Նորություն չկա՞

18/06/2009

Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե արդեն ստացել է փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի ուղարկած փաստաթղթերը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ արդեն լուծարված փաստահավաք խմբի անդամները հայտարարել էին, թե Նիկոյանի գլխավորած հանձնաժողովին են ուղարկել մարտի 1-2-ին կիրառված հատուկ միջոցների հետ կապված փաստերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը: «Կարդացել եմ, շարադրել են այն, ինչ մենք ուսումնասիրել ենք: Նորություն դեռ չկա, բայց կարող է լինել»,- ասել է Ս.Նիկոյանը: Այնուամենայնիվ, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի համար այդ փաստաթուղթն իր որեւէ նորություն կամ բացահայտում չի՞ պարունակում: «Ես տեղյակ չեմ, թե այդ փաստաթուղթը բաժանվա՞ծ է հանձնաժողովի անդամներին, նրանք կարդացե՞լ են: Եվ նորություն լինել-չլինելու մասին կարծիք կկազմեմ այն ժամանակ, երբ դա հանձնաժողովում կքննարկվի, եւ անդամներն իրենք էլ իրենց կարծիքը կասեն: Դրանից հետո նոր ես կասեմ, դա նորություն պարունակո՞ւմ է պարոն Նիկոյանի համար: Որովհետեւ մինչ այս պահը պարոն Նիկոյանն ինչ կարդացել է, այդպես էլ խորությամբ որեւէ բան չի հասկացել: Իմ կարծիքով՝ բավականին լուրջ փաստաթուղթ է, բայց դրա լրջության մասին պատկերացում կարելի է կազմել այն ժամանակ, երբ հանձնաժողովն այդ փաստաթուղթը սկսի քննարկել եւ այնտեղ դրված տրամաբանությունն իրենց համար կլինի ընկալելի: Դրանից հետո եթե որեւէ բան բաց կմնա, ես հանդես կգամ որոշակի մեկնաբանություններով»,- երեկ մեր թղթակից հետ զրույցում անդրադառնալով Ս. Նիկոյանի հայտարարությանը, ասել է Անդրանիկ Քոչարյանը: