«Ղարաբաղյան եւ պաղեստինյան խնդիրների ընդհանրությունները շատ են»

18/06/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

– Արաքս, մայիսի 23-25-ը Դամասկոսում տեղի ունեցավ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության (ԻԿԿ) արտգործնախարարների հանդիպումը: Ընդունվեց 24 կետից բաղկացած, «ՀՀ ագրեսիան ընդդեմ Ադրբեջանական Հանրապետության» բանաձեւ: Դրանից առաջ, ապրիլի 21-22-ը Բաքվում տեղի էր ունեցել ԻԿԿ անդամ երկրների իրավապահ մարմինների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը պատմել էր, թե ինչպես է «Ադրբեջանը տառապում հարեւան Հայաստանի ագրեսիայից»: Վերջին տարիներին Ադրբեջանի գործուն ջանքերի արդյունքում իսլամական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմինը` ԻԿԿ-ն, պարբերաբար դատապարտել է Ադրբեջանի դեմ Հայաստանի «ագրեսիան», կոչ արել իսլամական աշխարհին` խուսափել Հայաստանի հետ շփումներից: Իսլամական կառույցի նման դիրքորոշումն ի՞նչ է տալիս Ադրբեջանին, եթե հաշվի առնենք, որ այն չունի իրավական որեւէ ուժ:

– 1990-ականների սկզբից Ադրբեջանը միջազգային, այդ թվում` իսլամական շրջանակներում, ձեռնամուխ եղավ ակտիվ քարոզչության` ձգտելով Ղարաբաղյան հարցը լուծել հօգուտ Ադրբեջանի: Ի թիվս այլ կռվանների` Ադրբեջանը փորձում էր իսլամական համերաշխության գաղափարն օգտագործել իսլամական պետությունների, մասնավորապես՝ ԻԿԿ-ի աջակցությունը ձեռք բերելու համար: Հայաստանի իշխանություններն իրենց հերթին աշխատում էին, որպեսզի ԻԿԿ-ն չեզոք դիրքորոշում որդեգրի, սակայն Շուշիի եւ Քելբաջարի ազատագրումից հետո իրավիճակն արմատապես փոխվեց հօգուտ Ադրբեջանի: Թուրքիայի միջամտությամբ հայ-ադրբեջանական հակամարտության թեման 1992-ից` Ստամբուլի կոնֆերանսից ի վեր, դարձավ ԻԿԿ-ի քաղաքական օրակարգի բաղկացուցիչը, իսկ Ադրբեջանն անդամակցեց միջազգային կրոնաքաղաքական այս կառույցին:

– Թեեւ իսլամական շատ երկրների հետ Հայաստանն ունի բարեկամական հարաբերություններ, սակայն ստացվում է, որ ԻԿԿ-ին անդամակցող այդ երկրնե՞րն էլ, որպես կանոն, դատապարտում են Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի «զավթողական» քաղաքականությունը:

– Այո, ԻԿԿ-ն Հայաստանին դատապարտել է իբրեւ «ագրեսոր», Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ ունեցող եւ Ադրբեջանի մշակութային արժեքներն ու ռեսուրսները ոչնչացնող մի երկիր եւ պահանջել, որպեսզի Հայաստանն առանց վերապահումների վերադարձնի Լեռնային Ղարաբաղը եւ «գրավյալ» բոլոր շրջանները: Մեկ անգամ չէ, որ ԻԿԿ-ն կոչ է արել իսլամական պետություններին եւ միջազգային հանրությանը` «օգտագործել քաղաքական եւ տնտեսական ազդեցիկ միջոցներ` վերջ դնելու հայկական ագրեսիային եւ ադրբեջանական տարածքների բռնազավթմանը», «զերծ մնալ Հայաստանին զինուժ եւ սպառազինություններ» կամ այդ նպատակով Հայաստանին տրանզիտային տարածք տրամադրելուց, որպեսզի վերջինս հնարավորություն չունենա ընդլայնել հակամարտությունը: ԻԿԿ-ն «գրավյալ» տարածքներում ադրբեջանցի բնակչության դեմ գործողությունները որակել է իբրեւ «մարդկության դեմ ուղղված հանցագործություն»:

– Ինչպես արդեն նշեցինք, ԻԿԿ վերջին երկու հանդիպումների ժամանակ էլ քննարկման նյութ դարձավ հայ-ադրբեջանական հակամարտությունը եւ դարձյալ Հայաստանը դատապարտվեց, իսկ Ղարաբաղը ներկայացվեց՝ որպես թմրաբիզնեսի, ապօրինի զենքի վաճառքի կենտրոն:

