Ինչ է ստոմատիտը

18/06/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքման ամենատարածված տեսակներից է:

Ստոմատիտի առաջացման մեխանիզմը, կարելի է ասել, դեռ ամբողջովին ուսումնասիրված չէ, բայց երեւի թե այն իմունային համակարգի ռեակցիան է որոշ գրգռիչների հանդեպ:

Ուսումնասիրվել են մի քանի գործոններ, որոնք կարող են խթան հանդիսանալ այս հիվանդության առաջացման համար: Դրանցից մեկն ատամի մածուկներն են, որոնք իրենց մեջ պարունակում են նատրիումի լաուրիլային սուլֆատ (խհծ): Հաճախ այս նյութն արտադրողների կողմից մածուկի մեջ է ներմուծվում առատ փրփուր առաջացնելու համար, ինչը կարող է առաջացնել ստոմատիտի իսկական պոռթկումներ: Մի քանի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն պացիենտները, ովքեր օգտագործում են ատամի մածուկ առանց խհծ-ի պարունակության, ավելի ուշ են հիվանդանում ստոմատիտով:

Ստոմատիտի առաջացմանը կարող է նպաստել նաեւ մեխանիկական վնասվածքը: Պացիենտներից շատերն են մտաբերում, որ պատահաբար կծել կամ ատամի սուր մասով վնասել են լեզուն: Պատահել է, որ կոշտ սննդատեսակի պատճառով բերանի մեջ ինչ-որ մի հատված հարվել է (չորահաց, չիպս եւ այլն): Սովորաբար նման վնասվածքն անհետանում է 2 օրվա ընթացքում: Բայց երբեմն կարող են լինել բարդություններ ու վերածվել ստոմատիտի:

Էմոցիոնալ ու հոգեբանական սթրեսները եւս կարող են ստոմատիտի պատճառ դառնալ: Ստոմատիտով հաճախակի հիվանդացողներից շատերն են խոստովանում, որ գրեթե միշտ հիվանդությունն ուղեկցվում է սթրեսային վիճակների հետ: Ստոմատիտը կարող է առաջանալ նաեւ Բ խմբի վիտամինների ու ցինկի, ֆոլաթթվի, երկաթի պակասից: Ալերգիան ու բարձր զգայունությունը կարող են ստոմատիտի առաջացման պրովոկացիա հանդիսանալ: Այս հիվանդության առաջացման հարցում ոչ պակաս դեր ունեն հորմոնալ փոփոխություններն ու ժառանգականությունը: Օրինակ, որոշ կանանց մոտ ստոմատիտ առաջանում է դաշտանային ցիկլի օրերին կամ հղիության ժամանակ: Շատերի մոտ էլ ժառանգական նախատրամադրվածություն կա դեպի այս հիվանդությունը:

Գոյություն ունեն ստոմատիտի մի քանի տեսակներ, որոնցից ամենատարածվածը կատարալ ստոմատիտն է: Սովորաբար այն առաջանում է ատամները լավ չմաքրելու հետեւանքով, կարիեսից, բերանի խոռոչի միկրոֆլորայի խանգարումներից: Մինչեւ վերջ չբուժված կատարալ ստոմատիտը կարող է վերածվել խոցային ստոմատիտի: Եթե առաջինի դեպքում խնդիրներ ծագում են միայն բերանի խոռոչում, ապա այս դեպքում առաջանում են խոցեր, որոնք ավելի խորն են ու ցավոտ:

Ժողովրդական մի քանի միջոց ստոմատիտի դեմ.Առաջին հերթին ստոմատիտի առաջացման դեպքում, ուտելուց հետո օրվա մեջ մի քանի անգամ տաք ջրով պետք է ողողել բերանը: Բերանի խոռոչի լորձաթաղանթի ցավը հանգստացնելու համար կարելի է ողողել ջրածնային պերեկիսի լուծույթով` 1 թեյի գդալին 0,5 բաժակ ջրի հարաբերությամբ:

Ստոմատիտի դեպքում կարելի է ծամել, բայց կուլ չտալ ալոէի տերեւ:

Կարելի է նաեւ 3 պճեղ սխտորը քերիչով անցկացնել, խառնել 2 գդալ յոգուրտի հետ, ապա այս խառնուրդը լցնել բերանի մեջ ու պահել: Լեզվի օգնությամբ պետք է տարածել այն բերանի մեջ` ուշադրություն չդարձնելով թեթեւ այրոցին: Այս պրոցեդուրան կարելի է կրկնել մի քանի օր:

Ստոմատիտի բուժման համար լավ միջոց է գազարի հյութով ողողումը: Կարելի է ողողել օրը 3 անգամ, իսկ հյութին 1:1 հարաբերությամբ ավելացնել ջուր:

Ստոմատիտին շատ լավ օգնում են նաեւ չիչխանի տերեւների եփուկով ողողումները: Չիչխանի մանրացրած տերեւներից 1 ճաշի գդալ եփել 1 բաժակ ջրով` մարմանդ կրակի վրա, 10 րոպե: Ապա քամել ու եփուկով 1 շաբաթ շարունակ, օրը 6 անգամ ողողել բերանը:

Երեխաների դեպքում կարելի է վերցնել 1 թեյի գդալ մեղր, 1 թեյի գդալ արեւածաղկի ձեթ, 1 հատ 0,5 տոկոսանոց նովոկաինի լուծույթ ու ձվի սպիտակուց: Այս ամենը լավ խառնել ու ստացված խառնուրդը լավ քսել բերանի մեջ: