝ տղամարդու վրա:
Ռուզան ԳԻՇՅԱՆ
Երեւան, Ռադիո «Հայի» թղթակից, մասնակցում է IWPR-ի «Հարեւաններ» նախագծին