Նիստ են արել

18/06/2009

Երեկ տեղի է ունեցել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում վարույթ է հարուցվել բենզինի շուկայում: Հանձնաժողովի մասնագետների անցկացրած մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերության կողմից իրացվող բենզինի գները բարձրացել են եւս 20 դրամով (վերջին մեկուկես ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ` 20-ական դրամով): Այդպիսով «պրեմիում» տեսակի բենզինի գինը հասել է 370 դրամի: Միաժամանակ, շուկայում սպասումներ են ստեղծել` հետագա թանկացումների առնչությամբ: Ուշագրավ է, որ «Քաղ Պետրոլ Սերվիսը» հունիսի 10-ին ՏՄՊ-ին տեղեկացրել էր, թե ապրիլի 1-ից դադարեցրել է գործունեությունը, եւ որ նույն տարվա ապրիլի սկզբներից բենզին եւ դիզվառելիք է ներկրվում եւ իրացվում նոր ընկերության` «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից: Դա՝ այն դեպքում, երբ «Քաղ Պետրոլ Սերվիսը» ՀՀ կառավարության հայտարարած պետական գնումների` այս տարվա երկրորդ եռամսյակի բենզինի մատակարարման մրցույթում հաղթող է ճանաչվել եւ շարունակել է գործունեությունը: Ուշագրավ է, սակայն, հանձնաժողովի գնահատականը բենզինի շուկայի մյուս գերիշխողի` «Ֆլեշ» ընկերության կողմից իրացվող բենզինի գնի վերաբերյալ: Ըստ հանձնաժողովի` երեկ «Ֆլեշի» բենզալցակայաններում գները չեն փոխվել, իսկ մինչ այդ տեղի ունեցած թանկացումները, ՏՄՊ մասնագետների նախնական գնահատմամբ, տեղավորվում են միջազգային շուկայի զարգացումների շրջանակներում: Սա ուշագրավ է նրանով, որ նույն հանձնաժողովը լռում է, երբ «Ֆլեշը» բենզինի գները թանկացնում է կամ լավագույն դեպքում նույնն է թողնում այն դեպքում, երբ միջազգային շուկայում բենզինի գնի անկում է տեղի ունենում: