«Առանց ամաչելու սուտ են ասում»

18/06/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Կիլիկիա 1 փողոցի 23 տան բնակչուհի Կարինե Մանսուրյանի խնդրին: Հիշեցնենք, որ վերջինս տարիներ շարունակ տիրապետել է վերոնշյալ հասցեում գտնվող հողատարածքին, սակայն իր հարեւան Բաղդասար Խալաթյանն առանց որեւէ իրավական փաստաթղթի զավթել է իր ընտանիքին պատկանող մոտ 206.0 քմ մակերեսով հողատարածքը եւ այնտեղ ապօրինի շինարարություն է իրականացնում:

Տեւական ժամանակ է, ինչ այս տիկինը դիմում-բողոքներով ահազանգում է իր դեմ կատարվող ոտնձգությունների մասին, սակայն, ըստ նրա` «Բոլորն էլ խաբում, ճանապարհում են: Էլ տեղ չմնաց, որ չդիմեմ. ասում են` ապօրինի է, իսկույն կքանդենք, բայց գնում եմ տուն, ականատես եմ լինում, որ ոչ եկել են, ոչ էլ քանդել: Փաստորեն զոռբայությամբ կարելի է անօրինականությունը շարունակել եւ ուզածին հասնել»,- ասում է Կ. Մանսուրյանը, ով շաբաթներով կանգնում է Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ, որ մեկն իրեն ընդունի եւ իր խնդրի առնչությամբ համապատասխան քայլեր ձեռնարկի: Ի դեպ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել է Կ. Մանսուրյանի պահանջը` վճռելով. «Ճանաչել Վաչագան Մանսուրյանի (ամուսնու) օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունքը Երեւանի Կիլիկիա թաղ. 1-ին փող. թիվ 23 տանը հարող տարածքում նրա կողմից փաստացի օգտագործվող 206.0 քմ մակերեսով հողամասի նկատմամբ»: Մինչդեռ, առաջին ատյանի դատարանի վճռի դեմ բողոքարկել է Երեւանի քաղաքապետարանը, բայց ինչ-ինչ պատճառներով դատական պրոցեսը կասեցվել է: Կ. Մանսուրյանն ասում է, որ իր հարեւան Բ. Խալաթյանի ապօրինի գործողությունները կանխել հնարավոր չէ, քանի որ ցանկացած միջամտության դեպքում նա գործի է դնում բռունցքները: Դրա վառ ապացույցը 2007թ. հունիս ամսին կատարված միջադեպն է, որի արդյունքում Բ. Խաչատրյանը Կ. Մանսուրյանին մարմնական վնասվածքներ է հասցրել, իսկ վերջինս այդ դեպքից հետո ստիպված է եղել երկար ժամանակ պառկել հիվանդանոցում: Այնուհետեւ «Մալաթիա-Սեբաստիա» համայնքի Ոստիկանությունը քրեական գործ հարուցելու Կ. Մանսուրյանի բողոքը մերժել է Մալաթիայի քննչական բաժնի քննիչ Ռ. Համբարձումյանի հետեւյալ որոշմամբ` «Սույն նյութերով Կ. Մանսուրյանի մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ մասը մերժել հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ: Նյութերի` Բ. Խալաթյանի կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ մասով քրեական գործի հարուցումը մերժել` գործուն զղջալու պատճառաբանությամբ»: Կ. Մանսուրյանն, այնուամենայնիվ, ընկած դռնեդուռ՝ խնդրում է կասեցնել Բ. Խալաթյանի ապօրինի գործողությունները: «Հասկանո՞ւմ եք, բոլորը սուտ են խոսում: Նայում են աչքերիս մեջ ու ինձ համոզում են, որ ապօրինի այդ շինությունը քանդել են: Գնում եմ քաղաքապետարան, բողոքում եմ, ասում են` գալիս ենք քանդենք, բայց խաբում են»,- ասում է Կ. Մանսուրյանը եւ ասածն ապացուցելու համար ներկայացնում է քաղաքապետարանի Աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունից ստացված բազմաթիվ պատասխանները: Ընդ որում` բոլոր պատասխաններում նշվում է մի բան, որն, ըստ Կ. Մանսուրյանի, տեղի չի ունեցել. «Երեւանի քաղաքապետարան հասցեագրված Ձեր դիմումի կապակցությամբ հայտնվում է, որ քաղ. Բ. Խալաթյանի կողմից նախաձեռնած մուտքի կառուցման ինքնակամ շինարարական աշխատանքները կանխվել եւ քանդվել են»: Կ. Մանսուրյանի կողմից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված դիմումը վերահասցեագրվել է քաղաքապետարան, որի պատասխանը կրկին ստացվել է Աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հ. Ասատրյանի կողմից. «Ի պատասխան ՀՀ նախագահին հասցեագրված Ձեր դիմումի տեղեկացնում եմ, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճռով բավարարվել է Ձեր հայցը եւ ճանաչվել օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունքը` Կիլիկիա թաղամաս 1-ին փողոց, հ. 23 տանը հարող տարածքում Ձեր կողմից փաստացի օգտագործվող 206.0 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, սակայն Երեւանի քաղաքապետի գրությամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել առաջին ատյանի դատարանի վերոնշյալ վճռի դեմ, բայց դատարանի 26.06.2007թ. ընդունած որոշմամբ քաղաքացիական գործը թողնվել է առանց քննության, քանի որ կողմերը չեն ներկայացել դատական նիստին: Միաժամանակ հայտնում եմ, որ Կիլիկիա 1-ին փողոց, հ. 23 տանը հարող տարածքում քաղաքացի Բ. Խալաթյանի կողմից նախաձեռնված շինարարական աշխատանքները Երեւանի քաղաքապետարանի կողմից դեռեւս 2008թ. մարտին կանխվել են, որից հետո հիշյալ տարածքում որեւէ շինարարական աշխատանք չի կատարվել»: Հ. Ասատրյանի վերոնշյալ պատասխանի առնչությամբ Կ. Մանսուրյանը մեզ հետ զրույցում ասաց. «Սո՛ւտ է, իրենք խաբում են առանց ամաչելու: Չի՛ եղել նման բան, քանի որ այդ ապօրինի շինությունն առկա է: Իրենք առանց ամաչելու ասում են` քանդել ենք, բայց խնդրեմ` կարող եմ ուղեկցել եւ ապպացուցել: Ապշել կարելի է, թե ո՞նց են սուտ խոսում: Ինձ երկու անգամ ընդունեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը եւ երկու անգամ կանչեց այդ վարչության աշխատողներին ու հանձնարարեց` գնացե՛ք, քանդե՛ք եւ լուսանկարները բերեք տեսնեմ: Արեյանի հանձնարարականն անգամ չկատարեցին: Իմ ներկայությամբ մարդը հանձնարարեց անմիջապես գնալ, քանդել, բայց ոչ եկան, ոչ էլ քանդեցին»: Ի դեպ, նախորդ հոդվածը պատրաստելիս մենք զրուցել էինք քաղաքապետարանի Աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հ. Ասատրյանի տեղակալ Հայկ Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում նույնպես վստահեցնում էր, որ ապօրինի շինարարության աշխատանքները դադարեցվել են: Կ. Մանսուրյանը հաստատեց, որ իսկապես կասեցվել է շինարարությունը, բայց համաձայն Կ. Արեյանի խոստման` այն պետք է անմիջապես քանդվեր, մինչդեռ ապօրինի շինությունը չի քանդվել: Մենք նաեւ խոսեցինք վերոնշյալ վարչության պետ Հ. Ասատրյանի հետ, ով նույնպես ասաց, որ աշխատանքները կասեցվել են, բայց շինությունը չի քանդվել, քանի որ վարչարարական հիմունքների շրջանակներում անհրաժեշտ է վարչական վարույթ կազմել եւ ուսումնասիրել համապատասխան փաստաթղթերը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ վիճելի հողատարածքի վերաբերյալ վերաքննիչ դատարանում գործը պրոցեսի մեջ է, հետեւաբար՝ քաղաքապետարանն իրավունք չունի մինչեւ դատարանի վճռի արձակումը քանդման գործողություն կատարել: Հ. Ասատրյանի այս մեկնաբանությունն առնվազն տարօրինակ է այն առումով, որ վերաքննիչ բողոքը ներկայացրել է քաղաքապետարանը, իսկ հայցվոր, պատասխանող կողմեր են հանդիսանում քաղաքապետարանը եւ Կ. Մանսուրյանը: Եթե նույնիսկ գործը դատարանում է եւ տարածքի վիճելի տիրապետողներն այս երկու կողմերն են, ապա մեկ այլ բնակչի անօրինական շինությունը քանդման ենթակա է անկախ ամեն ինչից: Այս ամենից կարելի է մեկ հետեւություն անել` քաղաքապետարանը Բ. Խաչատրյանին տարածք է խոստացել եւ դատարանի քաղաքապետարանի օգտին վճիռ կայացնելու պարագայում` կիսակառույցը կշարունակվի քաղաքապետարանի տրամադրած Բ. Խալաթյանի արդեն օրինական փաստաթղթերով: