Հանճարը
Մի անգամ, սառցապատ մի գիշեր, Վենցելը` հանճարը, կանգնած էր փողոցում բարակ, բարալիկ, բարակիկ հագուստով եւ մուրում էր անցորդներից: Տիկնայք եւ պարոնայք մտածում էին, Աստված իմ, չէ՞ որ նա հանճար է, նա կարող է իրեն նման բան թույլ տալ: Հանճարն այդքան հեշտ հարբուխով չի վարակվում, ինչպես, ասենք, հասարակ մահկանացուները: Վենցելը գիշերում էր Թագավորական պալատի սյունասրահում, եւ տես, որ չի մրսել: Հանճարները միանգամից չեն մրսում, եթե նույնիսկ շատ ցուրտ է: Առավոտյան նա հրահանգեց իր մասին զեկուցել թագավորի երիտասարդ եւ հիասքանչ աղջկան, նրա հագին նույն բաներն էին, ինչ նախկինում: Դրանցով նա խղճուկ տեսք ուներ, բայց ծառաները մտա-գետնաթավալ էին լինում, փսփսալով` հանճար է, տղերք, հանճար, իսկ հետո Վենցելի մասին զեկուցեցին տիրուհուն, եւ նա զվարթ մտավ նրա հարկաբաժինը: Վենցելը նույնիսկ չխոնարհվեց արքայադստեր առաջ, քանի որ, ինքներդ գիտեք, հանճարին դա պատշաճ չէ: Իսկ արքայադուստրը իր հոգու վեհության հանդեպ ակնածանքով լցված խոնարհվեց հանճարի առջեւ, ես նկատի ունեմ` պատանի Վենցելի առջեւ, եւ նրան երկարեց ձյունաճերմակ ձեռքը վայելչագեղ համբույրի համար, իսկ հետո տեղեկացավ, թե ինչ է պետք նրան: «Ուտել եմ ուզում»,- պատասխանեց անտաշը, եւ այդուհանդերձ՝ անարձագանք չմնաց, քանի որ, հենց նույն պահին, տիրուհու ձեռքի հրամայական շարժմամբ մատուցվեց հիանալի մի նախաճաշ եւ պորտվեյն, ամեն ինչը արծաթե ափսեներով եւ բյուրեղապակյա գավերով` ոսկյա սկուտեղի վրա: Ուտելիքները տեսնելով՝ հանճարը քմծիծաղեց, քանի որ, ինքներդ դատեք, հանճարներին կարելի է եւ քմծիծաղել: Արքայադուստրը բարեհամբույր էր, ուտում էր Վենցելի հետ, ով իր հանճարեղ էությանը համապատասխան նույնիսկ քիչ թե շատ պատշաճ փողկապ չէր կապել, հարցուփորձում էր նրա ստեղծագործությունների մասին եւ նույնիսկ նրա կենացը խմեց, եւ այդ ամենը նրան շատ բնորոշ անմեղ նազանքով: Հանճարն առաջին անգամ իրեն լիովին երջանիկ էր զգում իր ցաքուրիվ եղած կյանքի ընթացքում, քանզի, արի ու տես, նույնիսկ հանճարներին խորթ չէ այդ մարդկային հատկությունը` երջանիկ լինելը: Այդ ամենից զատ, սեղանաճառ ասելիս, Վենցելը հայտարարեց, որ տրամադրված է վաղը կամ վաղը չէ մյուս օրը կործանել աշխարհը: Արքայադուստրը, ում հասկանալիորեն համակել էր սարսափը, երկյուղած եւ վայելչահունչ ճղղալով սենյակներից դուրս թռավ, հանց տագնապած սոխակ, հանճարին թողնելով իր հանճարեղության հետ, եւ այդ ամենի մասին պատմեց հորը, երկրի պարոն արքայորդի-ռեգենտին: Իսկ վերջինս խնդրեց Վենցելին, հնարավորինս արագ, անհապաղ, դուրս կորչել, ինչը որ կատարվեց: Եվ հիմա հանճարը դարձյալ դարբասատակում է, եւ ուտելու բան չունի, բայց ամենքը դա ներում են նրան, այդ մռայլ հանճարին, իսկ նա չգիտի, թե հոգսերից ոնց ազատվի: Այդ վիճակում նրան օգնության է գալիս մի արագահաս հանճարեղ միտք (բոլոր հանճարեղ մտքերը չափազանց արագաշարժ են): Նա ձյունատեղում է կազմակերպում, ընդ որում՝ այնքան երկարատեւ եւ ուժգին, որ շատ կարճ ժամանակ անց ողջ աշխարհը ձյան տակ թաղված է լինում: Նա, հանճարը, ընկողմանում է ձյունասառույցի կեղեւի վրա, ամենավերեւում, եւ ոչ գեշ մի միտք է փայփայում առ այն, որ ամբողջ աշխարհը թաղված պառկած է իր տակ: Նա ինքն իրեն ասում է` սա չարչրկող հուշերի աշխարհ է: Նա կրկնում է այդ մինչեւ այն պահը, երբ հանկարծ նկատում է, որ սով է քաշում` ինչպես լավ երկրային ուտելիքի (այնպիսին, ինչպիսին լինում է «Կոնտինենտալ» հոթելում), այնպես էլ` մարդկային վատ վերաբերմունքի: Արեգակն էլ այնտեղ վերեւում առանձնապես չի ուրախացնում, որովհետեւ արեւի տակ մեն-մենակ նստելը` հըմ` նա սառը դող է զգում: Մի խոսքով, նա ձնհալք է կազմակերպում: Այդ ընթացքում աշխարհում ինչ-որ բան հասցրել էր փոխվել` կազմավորվել էր մարդկանց նոր, թարմ լվացված սերունդ, որ հարգանքով էր համակված ամենայն գերմարդկայինի հանդեպ: Դա մխիթարում է Վենցելին այնքան ժամանակ, մինչեւ նորից չի ձանձրացնում: Նա վշտանում է եւ նրա հոգոցները համընդհանուր ճանաչման են հասնում: Նրան կամենում են օգնել, համոզում են այն բանում, որ նա, այսպես կոչված, մարդկության հանճարն է կամ դրա մարմնավորումն ու անձնավորումը: Բայց այդ ամենն ապարդյուն է, քանի որ հանճարին օգնել չես կարող:
Աշխարհը
Երբ ծեր պարոն Ցերլեդերը մի երեկո տուն դարձավ չափազանց ուշ, նրա պարոն թոկից փախած տղան նրա ծնկից վեր բռնեց ու մի լավ ջարդ տվեց: «Հետագայում,- ասաց որդին հորը,- ես քեզ ընդհանրապես տան բանալի չեմ տա, հասկանալի՞ է»: Մենք չգիտենք, արդյոք հայրը հասկացա՞վ դա առաջին անգամից, թե՞ ոչ: Հաջորդ օրը մայրը աղջկանից շառաչուն մի ապտակ ստացավ (ավելի ճիշտ կլիներ ասել` լիաշառաչ) այն բանի համար, որ չափազանց շատ էր պտտվում հայելու առաջ: «Կոկետությունը,- ասաց աղջիկը բարկանալով,- անամոթություն է այսչափ պատկառելի տարիքի համար»: Եվ դժբախտին խոհանոց ուղարկեց: Փողոցում եւ ողջ աշխարհում տեղի էին ունենում հետեւյալ անօրինակ դեպքերը` դարբասատակում աղջիկները կրնկակոխ հետեւում էին երկրպագուներին եւ իրենց առաջարկներով ձանձրացնում էին նրանց: Այդ կերպ հետապնդվող պատանիներից ոմանք տաղտկացուցիչ տիկնանց անպատկառ խոսքերից կարմրում էին: Մի այդպիսի տիկին օրը ցերեկով անթաքույց հարձակում գործեց մի քաղքենու անբիծ համբավով բոլորովին անարատ մի տղայի վրա, ով ճչալով փախուստի դիմեց: Իսկ ես ինքս, առավել շվայտ ու պակաս առաքինի, մի երիտասարդ կնոջ ճանկն ընկա: Ես որոշ ժամանակ թույլատրեցի դրան ինձ կոտրել, սակայն կանխապես սերտած սեթեւեթանքից, եւ դրանով ավելի բորբոքեցի տաքարյուն աղջկան: Բարեբախտաբար, նա ինձ հանգիստ թողեց, ինչը որ ինձ ձեռք էր տալիս, քանի որ ես առավել բարձրաճաշակ կանանց եմ տենչում: Դպրոցական դասարաններում դասատուները յոթերորդ թե ութերորդ անգամ չէին կարողանում սերտել դասախոսությունը, եւ այդ պատճառով նրանց տնային կալանքի էին ենթարկել: Նրանք հեծկլտում էին, քանի որ ուզում էին երեկոն անցկացնել գարեջուր խմելով, կեգլի խաղալով եւ այլ կոպիտ զվարճանքներով: Նրբանցքներում անցորդներն առանց ամոթ զգալու միզում էին պատերի վրա: Պատահաբար կողքով անցնող շները, արդարացիորեն, այդ վարմունքից վրդովվում էին: Ազնվացեղ կինն իր ուսերի վրա տանում էր բարձրաճիտ կոշիկներով ծառային, կարմրաթուշ աղախինը գնում էր բաց կառքով զբոսնելու այդ հողերի տեր հերցոգի հետ: Նա սեթեւեթ ժպտում էր, ցուցադրելով երեք երերուն ատամները: Կառքին լծված էին ուսանողները: Նրանց վայրկյանը մեկ փութաջան մտրակում էին: Փողոցային գողերը վազում էին դատական կատարածուների ետեւից, որ ձերբակալել էին նրանց պանդոկում կամ պոռնկատանը: Ներկայացումը գրավում էր շատ շների ուշադրությունը, որոնց կալանավորները սրնքամսից բերկրալի կծում էին: Հենց այդպես էլ լինում է, երբ դատական կատարածուներն անփութաջան են: Եվ այդ մեղքի ու բարբաջանքի աշխարհի վրա, այսօր, կեսօրից հետո փլվեց երկինքը, առանց աղմուկի, ավելի շուտ, որպես փափուկ խոնավ կտավ, եւ ամեն ինչ մշուշաքողով պատվեց: Ճերմակ հագած հրեշտակները բոկոտն հածում էին քաղաքով մեկ, նրա կամուրջների վրայով եւ արտացոլվում էին շողշողացող ջրերում, թեպետ եւ սնափառ, սակայն նրբագեղությամբ: Մարդկանց առավելագույնս սարսափեցնելու համար մանգաղները օդում թափահարելով, վայրի ճիչերով անցնում էին սեւ ցցամազերով սատանաները: Ընդհանրապես, նրանք իրենց չափազանց անհամեստ էին պահում: Այլեւս ի՞նչ կարող եմ հավելել: Երկինքն ու տարտարոսը ճեմում են ծառուղիներով: Կրպակներում տնօրինում են երանյալները` անիծյալների հետ: Ամենայն ինչ միախառնվել է քաոսում` ճիչերը, ծանակումը, վազքը, իրարանցումն ու գարշահոտությունը: Ի վերջո, այս անարգ աշխարհը շարժեց Աստծո գութը: Նա վերցրեց երկիրը, որը ժամանակին արարել էր մի առավոտ, եւ այն խցկեց պարկը: Առաջին ակնթարթին (Փառք Աստծո, միայն մի ակնթարթ, եւ ոչ ավելին) պարզապես սարսափելի էր։ Օդը քարի պես կարծրացավ, կամ՝ նույնիսկ առավել: Նա կործանեց քաղաքի բոլոր տները, եւ դրանք հարբեցողների պես հենվել էին միմյանց: Լեռները վերուվարում էին իրենց լանջքերը, ծառերը թռչում էին տարածության մեջ, իսկ ինքը՝ տարածությունը, ի վերջո վերածվեց անորոշ դեղնավուն պաղ զանգվածի, որը ոչ սկիզբ ուներ, ոչ վերջ, ոչ չափում, ոչ էլ ինչ-որ այլ բան, այն դարձել էր Ոչինչ: Իսկ ոչ մի բանի մասին խոսելը մեզ անհնար է թվում: Նույնիսկ Տեր Աստված իր կործանման ծարավի վշտից գոլորշիացել էր, այնպես որ, այդ Ոչինչը զուրկ էր նույնիսկ բնավորությունից, որն ունակ լիներ որոշելու կամ երանգ հաղորդելու:
Զբոսանք գետով
Չէի ասի, թե ջուրն ամենուր բյուրեղյա մաքուր էր: Բայց մեզանից ո՞վ կսկսի բնությանը խորհուրդներ տալ: Նա ներկայացնում է իրեն այնպիսին, ինչպիսին կա: Չգիտեմ՝ ինչն է լավ, լողալ լճի՞, թե՞ գետի վրայով, սակայն հազիվ թե իմաստ ունի շատ անհանգստանալ այդպիսի չիմացության առիթով: Նավակի մեջ ինչ-որ քանակությամբ, պարզ է, որ գոհ մարդիկ էին նստած: Նրանց գլխավերեւում լաթե ծածկ էր ձգված, իսկ ճանապարհն ընկած էր ափին կեցած ծառերի ճյուղերի տակով: Դանդաղ էին առաջ գնում, քանզի նրանք, որ թիավարում էին, առանձնապես լարվելու ոչ մի պատճառ չէին տեսնում: Եվ ինչո՞ւ պետք է նրանք այդպիսի պատճառ ունենային: Վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո օրը, ինչպես հայտնի է, երկար է: Երբ զվարճալի զբոսանքի ես ելնում, ոչինչ փութկոտության չի մղում: Որոշ դեպքերում թույլատրելի է եւ ժամանակը վատնելը: Զբոսանքի մասնակիցներից մեկն ուշագրավ համարեց, որ ջուրը թաց է, այլ ոչ թե չոր: Այն տնտղելիս հատիկավոր, ավազանման չէր: Դիպչիր նրան, եւ նա ճկուն օձագալար կլինի մատներիդ շուրջ: Մի կին նրան իր սիրեցյալն անվանեց, եւ իրոք որ` ի՞նչը կարող է ավելի քնքուշ եւ անարատ փաղաքշել քեզ, քան այն, որ իր վրա գոնդոլ է տանում, սակայն իր մակերեւույթի վրա ոչ մի քարեհատիկ չի թողնում: Բազում բույսեր, ներառյալ՝ հիասքանչ բարալիկ խոտերը, նրբին շրջանակի պես զարդարել էին գետափը, որը բյուր ճյուղավորումներ ուներ, ինչպես բնից ու ճյուղերից կազմված ծառը: Ծառը, ավելի ու ավելի նրբանալով, աննկատ անցնում է տերեւների, որոնք ասես ներկայացնում են ծառի շնչառությունն ու մտքերը, ինչպես դա տեղի է ունենում եւ մարդկանց հետ: Որոշակի նմանությունը դադար առածի եւ հոսողի միջեւ ինձ համար ակներեւ դարձավ այս ճամփորդության ժամանակ, որին ես էլ էի մասնակցում, եւ ես ուրախ կլինեի, եթե կարողանայի պատմել նույնքան հետաքրքիր, ինչպես նա, ում խնդրեցին զվարճացնել հավաքվածներին իր երեւակայության պտուղներով, որպեսզի վանեն ձանձրույթի սպառնալիքը: Վերոնշյալը դրա փոխարեն ելավ երկնքի կազմավորած ամպհովանու տակ: Ամենքը ունկ էին դնում Խոսողի բառերին, դրանցում նեցուկ գտնելով: Ձկները, մեկ էլ տեսար, բարձրանում էին խորքից առ տեսանելիություն, ասես անկեղծ հետաքրքրասիրությամբ գրավված, կարծես թե նրանք ուզում էին օգնել ունկնդիրներին իրենց սույն պատմությամբ խաղաղված զգալու: Ձկները ձեռքեր չունեն: Արդյո՞ք այդ պատճառով, չէ՞ որ նրանք ունեն մեծ աչքեր եւ այդչափ պերճախոս բերան: Մի՞թե նրանք, թեպետ եւ ոտքերից էլ զուրկ են, մեզանից լավ չե՞ն լողում: Արդյո՞ք լողալ բառը չի ծագում նրանց «լողակներից», եւ մի՞թե վերջիններս խոչընդոտ չեն քայլելու համար, սահմանափակում, որը ձկներին ներհատուկ ուժի ակո՞ւնքն է:
Մեզ հետ նավակի մեջ նստած մի ջահել աղջիկ, ճամփորդությունը ջրի վրայով համեմատեց աննկատ, բայց առաջ ընթացող աճի հետ, որով, օրինակ, ախորժանք է ապրում պտուղը, որը, երեւի թե եւ չէր ուրախանա իր հասունացումից, եթե նախօրոք իմանար՝ ինչի համար է հասնում:
Այդ Մտածողը անգիտությունը թանկարժեք կոչեց, այն անվանեց չգիտակցված երանության շնորհ` տրտմալի եւ հիասքանչ, նա ասաց՝ իսկ նրանք, ովքեր ուսանում են գրել ու հաշվել, ստիպված են լինում իրենց հոգում ողբալ անձնական բերկրանքը, քանզի սիրտը հուշում է նրանց, որ հենց ծիծաղն իրենց բեռ է, որը նրանք ունակ չեն ճաշակելու:
Երեխաները եւ փոքրիկ տները
Քիչ առաջ ձյուն էր գալիս, իսկ ես հենց թափառում էի քաղաքով: Շրջապատն այնքան գեղեցիկ էր, այնքան լուռ: Ամենայն մտավոր մանրուք հիշողությունից ընկնում էր գիտակցության մեջ, հանց անդադար թռչող փաթիլներ դեպ երկիր, որը, հասկանալի է, դեռեւս չէր սառչել: Շատ հաճելի էր տների եւ այգիների կողքով անցնելը, եւ իմ ուշադրությունը գրավեցին մի քանի հյուղակներ, նրանցից մեկը կիսաքանդ կտուրով էր: Ճակատամասերը պատկառելի էին թվում` ոչ, դրանց մասին այդպիսի բան չես ասի, բայց, համենայն դեպս, տեսքից դեռեւս բավական ամուր էին: Տնակներից մեկի վրա երեւում էր մի մակագրություն` «Եթե ինքդ քո եւ Աստծո հետ խաղաղության մեջ ես կենում, քեզ համար հյուղակը պալատ կլինի»:
Կատվիկը, պատշգամբին նստած, վայելում էր արեւը: Արեւ՞ը: Հենց նոր ես ասացի, որ ձյուն էր գալիս, իսկ հիմա հանկարծ սկսեցի խոսել պայծառ եղանակի մասին: Բայց չէ՞ որ հենց այդպես էլ կար` մինչ ես զբոսնում էի, երկինքը պարզվեց եւ տեղացած ձյան վրա տարածվեց հիասքանչ կապույտը: Մի երեխա բարեւեց ինձ եւ լուրջ հարցրեց, թե ինչու ես հովանոց չունեմ: Այդ ընթացքում նորից ձյունատեղում սկսվեց: Անհավանակա՞ն է: Օ՜, բնավ ոչ: Ես պատասխանեցի` «Դու էլ հովանոց չունես»: Նա ասաց` «Փոխարենը՝ ես վերարկու ունեմ»: «Բայց չէ՞որ ես էլ ունեմ»,- արձագանքեցի ես:
Դարձյալ ճամփեզրին կանգնած էին փոքրիկ տները: Հավանաբար, դեռեւս պիտանի էին ապրելու եւ այն բանի համար, որպեսզի դրանցում երջանիկ կամ դժբախտ լինեին` նայած թե ում մոտ ոնց կստացվի եւ նայած թե ինչպես են ապրում եւ շնչում դրանց բնակիչները: Հետո ինձ մի ուրիշ երեխա պատահեց, նրան ես մետաղադրամ տվեցի, եւ նա, ուրախացած, մեկեն վազեց սառնաշաքար առնելու:
Ինչ լավն են փոքրիկ մարդկային ձեռքերը, քիչ էր մնում ասեի՝ ինչ հիասքանչ են: Որոշ ժամանակ առաջ մի կին ինձ հարցրեց` «Ասացեք, ի՞նչն է, ըստ էության, ձեզ ուրախություն պատճառում: Կա՞ ինչ-որ բան, որը կարող է ձեզ դուրս բերել անտարբերությունից եւ ընտել իմաստակումներից»: Եվ ինչպես դա հարցրեց: Ես ապշեցի ուրիշի հուզական կյանք ներթափանցելու այդկերպից, եւ միակ պատասխանը, որին ես նրան արժանացրի` ժպիտն էր: Քիչ բան կա արդյո՞ք, որ ես սիրում եմ:
Բայց միայն արդյո՞ք միշտ եմ ես հակված սիրո: Կարծում եմ, ես իրավունք ունեմ ժամանակ առ ժամանակ վատ տրամադրություն ունենալ, ինչպես եւ ուզածդ այլ մի մարդ: Այդպիսի բաներ ում հետ ասես պատահում են: Երբեք ատելություն չապրելով, կկարողանայի՞ ես արդյոք ինչ-որ բան սիրել: Բերկրանքները չեն սպառվում, սակայն դառնությունները նույնպես, ես կգտնեի, թե ինչ պատասխանել այդ առթիվ, միայն թե ես չեմ ուզում դուրս գալ իմ փոքրիկ թեմայի շրջանակներից, որը վերաբերում է երեխաներին եւ փոքրիկ տներին, նաեւ այն հարցին, որն այստեղ անցողակի շոշափեցի, կապույտ երկնքի եւ տեղացող ձյան մասին: Քեզ հետ պատահե՞լ է, որ, հիասթափեցնելով ինչ-որ մեկին, դու դրանից ուրախացել ես: Մարդն ունա՞կ է դրան: Օ՜, մարդը շատ բանի է ընդունակ: Այո, նրա հետ շատ տարօրինակ բաներ կարող են պատահել: Իսկ այն մասին, թե ինչքան բան կա տարօրինակի եւ պարզունակի միջեւ, նույնիսկ չեմ էլ հիշատակի: Այստեղ ես դիտավորյալ խոսում եմ պարապ բաներից: Լավ մնա: Բարությունն անգետ է, բայց դու, համենայն դեպս, հնարավորինս պահպանիր քո մեջ ձգտումն առ այն:
Տիկին Վիլկեն
Մի անգամ կեսօրին (ես հենց քչից-շատից հարմար սենյակի փնտրտուքի մեջ էի), մեծ քաղաքի ծայրամասերում, քաղաքային տրանսպորտի շարժման սահմանի վրա մտա տարօրինակ, հնամենի մի տուն հարուստ մշակումով, որի տեսքն ինձ փոքր-ինչ քայքայման ենթակա թվաց, բայց առաջին հայացքից չափազանց դուր եկավ իր անսովորությամբ:
