ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին: ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Հ. Աբրահամյանը նշել է, որ վերջին շրջանում հատկապես աշխուժացել է շփումը Հայաստանի եւ Արցախի օրենսդիրների միջեւ, ինչը թույլ է տալիս փոխադարձաբար հստակեցնել դիրքորոշումները հանուն միասնական ազգային նպատակների: «Հայաստանի ղեկավարությունը, ԱԺ-ն եւ ամբողջ ժողովուրդը կանգնած են Արցախի կողքին` հանուն հայ ժողովրդի ինքնորոշման ու վերամիավորման արդար դատի»,- ասել է Հ. Աբրահամյանը: Ա. Ղուլյանը նույնպես կարեւորել է Միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաեւ՝ երկու խորհրդարանների մասնագիտական հանձնաժողովների միջեւ անցկացվող քննարկումները, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվում ազգաբնակչությանն անհանգստացնող օրախնդիր հարցերին: Այնուհետեւ տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում Հ. Աբրահամյանն ու Ա. Ղուլյանը քննարկել են արցախյան հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր: