Հնարավոր է՝ ՄԱԿ-ում քննարկվի

18/06/2009

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ «Trend-news»-ին տված հարցազրույցում նշել է, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն ու հայ-ադրբեջանական հակամարտությունը զուգահեռ գործընթացներ են: «Հարավային Կովկասում իրավիճակի նորմալացման համար անհրաժեշտ եւ կարեւոր է կարգավորել ղարաբաղյան հիմնահարցը»,- ասել է նա: Անդրադառնալով «Ճանապարհային քարտեզի» այլեւս ոչ արդիական լինելու մասին հարցին, նա ասել է. «Դա այդպես չէ: Հայաստանի հետ բանակցություններում մենք բավականին վճռական ենք: Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը եւ նույնիսկ Ռուսաստանն ու Վրաստանն ունեն համատեղ ապագա: Մենք բոլորս նույն տարածաշրջանում ենք»: Հարցին էլ, թե, քանի որ Թուրքիային է անցնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահությունը, որքանո՞վ է հավանական, որ Անվտանգության խորհրդում Թուրքիան քննարկման կդնի ղարաբաղյան հարցը, Թուրքիայի ԱԳ նախարարը պատասխանել է. «ՄԱԿ անվտանգության խորհրդում քննարկվելու են տարբեր հարցեր: Թուրքիան կողմ է քննարկել բոլոր այն հարցերը, որոնք ունեն միջազգային նշանակություն եւ հրատապ են` ղարաբաղյան հիմնահարցը դրանց թվում է: Սակայն մենք ցանկանում ենք, որ հայ-ադրբեջանական բանակցություններն արդյունավետ լինեն»: