«Foreign Policy» ամսագրի փոխանցմամբ` հնարավոր է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նշանակվի Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Ըստ ամսագրի` նման երաշխավորագրով հանդես է եկել Մեթյու Բրայզայի նախկին անմիջական ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Դենիել Ֆրիդը: Սակայն այս լուրն առայժմ չեն մեկնաբանել ո՛չ Դենիել Ֆրիդը, ո՛չ Մեթյու Բրայզան: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության մասին պաշտոնապես դեռ չի հայտարարել նաեւ Սպիտակ տունը: Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսնակ Էլխան Պոլուխովը երեկ հայտարարել է. «Այդ առիթով մենք ոչ մի հաղորդագրություն չենք ստացել: Այդ հարցը նախ պետք է որոշվի ամերիկյան իշխանությունների կողմից, որից հետո նրանք կդիմեն մեզ»: