Արդեն մենք ենք փող ուղարկում

18/06/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Թե՛ Արժույթի միջազգային հիմնադրամը, թե՛ միջազգային ու հայաստանյան այլ կառույցները բազմիցս նշել են, որ Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցություն թողնող գործոնների թվում չափից դուրս մեծ կախվածությունն է Ռուսաստանից։ Ռազմավարական գործընկեր լինելուց բացի, այս երկիրը նաեւ Հայաստանի ամենամեծ առեւտրային գործընկերն է ու ներդրողը։ Եվ, իհարկե, տնտեսության վրա ամենամեծ ազդեցություն թողնում են հիմնականում Ռուսաստանից եկող մասնավոր դրամական փոխանցումները։ Դեռ անցյալ տարվա վերջից շատերն էին կանխատեսում, որ ճգնաժամը Հայաստանում առավել սուր կերպով կդրսեւորվի այս տարվա գարնանը եւ ամռանը, երբ կնվազեն այնտեղ ապրող կամ աշխատող հայերի կողմից ուղարկվող գումարները։ Ցավոք սրտի, այդ կանխատեսումներն իրականություն են դառնում։

Համաձայն Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալների, Ռուսաստանից ԱՊՀ կատարվող մասնավոր դրամական փոխանցումներն 2009թ. առաջին եռամսյակում նվազել են 30.7%-ով՝ կազմելով 1.4 միլիարդ դոլար։ Գրեթե համամասնաբար պակասել են նաեւ Հայաստան մտնող դրամական փոխանցումները, քանի որ Ռուսաստանից ստացվող գումարները կազմում են ընդհանուր փոխանցումների ավելի քան 75%-ը։

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, բանկային համակարգով իրականացված մասնավոր փոխանցումների ծավալը այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում կրճատվել է ավելի քան 30%-ով՝ կազմելով 260.6 միլիոն դոլար։ Ընդ որում, կրճատման միտումը շարունակում է աճել. այս տարվա ապրիլին մասնավոր փոխանցումների ծավալը 40%-ով ցածր է 2008թ. ապրիլի ցուցանիշից։

Սա, ինչպես արդեն նշեցինք, առաջին հերթին կապված է Ռուսաստանի տնտեսական դժվարությունների՝ առաջին հերթին՝ նավթի գների անկման հետ։ ՌԴ-ում մեծապես տուժել է նաեւ շինարարության ոլորտը, որում զբաղված է Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների մեծ մասը։

Ըստ ռուսաստանյան մասնագետների, Ռուսաստանից կատարվող փոխանցումների միջին չափը կրճատվել է 25.6%-ով՝ կազմելով 447 միլիոն դոլար։ «Ռուսսլավբանկի» տնօրենների խորհրդի փոխնախագահ Սերգեյ Բլուդովը փոխանցումների կրճատման գլխավոր պատճառը համարում է աշխատանքային միգրանտների եկամուտների նվազումը։ Բլուդովը նաեւ նշում է, որ ազդել է նաեւ ռուբլու արժեզրկումը. Ռուսաստանում աշխատող միգրանտները աշխատավարձը ստանում են ռուբլով, հետո սովորաբար վերածում արտարժույթի, նոր միայն ուղարկում իրենց հարազատներին։

Բլուդովի կանխատեսմամբ, երկրորդ եռամսյակում ՌԴ-ից կատարվող դրամական փոխանցումների կրճատումն ավելի զգալի կլինի՝ 40% կամ ավելի։ Նշենք նաեւ մի ուշագրավ երեւույթի մասին. ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներով, 2009թ. առաջին եռամսյակում աճ արձանագրած միակ ցուցանիշը ԱՊՀ երկրներից Ռուսաստան կատարվող փոխանցումներն են։ Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում ԱՊՀ երկրներից Ռուսաստան է ուղարկվել 250 միլիոն դոլար, ինչը 2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Պատճառը պարզ է. դրամական փոխանցումների Migom համակարգի ղեկավարներից մեկի՝ Լեւ Չուգունովի կարծիքով, ԱՊՀ երկրներից մարդիկ փող են ուղարկում Ռուսաստանում գտնվող իրենց բարեկամներին, ովքեր կորցրել են աշխատանքը եւ օգնության կարիք ունեն։