Ընդարձակ եւ լուսավոր մուտքում, որի աստիճաններով ես դանդաղ բարձրանում էի, ինչպես բույրը, այնպես էլ ձայնը տարածվում էր իր տեսակի մեջ յուրահատուկ նրբագեղությամբ:
Այսպես կոչված, իր տեսակի մեջ յուրահատուկ նրբագեղությունը որոշ մարդկանց համար արտասովոր գրավիչ է: Ավերակների մեջ ինչ-որ սրտառուչ բան կա: Վսեմության քայքայվող մնացորդների հանդիման անխուսափելիորեն խոնարհվում է այն ամենը, ինչը որ մեր մեջ համակված եւ գիտակցված է զգացմունքներով: Փլատակներն այն բանի, ինչը մի ժամանակ ազնվական, նրբագեղ եւ վեհաշուք է եղել, մեզ կարեկցանք է ներշնչում, եւ միաժամանակ` հարգանք: Անցյալը, ավերվածը` ինչպես եք դուք կարողանում դյութել:
Դռներից մեկի վրա ես կարդացի տիկին Վիլկե անունը:
Այդ պահին ես թեթեւ եւ զգուշությամբ զանգեցի: Երբ ոչ ոք չբացեց, եւ ես գիտակցեցի, որ զանգելը զուր է, ես թակեցի եւ լսեցի մոտեցող քայլերը:
Շատ դանդաղ ու անվստահությամբ դուռը կիսաբաց արին: Նիհար, զգաստ, բարձրահասակ մի տիկին կանգնած էր իմ առջեւ եւ բավական ցածր ձայնով հարցնում էր.
– Ի՞նչ կկամենաք:
Նրա ձայնի հնչողությունը անսովոր սուր էր եւ խուլ:
– Արդյոք կթույլատրվի՞ սենյակը նայել:
– Օ, այո, հաճույքով, համեցեք:
Տիկինն ինձ տարավ յուրահատուկ մթին միջանցքով դեպի սենյակ, որը հենց առաջին հայացքից հմայեց ինձ: Շինությունն ինչ-որ առումով նրբագեղ էր եւ վսեմաշուք, եթե փոքր-ինչ նեղ էր` ապա հարաբերականորեն բարձր էր: Ոչ առանց յուրահատուկ դժվարության, իհարկե, ես տեղեկացա վարձի մասին` այն բավական տանելի էր, այդ պատճառով ես առանց երկար մտածելու՝ սենյակը վարձեցի:
Այն, որ դա ինձ հաջողվեց, ինձ բերկրալի տրամադրություն բերեց` վերջին ժամանակներս ես զարմանալի հոգեկան վիճակի մեջ էի, հաճախ ճնշող, երբեմն հոգնեցուցիչ` եւ հանգիստ էի փնտրում: Խոնջացած խավարում խարխափելով, հիասթափված եւ ոչ մի լավ բանի չսպասող, ինձ պետք է որ ուրախացներ հնարավոր հենակետի ուզածդ ակնարկ, եւ անդորրավետ վայրի լռությունը չէր կարող այլ բան լինել, քան կատարյալ բերկրանք:
– Ձեր մասնագիտությո՞ւնը, – հարցրեց տիկինը:
– Գրող եմ, – պատասխանեցի ես:
Նա լուռ հեռացավ:
– Այստեղ, ինչպես ինձ է թվում, կարող էր եւ կոմս բնակվել,- ծավալվում էի ես քթիս տակ, մանրակրկիտ զննելով իմ նոր կացարանը:
– Այս հիասքանչ, ասես նկարից, շինությունը,- ասացի ես ինքս ինձ հետ զրուցելու ընթացքում, – անշուշտ մի առավելություն ունի` այն շատ մեկուսացված է մյուսներից: Լռությունն այստեղ, հանց քարայրում: Եվ իրոք` այստեղ ես ինձ անվտանգ կզգամ: Իմ թաքնաթաքուր ցանկությունը, կարծես թե, իրականացավ: Սենյակը, ինչպես երեւում է, կամ ինչպես ինձ պատկերանում է` թաղված է այսպես կոչված կիսախավարի մեջ: Աղջամուղջային լույսը եւ թափանցիկ մութը ծփում է անկյուններում: Ես դրան հավանություն եմ տալիս: Դե՛, դե՛: Խնդրում եմ ձեզ, մի ամաչեք, թանկագինս: Փութալու հարկ չկա: Ձեր տրամադրության տակ ինչքան ասես ժամանակ կա: Ի՞նչ: Պաստառներն այստեղ-այնտեղ կախվել են պատերից տրտում ծվեններով: Օ՜: Բայց հենց դրանք` իմ հիացմունքի առարկան են, չէ՞ որ ես որոշակի աստիճանի քայքայման եւ փլուզման սիրահար եմ: Ինձ ցանկալի է ծվեններն այդպես կախված էլ թողնել, ոչ մի դեպքում չեմ թույլատրի վերացնել, քանի ինձ դրանց ներկայությունը բոլոր առումներով ձեռք է տալիս: Ինձ զվարճացնում է այն միտքը, որ այստեղ նախկինում կարող էր բարոն ապրած լինել: Գուցե այստեղ շամպայն էին խմել սպաները: Այն վարագույրը բարձրադիր եւ նեղ պատուհանի վրա հին եւ փոշոտ է երեւում, բայց քնքշորեն վրա բերված ծալքերը վկայում են նրբին ճաշակն ու բանիմացությունը վայելչագեղ բաներում: Դրսում, պատուհանի ետեւի այգում, մի կեչի է կանգնած: Ամռանը իմ սենյակին կժպտա կանաչ տերեւունքը, իսկ քնքուշ սիրունիկ ճյուղերի վրա, իմ եւ իրենց հաճույքի համար կծլվլան երգող թռչնակները: Ինչ զարմանալի հիասքանչ է այս հին, վսեմաշուք սեղանը, որ հիշեցնում է անցած նրբագեղ օրերը: Ես կանխազգում եմ, որ այստեղ կսկսեմ գրել էսսեներ, սքեթչներ, ուսումնասիրություններ, փոքրիկ պատմվածքներ եւ նույնիսկ նովելներ եւ կուղարկեմ դրանք, կցելով դրանց շուտափույթ տպագրելու խնդրանքը՝ լուրջ, հարգարժան խմբագրություններ, ինչպիսիք են «Պեկինի թարմ լուրերը» եւ «Մերկյուր դե Ֆրանսը», որտեղ ինձ սպասում է հաջողությունն ու բարգավաճումը:
Անկողինը, ոնց որ թե կարգին է: Ես մտադիր չեմ, դույզն-ինչ ցանկություն չունեմ կողմնակալորեն եւ անամոթաբար զննելու: Ես նկատում եմ տարօրինակ, ասես ցնորական կախոցը եւ լվացարանի վրայի հայելին, որը ամեն օր կանոնավոր պետք է տեղեկացնի ինձ իմ արտաքին տեսքի մասին: Հուսով եմ, արտացոլանքը մշտապես շոյող կլինի: Թախտը հին է, եւ ուրեմն՝ լավը: Նորամոդայիկ կահույքն աչք է ծակում, որովհետեւ մոդան կպչուն է ու ոտքի տակ է ընկնում: Երկու լանդշաֆտ, հոլանդական եւ շվեյցարական, ինձ առավելապես բավականություն պատճառելու համար, համեստ կախված են պատից: Անկասկած, մեկ անգամ չէ, որ ես կուսումնասիրեմ դրանք: Ինչ վերաբերում է այս կացարանի օդին, ապա ուշք չդարձնելով որեւէ բանի՝ ես չեմ բացառում կամ, ավելի ճիշտ արտահայտվելով, համոզվածության բավարար չափով պնդում եմ, որ այստեղ բավական վաղուց հոգ չեն տարել ակնհայտորեն անհրաժեշտ օդափոխության մասին: Այստեղ առանց պատճառի նեխահոտ է փչում, բայց ինձ դա սոսկ հետաքրքիր է թվում: Հակաբնական հաճույք կա այն բանում, որ վատ օդ շնչես: Իսկ ընդհանրապես ես կարող եմ շաբաթներով պատուհանը բաց թողնել, որպեսզի սենյակս լցնեմ բարելավ օդով:
– Ձեզ հարկ է ավելի վաղ ելնել: Ես թույլ չեմ տա, որ դուք այդքան երկար գրգվեք անկողնում,- ասաց ինձ տիկին Վիլկեն: Ի դեպ նա հազվադեպ էր ինձ հետ խոսում:
Իսկ ես ողջ օրն անկողնում էի անցկացնում:
Գործերս վատ էին: Ինձ դիպչել էր քայքայումը: Ես պառկած էի կարոտանքով, չգտնելով, չճանաչելով իմ մեջ ինձ: Բոլոր իմ վաղեմի մտքերը, այդքան պայծառ ու անամպ, թաղվել էին մթին անկարգության ու խառնաշփոթության մեջ: Իմ գիտակցությունը տապալված փռված էր իմ տրտմալի մտահայացքի առաջ: Գաղափարների ու զգացմունքների անկում: Սրտիս մեջ լոկ մահն է, դատարկությունն ու անհուսությունը։ Ոչ շունչ, ոչ երջանկություն, եւ միայն աղոտ հուշն այն մասին, որ ինչ-որ ժամանակ ուրախ եւ գոհ էի, բարի ու շիտակ սրտով, դյուրահավատ ու երջանիկ: Ինչ ափսոս: Ինչ ափսոս: Ոչ գլխումս, ոչ շուրջս՝ հույսի ոչ մի հետք:
Այդուհանդերձ, ես տիկին Վիլկեին խոստացա ավելի վաղ ելնել` եւ իրոք, ես նորից սկսեցի շատ ու ջանադիր աշխատել:
Ես հաճախ այցելում էի տնից ոչ հեռու սոճիներով ու եղեւնիներով պուրակը, եւ նրա ծառերի բարեզարդությունն ու մենությունը, թվում էր, պահպանում էր ինձ վրա հասնող հուսահատությունից: Անհավատալիորեն ջերմ ձայներն ինձ ճյուղերից շշնջում էին` «Օ՜ մի ընկճվիր առ մռայլ մտքերն այն մասին, թե աշխարհը դաժան է, անարդար ու չար: Հաճախ արի` անտառը բարի է քո հանդեպ: Կանխապես արժանացիր նրա ընկերությանը, եւ դու կապաքինվես, եւ դեպի քեզ կվերադառնան հիասքանչ պայծառ մտքերը»:
Առ հասարակություն, այսինքն՝ այնտեղ, ուր ի մի են հավաքվում հասարակություն գոյացնող տարրերը, ես երբեք չէի գնում: Ես այնտեղ փնտրելու բան չունեի, չէ՞ որ հաջողությունն իմ կողքով էր անցել: Մարդիկ, որ հաջողություն չեն գտել մարդոց մեջ, մարդկանց մեջ փնտրելու բան չունեն:
Խեղճ տիկին Վիլկե, շուտով դու մահացար:
Ով միայնակ ու աղքատ է եղել, հետո ավելի լավ է հասկանում մենակյացներին ու տնանկներին: Մեզ հարկ է սովորել գոնե հասկանալը շրջապատողներին, եթե մենք ունակ չենք կանխելու նրանց դժբախտությունը, անարգանքը, ցավը, անկարությունն ու մահը:
Մի անգամ տիկին Վիլկեն ձեռքն ինձ մեկնելով շշնջաց.
– Տեսեք: Պաղ է, ինչպես սառույցը:
Ես ձեռքս վերցրի խղճուկ, ծեր, սաստիկ նիհարած դաստակը: Այն պաղ էր, ինչպես սառույցը:
Տիկին Վիլկեն ուրվականի պես հածում էր բնակարանում: Նրա մոտ ոչ ոք չէր գալիս: Օրերով նա նստած էր պաղ սենյակում:
Մենությունը` սառցե, հողմահար սարսափը, գերեզմանի ակնկալիքը, անողոք մահվան նախագուշակը: Օ՜, նա, ով մենակ է եղել, նրան խորթ չէ ուրիշի մենությունը:
Ես հետզհետե կռահեցի, որ տիկին Վիլկեն ուտելու ոչինչ չունի: Տանտիրուհին, ում հետագայում անցավ բնակարանը եւ ով իմ սենյակն ինձ թողեց, գթասրտորեն լքված կնոջը կեսօրին եւ երեկոյան մի գավաթ մսով արգանակ էր բերում, բայց դա երկար չշարունակվեց, եւ այսպես տիկին Վիլկեն սկսեց մարել: Նա անշարժ պառկած էր, հետո նրան տեղափոխեցին քաղաքային հոսպիտալ, եւ այնտեղ երեք օր անց նա մահացավ:
Մի անգամ կեսօրին, նրա մահից մի քանի օր անց, ես մտա երեկոյան արեւով վարդագույն-զվարթ գույներով զարդարված դատարկ սենյակը: Մահճակալի վրա ես տեսա ծեր տիկնոջ կրելու իրերը, շրջազգեստները, գլխարկը, արեւային ու անձրեւային հովանոցները, հատակին` նրբագեղ ճտքակոշիկները: Այդ զարմանալի տեսարանն ինձ անասելի կարոտով համակեց, եւ այնքան տրտմալի եղավ հոգուս մեջ, կարծես ես ինքս էլ մահացել էի, եւ ամբողջ կյանքը, նրա ողջ բովանդակությունը, որ երբեմն ինձ վսեմ ու հիասքանչ էր թվում, հանկարծ հառնեց իմ առջեւ բարալիկ, փխրուն թաղանթի տեսքով: Մահացությունն ու վաղանցիկությունը ես ավելի մոտ զգացի, քան երբեւէ: Ես երկար դիտեցի իրենց տիրուհուց զրկված, իմաստը կորցրած իրերը եւ ոսկեզօծ, արեւի ժպիտով ողողված սենյակը, ես չէի շարժվում եւ ոչինչ չէի ընկալում: Բայց այդպես որոշ ժամանակ կանգնելուց հետո, ես հանկարծ թեթեւություն ու հանգիստ զգացի: Կյանքը դիպավ ուսիս եւ զարմանալի աչքերով երեսիս նայեց: Կյանքը կենդանի ու հիասքանչ էր, ինչպես ամենահիասքանչ պահերին: Ես դանդաղ շրջվեցի եւ ելա փողոց:
Մինոտավրոսը
Որքան ես արթուն եմ գրականության պարագայում, նույնքան կյանքի կողքով եմ անցնում, ուշք չդարձնելով նրա վրա. որպես մարդ ես քնած եմ, ոչ մի նշանակություն չեմ տալիս իմ անձնական քաղաքացիական էությանը, որովհետեւ այդ էությունը, եթե ես նրան ազատություն տամ, կարող է խանգարել ծխախոտ ծխելուն եւ գրելուն: Երեկ ես բեկոնով լոբի էի ուտում եւ մտածում էի ազգի ապագայի մասին, եւ մի կարճ ընթացք հետո այդ մտքերն ինձ դադարեցին դուր գալ, որովհետեւ դրանք ախորժակս փչացնում էին: Ինձ ուրախացնում է, որ ես պատմվածք եմ հորինում ոչ մետաքսե գուլպաների մասին, եւ կարծում եմ, որ իմ բարեհամբույր ընթերցողների մի մասը, որպես բացառություն, բավարարված կլինի, որովհետեւ աղջիկների այդ անվերջանալի ներգրավումը, կանացի համակրանքից աչք թեքելու անունակությունը քնեցնելու պես են, եւ դա կխոստովանի ամեն ոք, ով մտքի կայտառությամբ է օժտված: Իսկ եթե ինձ բացառապես հետաքրքրում է, թե արդյո՞ք ինչ-որ մշակույթ ունեին լանգոբարդները եւ այլն. եւ ես, հնարավոր է, գնում եմ մի ուղով, որը մեկեն յուրաքանչյուրի համար հասկանալի չէ, երբ, երեւի թե, համաշխարհային պատմության եւ ոչ մի փուլ այդպիսի տարակուսանք չի հարուցում, որքան ժողովուրդների մեծ գաղթը, որի պատճառով ես հիշում եմ «Նիբելունգների երգը», որը մեզ թարգմանչաց արվեստի հնարավորություն ընձեռեց: Տարուբերվել ազգային խնդիրը գլխում` արդյո՞ք չի նշանակում անհարաբերականության զոհ դառնալ: Հենց էնպես քո դատողությունների մեջ միլիոնավոր մարդկանց ներքաշելը, դա, երեւի թե, ուղեղը սարսափելի ծանրաբեռնում է: Մինչ ես այստեղ նստած, նկատի եմ առնում բոլոր այս թվակարգված կենդանի մարդկանց, ինչպես վաշտ կամ զորք, այս կամ այն մեկը, այսպես կոչված՝ շատերից, տրվել է բանականության նինջին, այն իմաստով, որ ապրում է առանց որեւէ կաշկանդվածության: Բացառված չէ, որ քնածներն արթուններին քնատ են համարում:
Լաբիրինթոսում, որ կազմում են նախորդող նախադասությունները, ես, ինչպես ինձ թվում է, լսում եմ Մինոտավրոսին, թեպետ եւ հեռվում, եւ նա պատկերանում է ինձ ոչ այլ բան, քան բրդոտ խոչընդոտ, որի առաջ ես կանգնած եմ ազգային խնդրի չմտածվածության պատճառով, որովհետեւ այն մի կողմ եմ նետել հանուն «Նիբելունգների երգի», ինչը նախաձեռնել եմ, դարձյալ, հանուն այն բանի, որպեսզի խուսափեմ ծանրաբեռնվածությունից: Նույնպես ես պատրաստվում եմ հանգիստ թողնել, այսինքն՝ չխախտել լանգոբարդների քունը, որովհետեւ ինձ համար միանգամայն պարզ է, որ քնի որոշակի տեսակը օգտակար է, արդեն այն պատճառով, որ դա հատուկ կենսակերպ է: Այստեղ դույզն-ինչ առկա երջանկությամբ, ինձ թվում է, որ խոսքը մետաքսե գուլպաներից հեռու կենալու մասին է, ինչպես նաեւ ազգից հեռու մնալու, որը նույնպես հիշեցնում է Մինոտավրոսին, իսկ նրանից ես որոշակի առումով խուսափում եմ: Իմ մեջ ամրացել է այն համոզմունքը, որ ազգն ինձ համար ինչ-որ էակ հիշեցնող մի բան է, որն այնպիսի տեսք ունի, որ ասես թե ինձնից ինչ-որ բան է պահանջում, եւ նա ինձ հասկանում է, այսինքն՝ հավանություն է տալիս, երբ ես կարծես թե հանգիստ եմ թողնում նրան: Արդյո՞ք ես պետք է ըմբռնումով մոտենամ Մինոտավրոսին: Մի՞թե ես չգիտեմ, որ դրանից նա կգազազի եւ կկատաղի: Նա երեւակայում է, որ ես առանց նրա շատ բանի ընդունակ չեմ, բանն այն է, որ նա տանել չի կարողանում նվիրվածությունը, եւ մեկ էլ, օրինակ, հակված է սխալ մեկնաբանելու կապվածությունը: Ես կարող էի դիտարկել ազգը եւ որպես միստիկական լանգոբարդի, որն անշուշտ ինձ վրա ինչ-որ տպավորություն թողնում է` ինչպես ավելի լավ արտահայտվել` չհետազոտվածությամբ, ինչը որ, ըստ իս, լիովին բավական է:
Բոլոր այս, ինչ-որ կերպ տագնապահար ազգերը, կանգնած են, հավանաբար,այս կամ այն ազնիվ կամ անազնիվ խնդիրների առաջ, որը եւ շատ լավ է նրանց համար: Ես նկատի ունեմ, որ, հնարավոր է, որ պետք չէ չափազանց ինքզինքը լինել, ավելի լավ է չպայթել ցաքուցրիվ սեփական արժեքավորությունից: Հաճելիորեն կոր բլրի վրա պառկած ոչինչ չարժեցող անբանի խնդիրը, հավանաբար, որոշակի հետաքրքրություն է ներկայացնում: «Նիբելունգների երգի» ռիթմիկ շնչի վրա հառնում են դյուցազունները, եւ ես չեմ կարող ուշադրությունս չնվիրել մի պոեմի, որի ծնունդն այդչափ յուրահատուկ է:
Եթե այն, ինչ այստեղ ծագել է իմ գիտակցությունից եւ անգիտակցությունից, ես հակված եմ լաբիրինթոս համարելու, ապա ընթերցողը դուրս է գալիս այնտեղից՝ ինչպես Թեսեւսը: