Ինչո՞ւ հենց Բրայզան

18/06/2009

Երեկ անդրադառնալով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային առաջադրելու մասին տեղեկություններին՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն ասել է. «Մինսկի խմբում վերջին 10 տարիներին նշանակված բոլոր ամերիկացի համանախագահներն առավելապես եղել են ոչ թե կոնֆլիկտների լուծման, այլ էներգետիկ հարցերով մասնագետ` Ստիվեն Ման, Քերի Քավանո, Մեթյու Բրայզա: Նրանք ոչ միայն էներգետիկ ոլորտի մասնագետներ են, այլեւ` ԼՂ հիմնախնդրում հանդես գալով որպես ամերիկացի համանախագահ, զուգահեռաբար, եթե ոչ առաջնահերթ, շարունակել են հետապնդել Կասպյան տարածաշրջանում ԱՄՆ տնտեսական եւ ռազմավարական շահերը»: Ըստ նրա` Մ. Բրայզային դեսպան նշանակելը պետք է դիտարկել ոչ թե այն համատեքստում, որ նա ԼՂ հարցում միջնորդ է եղել, այլ այն, որ Մեթյու Բրայզան Կասպյան տարածաշրջանի էներգետիկ անվտանգության խնդիրներով լուրջ մասնագետ է: «Սա հաստատում է Մայնդորֆյան հռչակագրից հետո «Ժառանգության» հայտարարության այն հիմնավորումը, որ ԼՂ հիմնախնդիրը շարունակում է օգտագործվել տարածաշրջանում աշխարհատնտեսական շահեր ունեցող երկրների կողմից եւ ԼՂ հիմնախնդիրն ուղղակի առիթ է Ադրբեջանից ցանկալի որոշում կորզելու համար»,- ասել է Ս. Սաֆարյանը: Հարցին էլ, թե` ինչո՞ւ է հենց Մ. Բրայզայի թեկնածությունը շրջանառվում, եւ արդյոք դա չի՞ նշանակում, որ որպես համանախագահ՝ ԼՂ հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցություններում նա գոնե արտաքուստ չեզոք չի եղել, Ս. Սաֆարյանը պատասխանել է. «Բրայզան հրաշալի ծանոթ է տարածաշրջանի երկրներին, գիտի նրանց շահերն ու հետաքրքրությունները եւ առաջին հերթին` Ադրբեջանի իշխանությունների հետ աշխատելու հարցում մեծ փորձառություն ունի»: Այնուհետեւ հավելել է. «Իսկ միգուցե ի սկզբանե նրանք գիտեին, որ ԼՂ հիմնախնդիրը լուծում չունի, պարզապես խնդիրն ակտիվացնում են: Բանակցությունների տեսության ամերիկյան դպրոցը ելակետ է ընդունում այն թեզը, որ կոնֆլիկտը ոչ միայն մարտահրավեր է, այլեւ` հնարավորություն»: