Հարգանքի տուրք

18/06/2009

ՀՀ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը երեկ շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ ծաղիկներ դրեցին անվանի շախմատիստի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: Այնուհետեւ այցելեցին Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն, որտեղ ՀՀ շախմատի հավաքականի անդամներ, օլիմպիական չեմպիոններ Արտաշես Մինասյանը եւ Տիգրան Պետրոսյանը միաժամանակյա խաղի սեանս էին անցկացնում շախմատի տան սաների եւ վետերան շախմատիստների հետ: Օլիմպիական չեմպիոն, կրտսեր Տիգրան Պետրոսյանն «Արմենպրեսի» հետ զրույցում իր հպարտությունն է արտահայտել, որ աշխարհի 9-րդ չեմպիոնի անվանակիցն է: Նրա խոսքով, «մենք ունենք բազմաթիվ երիտասարդ շախմատիստներ, որոնք շարունակելու են Տ. Պետրոսյանի սկսած գործը եւ բարձր են պահելու հայկական շախմատի պատիվը»: