«Մենք հիմա մեր տո՜ւնն ենք ունենալու»

18/06/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մեկ ամիս առաջ Արարատի մարզի Տափերական գյուղի դաշտում հանդիպեցի երկու հնձվորի: Նրանք հայր ու տղա էին ու օրավարձով խոտհունձ էին անում գյուղացիների համար:

Երբ մոտեցա ու բարեւեցի, նրանք նայեցին ինձ ու նորից շարունակեցին աշխատանքը: Շփոթված կանգնել էի, չգիտեի` հեռանա՞լ, թե՞ սպասել: «Աղջիկ ջան, մեր նմաններին չեն բարեւում արդեն շատ վաղուց»,- ասաց հնձվորը` գերանդին այս ու այն կողմ տանելով ու պատմելով իր ոդիսականը: Մասնագիտությամբ ռադիոինժեներ Մարտիրոս հնձվորն ավարտել է Գորկու եւ Դնեպրոպետրովսկի համալսարանները, այնուհետ ամուսնացել է, բայց այդպես էլ երբեւէ տուն չի ունեցել: Երեք տարի առաջ ընտանիքի հետ տեղափոխվել է Տափերական գյուղ, որտեղ ապրում են նաեւ քույրն ու եղբայրը: Ամսական 10.000 դրամ վարձ է տալիս տան համար: «Ժամանակին եղել եմ հարգված մարդ, իսկ հիմա՞: Հիմա ապրում եմ առանց հույսի: Աշխատում եմ ամբողջ օրը, բայց աշխատավարձս ճնշումիցս էդպես էլ չի բարձրանում: Մենակ մի բան եմ երազում` մի պահ տեսնել Ռալֆ Յիրիկյանին»,- ասաց հնձվոր Մարտիրոս Հովհաննիսյանը` արեւամուտի անուժ շողերի տակ թաքցնելով հայացքը: Օրեր առաջ զանգահարեցի հնձվորին` հաղորդելով նրան, որ Ռ. Յիրիկյանն ուզում է իրեն տեսնել: Հեռախոսի այն կողմից ձայնը դադարեց հնչել: Ժամեր անց Մարտիրոս Հովհաննիսյանը Երեւանում էր` Ռալֆ Յիրիկյանի գրասենյակում: Այստեղ ոչ միայն հայացքն էր թաքցնում, այլեւ` ձեռքերը: «Ներեցեք, սեւ թութ եմ կերել, դրա համար էլ ձեռքերս սեւ են»,- ասաց գյուղի` դեռեւս գրանցում չունեցող բնակիչը: Այնուհետ զրույցին միացավ գյուղացու կինը` տիկին Քնարիկը: «Ձեռագիրս փոխել չեմ կարող, ինչպես բնավորությունս: Ինձ բավական է միայն այն, որ Ձեզ տեսա»,- նշեց Մ. Հովհաննիսյանը: Ամուսինները հուզված էին, նրանք չէին մտածում անգամ, որ կարող է Ռալֆ Յիրիկյանի գրասենյակից դուրս գան տուն ունենալու հեռանկարով: Ռ. Յիրիկյանը խոստացել էր գումար տալ տուն կառուցելու համար, որը պետք է կառուցի Մարտիրոս Հովհաննիսյանը: «Ես չէի սպասում: Սա երազ է, երկա՜ր-երկար»,- ասում է պարոն Մարտիրոսը: Երեկ մենք նորից այցելեցինք Տափերական գյուղ: Պարզվեց` խոչընդոտող հանգամանքներ կան, որոնք հնարավոր է, որ թույլ չտան Մարտիրոսին տուն կառուցել: Խոչընդոտներից մեկն այն է, որ այն հողատարածքը, որը Մարտիրոս Հովհաննիսյանը ստացել է` դեռեւս անօրինական է: Այսինքն` երեք տարի առաջ Մ. Հովհաննիսյանի եղբայրը` Մարատ Հովհաննիսյանը, գյուղի բնակիչ Հովհաննես Մեհրաբյանից 1200 մետր հողակտոր է գնել 1500 դոլարով, որոնք իրար կից են: 1200 մետրից 560 մետրը` Մարատ Հովհաննիսյանը նվիրել է եղբորը: Սակայն այդ հողատարածքի օրինականացման համար դեռեւս չկա Հովհաննես Մեհրաբյանի աղջկա համաձայնությունը, ով գտնվում է Իսպանիայում: Հ. Մեհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հողը վաղուց է վաճառել ու որեւէ խնդիր չի լինի, քանի որ աղջիկն ամռանը գալու է, ու ամեն ինչ կարգավորվելու է: «Մի գյուղի բնակիչներ ենք: Ամոթ չէ՞: Ի՞նչ պրոբլեմներ պիտի լինեն»,- մեզ հետ զրույցում ասաց Հ. Մեհրաբյանը: Բացի այդ, պարզվեց նաեւ, որ Մարտիրոս Հովհաննիսյանը գյուղի գրանցում չունի ու դա եւս կարող է լուրջ խոչընդոտ լինել տան կառուցման համար: Տափերականի գյուղապետ Միհրան Մանասերյանն էլ խոստացավ, որ ինքը կաջակցի Մ. Հովհաննիսյանին թղթաբանական բոլոր հարցերում:

Նշենք, որ գյուղն ունի 1150 տնտեսություն, 150 հա բնակարանային հողեր եւ 600 հա գյուղօգտագործման հողեր: «Ես ամեն ինչ կանեմ, ու կտեսնեք՝ մինչեւ հոկտեմբեր տունս պատրաստ կլինի»,- ասես ինքն իր հետ բարձրաձայն մտածելով՝ խոսում էր պարոն Մարտիրոսը: «Ես կկառուցեմ երկու սենյականոց տուն, խոհանոց: Դա արքայություն է մեզ համար»,- նշեց գյուղի ապագա բնակիչը` նորից հիշելով մեկ ամիս առաջ Տափերականի դաշտը, որտեղ տղայի հետ խոտհունձ էին անում, իսկ հողատերն էլ իրենց կատարած աշխատանքի համար վճարվելիք 10.000 դրամը դեռեւս չի տվել: Այստեղ էլ խնդիրները քիչ չեն` հնձվորը գերանդու պարտքը դեռ չի տվել: «Հենց էդ օրը գերանդու պոչը ջարդվեց: Իսկ գերանդու համար ամիսը 7000 դրամով եմ վճարում»,- արդեն ինքնագիտակցաբար պատմում էր պարոն Մարտիրոսը: Իսկ երեխաներն արդեն որոշել են, թե ինչ են դառնալու` Մուշեղը նոր տեխնոլոգիաների ոլորտն է ընտրելու, իսկ Մանուշակը` լրագրության: «Հիմա հավատում ենք հրաշքներին: Մենք ունենալու ենք մեր տունը, այլ ոչ թե ասելու ենք` էսինչի տանն ենք մնում: Մեր տունը»,- ասացին երեխաները` ջերմոցի ներսում ցույց տալով բիբարի ծաղիկները: