ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթում քաղաքական ուժերին առաջարկել էր միավորվել մեկ ընդհանուր պլատֆորմի շուրջ:
Պլատֆորմը բաղկացած է 12 հարցերից, որոնց շուրջ շատ հաճախ քննադատական մեկնաբանություններ են հնչեցրել Հայաստանի ոչ միայն ընդդիմադիր, այլ նույնիսկ տարբեր ժամանակների կոալիցիոն տարբեր ուժեր: Պլատֆորմն առաջարկում է միավորվել հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը վիժեցնելու, ԼՂՀ հարցում անհարկի զիջումներ թույլ չտալու, ԼՂՀ-ին նորից բանակցային լիիրավ կողմ դարձնելու, քաղբանտարկյալներին ազատ արձակելու, ԵԽ ԽՎ բանաձեւերի պահանջները կատարելու, տնտեսական մոնոպոլիաները վերացնելու, խոշոր ձեռնարկատերերին հարկային դաշտ բերելու, արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնելու, նախագահ Սերժ Սարգսյանից անհապաղ հրաժարական պահանջելու եւ այլ խնդիրների կատարման համար: Պլատֆորմի այս գրեթե բոլոր կետերի պահանջների կատարումն իշխանություններից պահանջել է խորհրդարանական ընդդիմություն «Ժառանգություն» կուսակցությունը: Բացի այդ, «Ժառանգությունն» իր խորհրդարանական ու արտախորհրդարանական գործունեությամբ տարբեր փուլերում աջակցել է Տեր-Պետրոսյանի առաջ քաշած խնդիրների լուծմանը: Շատ հարցերի դեպքում, օրինակ` փաստահավաք խմբում, պայքարել են միասին:
Պլատֆորմի որոշ կետերի` հատկապես հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ իր քննադատությունը միշտ հնչեցրել է նաեւ մեկուկես ամիս առաջ կոալիցիայից դուրս եկած եւ իրեն ընդդիմադիր հռչակած «Դաշնակցություն» կուսակցությունը: Անցած տարի, երբ դեռ ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ էր, բայց իր սեփական թեկնածուն ուներ նախագահական ընտրություններում, հայտարարում էր, որ վերջ են դնելու տնտեսական մոնոպոլիաներին եւ հարկային դաշտ են բերելու խոշոր ձեռնարկատերերին: Այս ընթացքում ՀՅԴ-ն նաեւ երբեմն անուղղակի պահանջով իշխանություններին հորդորում էր կատարել ԵԽ ԽՎ բանաձեւերի պահանջներն ու ազատ արձակել մարտի 1-ի դեպքերի արդյունքում կալանավորված գործիչներին` թեեւ նրանց ուղղակիորեն քաղբանտարկյալ չէր համարում: Երեւանի ավագանու ընտրություններից հետո ՀՅԴ-ն քննադատության է ենթարկել Հայաստանի ընտրական համակարգը: Արտախորհրդարանական ընդդիմության դիրքերից հանդես եկող «Նոր Ժամանակներ» կուսակցությունը նույնպես տարբեր առիթներով բացասական գնահատականներ է հնչեցրել նշված հարցերի շուրջ: ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստերում հաճախ սուր հարցադրումներ կամ մեկնաբանություններ է արել: Արդյունքում ստացվում է, որ Լ.Տեր-Պետրոսյանն անցած շաբաթ համագործակցության այնպիսի ձեւաչափ է առաջարկել, այնպիսի հարցերի շուրջ է առաջարկել միավորվել, որ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերն ըստ էության չեն կարող չհամաձայնել: Այսինքն, Հայաստանի համար կարեւորագույն խնդիրների լուծումն ամփոփելով այդ 12 կետերը պարունակող պլատֆորմի մեջ եւ դրա շուրջ համագործակցության կոչ անելով` Տեր-Պետրոսյանը կարծես թե ընդդիմադիր ուժերին փակուղու առաջ է կանգնեցրել: Եթե նրանք իսկապես շահագրգիռ են այդ խնդիրների լուծման համար, ապա պետք է միավորվեն դրանց համար պայքարող մյուս բոլոր ուժերի հետ, հակառակ դեպքում կհայտարարվեն որպես իշխանություններին ծառայող:
Անդրադառնալով այս թեմային, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը երեկ նշեց, թե պլատֆորմի մեջ ընդգրկված կետերն այն խնդիրներն են, որոնց համար կարող են նստել սեղանի շուրջ եւ քննարկել: «Որոշների ուղղությամբ մենք քայլեր ենք արել, եւ հնարավոր եմ համարում համատեղել ինչ-որ համագործակցություն այդ քայլերի շրջանակներում: Բայց մեր կուսակցության վարչությունը դեռ չի քննարկել եւ համագործակցության կոնկրետ բանաձեւ չի առաջարկել: Կարծում եմ, որ մինչեւ շաբաթվա վերջը կքննարկենք, որ քաղաքական քայլ անենք»,- ասաց Ա.Բախշյանը:
ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, ով ելույթ էր ունեցել հունիսի 12-ի հանրահավաքի ժամանակ, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե «այդ 12 կետերը նորմալ ընկալելի են, քանի որ իրենց մեջ նորություն չեն պարունակում եւ ներառում են այն, ինչի շուրջ գործել է ընդդիմությունը վերջին շրջանում»: «Բոլոր այն խնդիրները, որոնք դրված են, սկսած Սերժ Սարգսյանի հրաժարականից, արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախագահական եւ այլն, այդ ամենը կա: Շատ նորմալ պլատֆորմ է, մենք դեռ կուսակցությունում չենք քննարկել, բայց կարծում եմ՝ դա շատ աշխատող պլատֆորմ է, որովհետեւ, նորից եմ կրկնում, սա ընդդիմադիր գործունեության երկար ժամանակ արդեն, ուղղակի, բեղմնավոր 12 կետով նշված է»,- ասել է Ա.Կարապետյանը` միաժամանակ հավելելով, թե դա չի կարող դառնալ առիթ, որ ՆԺԿ-ն անդամակցի ՀԱԿ-ին: Նկատենք սակայն` Տեր-Պետրոսյանը հատուկ շեշտել է, որ սա ոչ թե ՀԱԿ-ին անդամակցելու, այլ քաղաքական համագործակցության առաջարկ է: Դեռեւս կոալիցիային մաս կազմող, բայց վերջին ընտրությունների ընթացքից ու արդյունքներից դժգոհ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հրաժարվեցին պատասխանել, թե վերը նշված խնդիրների լուծման համար արդյո՞ք ընդդիմության հետ համագործակցության եզրեր տեսնում են: «Հրաժարվում եմ մեկնաբանել, որովհետեւ գտնում եմ, որ դրանք մեկնաբանման ու քննարկման հարցեր չեն: Լ.Տեր-Պետրոսյանի ելույթը չեմ կարդացել, չեմ լսել, տեսել եմ ինտերնետում ու չեմ մեկնաբանելու»,- ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանը: Պլատֆորմի որոշ կետերի շուրջ համագործակցությունը երեկ չի բացառել նաեւ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: Իսկ ահա ՀՅԴ-ն դեռ չի ցանկանում քննարկել ընդդիմադիր դաշտում Տեր-Պետրոսյանի առաջարկած պլատֆորմի շուրջ համագործակցելու խնդիրը: «Կուսակցության որոշում պետք է լինի: Մենք կքննարկենք եւ կպատասխանենք»,- ի պատասխան դիրքորոշում արտահայտելու մեր խնդրանքին, երեկ ասաց ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արտյուշա Շահբազյանը: Ի դեպ, երեկ ՀՅԴ վերնախավն առավոտից մինչեւ երեկո ինչ-որ քննարկում էր անցկացնում, բայց, պատգամավորի խոսքերով, իրենք խոսել են միայն ընթացիկ` ներկուսակցական եւ այլ հարցերի շուրջ: Պարզապես հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել էր, թե ընդդիմադիր դաշտում ՀԱԿ-ի հետ միավորվելու «թեմա» չի տեսնում: