Սպանե՞լ է քրոջը

18/06/2009

Անցած շաբաթ Մեծ Բրիտանիայի թագավորական դատարանում լսվել է Իոլանդա Քոքսի մահվան գործը: Օքսֆորդի համալսարանի 22-ամյա այս շրջանավարտը մահացել է 2007 թվականին, այն բանից հետո, երբ նրա ավագ քույրը՝ 38-ամյա Իվոննա Փամբակյանը նրան ներարկել է B71 կոչվող նյութը: Այդ նյութը, որը իբրեւ թե կանխում է ծերացումը, պաշտոնապես մշակվում է Amro Biotech ընկերության կողմից, որտեղ աշխատել են երկու քույրերը: Իսկ այդ ընկերությունը հիմնադրել է նրանց մայրը` Արփի Մաթոսյան-Ռոջերսը: Մահացած աղջիկը նույն օրվա մեջ երեք անգամ ներարկվել է այդ նյութով, ինչից սկսել է վատ զգալ եւ տեղափոխվել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկը: Նրա ընտանիքի անդամները սկզբում բժիշկներին չեն տեղեկացրել ներարկված նյութի, դրա քիմիական բաղադրության մասին: Ի վերջո, բժիշկները ինչ-որ «թղթեր» են ստացել, որտեղ նկարագրված է եղել իրենց հիվանդին ներարկված նյութի մասին: Հիվանդանոցում անցկացված փորձերն ապացուցել են, որ Իոլանդայի ուղեղը անդառնալիորեն վնասված է եղել: Այդուհանդերձ, դատարանի որոշմամբ, Իոլանդա Քոքսի մահը որակվել է որպես դժբախտ պատահար, եւ դատարանը բավարարվել է միայն Իվոննա Փամբակյանի նկատմամբ ժամանակավորապես դեղորայք նշանակելու արգելք սահմանելով: