Հակառակորդը պայմանական չէ եւ շուտով կոչնչացվի

03/08/2005

Հուլիսի 18-ին Վրաստանի՝ գերազանցապես հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթի
մարզի Ախալցխայի շրջանի Օրֆոլո զինավարժարանում ավարտվեցին «Զրահ-2005»
լայնամասշտաբ զորավարժությունները, որոնց մեկամսյա ընթացքին մասնակցում
էին Վրաստանի զրահատանկային զորքերի անձնակազմն ու տեխնիկան։

«Կապույտ երկիրը» հորինվածք չէ։ Այն Վրաստանի համար իսկապես կա եւ շուտով
չի լինի»,- լրագրողներին ասաց Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի
Օքրուաշվիլին՝ նկատի ունենալով որպես նպատակակետ ընտրված պայմանական
հակառակորդին։

Ցուցադրական զորավարժություններին մասնակցել են ավելի քան 150 միավոր տանկ
եւ այլ տեխնիկա, մոտ 1300 զինծառայող։ Սցենարով նախատեսվում էր գրավել
«Կապույտ երկիր» պայմանական անունը կրող պետության շրջաններից մեկը։
Ստացված արդյունքները վկայում են, որ զինծառայողներն ու տեխնիկան կատարել
են իրենց առջեւ դրված խնդիրները։

Զորավարժություններին ներկա էին խորհրդարանի 40 պատգամավոր եւ անվանի
մարզիկներ։ Նախատեսված էր նաեւ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի
մասնակցությունը, սակայն նախագահը չեկավ, քանի որ մեկնում էր Հոլանդիա՝ իր
հղի տիկնոջ՝ Սանդրա Ռուլովսի եւ որդու՝ Էդուարդի հետ արձակուրդն
անցկացնելու։

Տ.Պ.