Ուժեղի մոտ…

18/06/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հետեւելով վերջին օրերի զարգացումներին՝ թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային, կարելի է մի շարք հետաքրքիր զուգահեռներ գտնել։ Օրինակ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունիսի 12-ի հանրահավաքում ներկայացրել էր մի դրվագ՝ եվրոպացի դիվանագետներից մեկի հետ ունեցած իր զրույցից։

«Երբ դիվանագետը բազմիցս հավաստիացրեց, թե իր երկիրն անկեղծորեն շահագրգռված է օգնած լինել Հայաստանին, ես փորձեցի ճշտել՝ Հայաստան ասելով, նկատի ունի մեր երկրի իշխանությունների՞ն, թե՞ ժողովրդին։ Նա, անշուշտ, հասկացավ իմ ակնարկը, բայց դիվանագիտորեն ու մի փոքր նյարդայնացած կրկնեց, որ իր երկիրն ուզում է օգնած լինել Հայաստանին»,- ասել էր Լ. Տեր-Պետրոսյանը։

Այս առնչությամբ՝ հետաքրքիր է հնչում նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրեր առաջ Մոսկվայում արած հայտարարությունը. որքան ուժեղ լինի Ռուսաստանը, այնքան ուժեղ կլինի Հայաստանը։ Հետաքրքիր է՝ ո՞ւմ նկատի ուներ Սերժ Սարգսյանը՝ թե՛ «Ռուսաստան», թե՛ «Հայաստան» ասելիս։ Եթե նկատի ուներ Ռուսաստանը՝ որպես երկիր, ապա մի փոքր վիճելի է։ Որոշ իմաստով, որքան ուժեղ է Ռուսաստանը, այնքան թույլ է Հայաստանը, որովհետեւ ուժեղ Ռուսաստանը ավելի մեծ հնարավորություններ ունի ազդելու Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության վրա։ Թարմ օրինակ՝ Հայաստանի հրաժարվելը ՆԱՏՕ-ի զորավարժություններից։ Հնարավոր է` շուտով մի օրինակ էլ լինի՝ Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի հետ կապված, որը մենք մայիսին ստորագրեցինք, եւ որին Ռուսաստանը մեծ խանդով է վերաբերվում։ Փոքր-ինչ զարմանալի է, որ մեծ խանդավառությունից հետո ՀՀ կառավարությունը (մասնավորապես՝ ԱԳՆ-ն) լռություն է պահպանում այդ ծրագրի զարգացումների ու հեռանկարների մասին։ Ինչեւէ, վերադառնանք «Ուժեղ Ռուսաստանին»։

Եթե Ս. Սարգսյանն «ուժեղ Ռուսաստան» ասելով` նկատի ուներ իշխանություններին, ապա այս հարցում ամեն ինչ նորմալ է. ՌԴ իշխանությունները շա՜տ ուժեղ են։ Դրանում օրերս բոլորը համոզվեցին՝ հեռուստատեսային նորություններով դիտելով ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի միջեւ տեղի ունեցածը։ Մի քանի բառով ներկայացնենք միջադեպը՝ այն ընթերցողների համար, ովքեր չեն դիտել։ Լենինգրադի երկրամասի Պիկալեւո քաղաքի երեք գործարանները, որոնցում աշխատում է քաղաքի ողջ բնակչությունը, տնտեսական ճգնաժամի պատճառով կանգնել են, աշխատողներին էլ մի քանի ամիս աշխատավարձ չեն տվել։ Վերջիններս էլ, ի նշան բողոքի, փակել են Սանկտ Պետերբուրգ – Վոլոգդա մայրուղին եւ պահանջել, որ Պուտինը գա իրենց հետ հանդիպման։ Պուտինն, ի զարմանս շատերի, եկել է։ Շրջել է գործարանով, քննադատել ղեկավարներին՝ գործարանը «աղբանոցի» վերածելու համար, հետո խորհրդակցություն անցկացրել սեփականատերերի հետ։ Իսկ գլխավոր սեփականատերը օլիգարխ Օլեգ Դերիպասկան է. մարդ, ում կարողությունը մինչեւ ճգնաժամը գնահատվում էր 28 միլիարդ դոլար։ Այսինքն՝ շա՜տ ազդեցիկ մի կերպար։ Սակայն դա Պուտինին չի խանգարում հրապարակավ «փչացնել» Դերիպասկային։ Ստորեւ ներկայացնենք այդ «արարողության» սղագրությունը։

Պուտին (դիմելով հումքի մատակարար Վոլկովին). – Դուք ստորագրե՞լ եք այս պայմանագիրը։

Վոլկով. – Այո։

Պուտին (սպառնալից նայելով Դերիպասկային).- Իսկ Օլեգ Վլադիմիրովիչը ստորագրե՞լ է։

Դերիպասկա (զգուշորեն).- Ստորագրել եմ։

Պուտին (թափահարելով պայմանագիրը).- Ինչ-որ չեմ տեսնում ձեր ստորագրությունը։ Եկեք այստեղ, ստորագրե՛ք։ Եկեք ինձ մոտ։ Ահա պայմանագիրը։

Պուտինը արհամարհանքով սեղանին է շպրտում պայմանագիրն ու գրիչը։ Դերիպասկան՝ նույն ինքը՝ «Forbes»-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, վախվորած մոտենում է սեղանին, վերցնում շպրտված գրիչն ու պայմանագիրը, կարդում, ստորագրում ու վերադառնում իր տեղը։ Սակայն այնքա՜ն է շփոթված լինում, որ իր հետ վերցնում է նաեւ Պուտինի գրիչը, ինչը չի վրիպում նախկին նախագահի աչքից։ «Գրիչը վերադարձրեք»,- ասում է Պուտինը՝ տասնյակ միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առաջ։

Հատկապես հենց այս վերջին ռեպլիկը դուր եկավ հեռուստադիտողներին։ Ինչպես գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ նրանք ծիծաղում են, մոռանալով, որ Ռուսաստանը շուկայական տնտեսություն է, եւ պաշտոնյան իրավունք չպիտի ունենար նման կերպ վարվել մասնավոր ընկերության սեփականատիրոջ հետ։ Նշենք նաեւ, որ Պուտինը գործարանի ղեկավարներին 1 օր ժամանակ էր տվել՝ աշխատավարձի պարտքերը մարելու համար, թափանցիկ ակնարկելով, որ հակառակ դեպքում պետությունը կարող է գործարանը նրանց ձեռքից խլել։ Ու այդ հանդիպումից մի քանի ժամ հետո ռուսական հեռուստաալիքները ցույց էին տալիս, թե Պիկալեւոյի երջանիկ բնակիչներն ինչպես են բանկոմատներից ստանում իրենց աշխատավարձը։

Ռուս լրագրողներից մեկն այս առնչությամբ մի շատ ուշագրավ համեմատություն է արել. «Վերջերս հարավաֆրիկյան գիտնականները մի հետաքրքիր հայտնագործություն են արել։ Նրանք պարզել են, որ տափակ մողեսի որոշ արուներ վտանգի դեպքում կարող են փոխակերպվել էգի։ Սեռական նման փոխակերպումը, ինչպես երեւում է, հատուկ է նաեւ որոշ մարդկանց, երբ նրանք հանդիպում են ավելի ուժեղ մրցակիցների…»։

Փաստորեն, Ռուսաստանի իշխանությունը շա՜տ ուժեղ է։ Իսկ Հայաստա՞նը, Հայաստանի ղեկավարությունը։ Օրինակ՝ կարո՞ղ եք պատկերացնել, որ Պուտինի հայաստանյան գործընկերը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կարող էր նույն կերպ վարվել հայաստանյան օլիգարխների հետ։ Մենք էլ չենք պատկերացնում։ Պատճառն, իհարկե, այն է, որ դա դեմ է ազատական տնտեսության սկզբունքներին, իսկ կառավարությունը հավաստիացնում է. «Տնտեսական ճգնաժամի արդյունքում առաջացած քաղաքականության որոշակի ճշգրտման անհրաժեշտությունը ոչ մի դեպքում չի հանդիսանա ազատական քաղաքականության ուղուց շեղվելու պատճառ» (մեջբերում ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացման մասին Կառավարության ամփոփ հաշվետվությունից)։ Կարծես վատ չի. վերջիվերջո, երկիրը ուժեղ է ոչ թե գոռացող պաշտոնյաներով, այլ պաշտպանված գործարարներով ու քաղաքացիներով։ Բայց մյուս կողմից, երբ հիշում ես, թե ո՞ւմ են պատկանում Հայաստանի էներգետիկ հզորությունները, հեռահաղորդակցության եւ այլ ոլորտների կարեւորագույն ոլորտները, ուրախանալու ոչ մի առիթ չի մնում։ Մեր երկրի ստրատեգիական ոլորտները գտնվում են այն մարդկանց ձեռքերում, որոնց ՌԴ վարչապետը հանգիստ դեմքով ստորացնում է։ Իսկ երբ այդ մարդիկ Հայաստան են գալիս, նրանց ընդունում են ամենաբարձր մակարդակով։ Ու այս ամենը հաշվի առնելով՝ մարդ վախենում է ենթադրել, թե Պուտինը կամ Մեդվեդեւը ինչեր կարող են իրենց թույլ տալ անմիջապես մերոնց հետ շփվելիս։ Որովհետեւ՝ որքան ուժեղ է Ռուսաստանը, այնքան «ուժեղ» ենք մենք։