Գյուղն ունի 300 հա հողատարածք, որից 150 հա ցորենի դաշտեր են։ Արարատյան դաշտում սկսվել է ցորենի հունձը։
Էջմիածնի շրջանի Դողս գյուղում, որտեղ հունձը շարունակվում է, իսկական
քաոսային իրավիճակ է ստեղծվել։ Գյուղապետ Ազատ Գրիգորյանի գլխավորությամբ
ու ակտիվ դերակատարմամբ, գյուղի սկզբնամասում, նրա սեփական կրպակում
բացվել է մի «մաքսային կետ», որտեղ գյուղացու ցորենը դեռ տուն չհասած,
ստիպողաբար ավտոմեքենայի վրայից կիլոգրամը 80 դրամով վերցնում են՝ որպես
հողի եւ ոռոգման ջրի հարկ։ Սակայն այս գյուղում ավելի կատարելագործված են
պայքարում «մաքսանենգության» դեմ։ Նախ, բոլոր ճանապարհները բերում են
այդտեղ, իսկ կոմբայնավարն իրավունք ունի հնձել միայն այն գյուղացու
ցորենը, ով իրեն կներկայացնի Ազատ Գրիգորյանի ստորագրությամբ ու
գյուղապետարանի կնիքով հաստատված թուղթը։ Խտրականության ու
անբարեխղճության մակարդակը հասել է այն աստիճանի, որ երկու հարեւան
հողակտորներից մեկը հնձվում է, իսկ կողքինը՝ ոչ։ Մինչդեռ Հայաստանի
Հանրապետության Սահմանադրության հոդված 16-ում ասվում է՝ «Բոլորը հավասար
են օրենքի առջեւ եւ առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են
օրենքով»։
Ազատ Գրիգորյանի «խտրականությունը» հասել է այն աստիճանի, որ իր ապօրինի
գործողություններին, ինչպես ինքն էր ժպտալով ասում՝ իրենց ստեղծած
օրենքներով, տալիս է իրավաբանական ուժ եւ պաշտոնական ձեւ (գյուղապետարանի
կնիք, գյուղապետի ստորագրություն), ոտնահարելով եւ անտեսելով իրեն
վերապահված լիազորությունների շրջանակը։ Մինչդեռ Սահմանադրության 5-րդ
հոդվածի երկրորդ մասով ամրագրված է, որ «Պետական մարմինները եւ պաշտոնատար
անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար
լիազորված են օրենսդրությամբ»։
Ահա այն գյուղացու վիճակը, որը պետություն պետք է շենացնի։ Երբ մեկ հա
հողը վարելու համար վճարում է 34.000 դրամ, ցորենի սերմացուի համար՝
45.000 դրամ, ցանելու՝ 16.000 դրամ, թունաքիմիկատների՝ 8.000 դրամ,
պարարտանյութի՝ 33.000-45.000 դրամ, ոռոգման՝ 36.000 դրամ, հնձելու՝
16.000-20.000 դրամ, հողի հարկ՝ 5.000-26.000 դրամ։ Այսինքն մեկ հեկտար
ցորեն մշակելու համար գյուղացին ծախսում է մոտ 152.000-230.000 դրամ, բայց
դեռ տուն չհասցրած, բերքը ձեռքից էժան գներով վերցնում են։
Եթե նույն այդ գյուղապետը մտածում է իր համագյուղացիների մասին եւ
աշխատում է հօգուտ նրանց, ապա ոչ թե ուժով նրանց ձեռքից հացը կվերցնի 80
դրամով, այլ թույլ կտա, որ հարկատուն վաճառի բերքը եւ վճարի հարկը։
Ճիշտ նույն պատկերն է նաեւ Էջմիածնի շրջանի Ամբերդ, Արագած, Հովտամեջ
գյուղերում։ Սակայն նույն այդ գյուղապետերն «իրավաբանական ուժ ունեցող,
իրավունք տվող թուղթ» երբեւէ չպարզեցին իրենց գյուղացիներին, որ կարողանան
ջուր «փախցնել» արտը ջրելու համար, իրենց ստացած բերքը իրացնել
կարողանալու համար։ Այս շոգ օրերին ցորենը թափվում է հողի մեջ, հասկերը
ցողունից կոտրվում են, իսկ նրանք ընկել են «բյուրոկրատական» քաշքշուկների
մեջ։
Բայց այստեղ հետաքրքիրն այն է, որ Դողսի գյուղապետ պրն Գրիգորյանը
անհանգստանում էր ոչ թե իր ապօրինի գործողությունների լուսաբանման համար,
այլ այն պատճառով, որ ցորենի պահեստ դարձած իր խանութը չնկարվի եւ նկարը
չհայտնվի թերթի էջերում (նա լավ է հասկացել, որ ժողովուրդը լավ գիտի՝
50.000 դրամ աշխատավարձով ո՛չ ընտանիք կպահի, ո՛չ էլ խանութ կկառուցի, եթե
չկա այլ «եկամուտ»)։ Գյուղապետի նյարդերը տեղի տվեցին նաեւ այն ժամանակ,
երբ փորձ արվեց նկարել այն պահը, երբ գյուղացու ձեռքից վերցնում են
ցորենը։ Նա շատ կոպիտ ու վիրավորական տոնով հրամայեց հեռանալ ու չնկարել
այդ տեսարանը։
Գրիգորյանն աչքի ընկավ նաեւ իր գաղտնապահությամբ՝ տեղական ինքնակառավարման
մարմինների ընտրությունների նախաշեմին գյուղի փողոցների փոսերն է
ասֆալտապատել, սակայն, ինչպես պետական գաղտնիք, չփորձեց նշել գյուղի
բյուջեից այդ գործում ներդրած գումարի չափը։ Նույնիսկ չգիտեր, թե իր
գյուղի բնակիչները որքան գումար են վճարում գազի խողովակները տուն
հասցնելու համար։ Նույն գյուղապետին չի հետաքրքրում նաեւ այն փաստը, որ իր
գյուղի բնակիչները խմելու ջուր չունեն, պատասխանը հեշտ է ու միանշանակ.
– Գնա ֆրանսիացիներից հարցրու, թե ինչու ջուր չեն տալիս, ես ի՞նչ կարող եմ անել։
Իրավիճակն այնքան է շիկացել, որ գյուղացիները գերադասում են ցորենը թողնել
առանց հնձելու, քան ավելորդ ծախսեր կատարելով՝ ձեռնունայն տուն
վերադառնալ։
Այս հարցի առնչությամբ Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը նկատեց.
– Ոչ ոք իրավունք չունի բռնանալ եւ արգելք հանդիսանալ գյուղացու
բերքահավաքի կամ ցորենի հնձման աշխատանքների հետ կապված՝ դա լինի մարզպետ,
թե որեւէ «հզոր» գյուղապետ։ Օրենքով կա սահմանված կարգ, եթե գյուղացին չի
վճարում հարկերը, ապա կարող են այն դատական կարգով բռնագանձել։ Այս
դեպքում պետք է օպերատիվ միջոցառումներ ձեռնարկի Արմավիրի մարզպետը եւ այդ
գյուղապետին հասկացնի, որ իր արարքն անօրինական է, եւ կա օրենքով
սահմանված այլ կարգ, որին պետք է ենթարկվել։