– Ադրբեջանը մշտապես կարողանում է իսլամական ֆորումները լավագույնս օգտագործել սեփական քարոզչության եւ Ղարաբաղյան խնդրին հնչեղություն տալու իմաստով: Բաքվում ապրիլի 21-22-ը տեղի ունեցած իսլամական պետությունների իրավապահ մարմինների ղեկավարների կոնֆերանսին, որը նվիրված էր տրանսազգային կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարին, խոսելով միջազգային տարբեր հանցագործությունների եւ ահաբեկչության մասին, Ադրբեջանի նախագահ Ի.Ալիեւը նշեց, որ իր երկիրը որքան ժամանակ է` «տառապում է հարեւան Հայաստանի ագրեսիայից, որը գրավյալ ադրբեջանական տարածքներում ստեղծել է չվերահսկվող տարածքներ, որտեղ ծաղկում է թմրաբիզնեսը, ապօրինի զենքի վաճառքը, փողերի լվացումը»: Նրա կարծիքով` «հանցագործությունները, որ կատարվում են այդ շրջաններում, սպառնալիք են ոչ միայն Ադրբեջանի, այլ ողջ տարածաշրջանի համար»` այդ տեսանկյունից էլ հիմնավորելով իսլամական պետությունների համագործակցության անհրաժեշտությունը ոչ միայն տարածաշրջանային, այլեւ աշխարհի մակարդակով: Իսկ հանդիպումից հետո, մամլո ասուլիսում, ԻԿԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Իզզեթ Քամալ Մուֆթին նշեց, որ եթե գտնվեն ԻԿԿ անդամ պետություններ, որոնք ընդառաջ չգնան պաշտոնական Երեւանի հետ չհամագործակցելու` կազմակերպության որոշմանը, ապա ԻԿԿ-ն պետք է ճնշում գործադրի այդ երկրների վրա: Նման դիտարկումն, իհարկե, այնքան էլ իրատեսական չի թվում. ԻԿԿ մի շարք հանդիպումներից հետո Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, թե իսլամական պետություններն այլեւս դադարեցնելու են Հայաստանի հետ իրենց շփումները: ԻԿԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որ տեղի ունեցավ մայիսի 23-25-ը, Դամասկոսում, որտեղ ընդունվեց 24 կետից կազմված «Հայաստանի Հանրապետության ագրեսիան Ադրբեջանի Հանրապետության դեմ» բանաձեւը, որը կրկնում էր ԻԿԿ նախորդ որոշումները: Սակայն հյուրընկալող երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադն իր ելույթում իսլամական աշխարհի առաջ ծառացած խնդիրների մասին խոսելիս՝ հայ-ադրբեջանական հակամարտությանը չանդրադարձավ: Ի դեպ, մեկ անգամ չէ, որ իսլամական աշխարհի առաջնորդները շրջանցում են Ղարաբաղյան խնդիրը, ինչը փաստում է, որ «ադրբեջանական գրավյալ տարածքների» հարցն իսլամական աշխարհում չունի հնչեղություն:

– Նման միակողմանի բանաձեւերով ԻԿԿ-ն կարծես ավելի է սրում հակամարտությունն այն դեպքում, երբ, որպես միջազգային կառույց, կարող էր եւ նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը:

– ԻԿԿ-ն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման որեւէ ծրագիր առաջ չի քաշել, թեեւ կողմ է խնդիրը բանակցային ճանապարհով կարգավորելուն: Հատկանշական է, որ հակամարտության խաղաղ կարգավորման պարագայում` որպես զիջումներ անող միակ կողմ, դիտարկվում է Հայաստանը, որն անհապաղ պետք է դուրս գա բոլոր «գրավյալ» տարածքներից: Ի դեպ, Լեռնային Ղարաբաղը երբեւէ չի հիշատակվել որպես հակամարտող կողմ, իսկ նրա իշխանությունները, որ ձեւավորվել են ընտրությունների արդյունքում, համարվում են «ոչ լեգիտիմ» եւ «հանցագործ»: Խորամուխ չլինելով հարցի էությանը` անդամ երկրները քվեարկում են Ադրբեջանի եւ նրա համախոհ երկրների կազմած նախագծերի օգտին` առանց հաշվի առնելու, թե որքանով են դրանք նպաստում հիմնահարցի կարգավորմանը:

– Անգամ Իրանն ու Սիրիա՞ն:

– Այո, կարելի է ասել, որ հայ-ադրբեջանական հակամարտության պարագայում այս կառույցը բացառապես առաջնորդվում է իսլամական համերաշխության սկզբունքով: Հետեւաբար, անհնար է վստահել ԻԿԿ-ին` որպես անաչառ կառույցի: Եվ վերջապես, իսլամական պետությունները պետք է գիտակցեն, որ արաբական իսլամական աշխարհի համար կարեւոր նշանակություն ունեցող Պաղեստինյան խնդրի եւ Ղարաբաղյան հարցի միջեւ շատ ընդհանրություններ կան:

– Այսօր միջազգային որոշ կառույցներ կորցրել են իրենց երբեմնի ազդեցությունը եւ քաղաքական հեղինակությունը, այդ թվում՝ եւ ՄԱԿ-ը: Հետաքրքիր է, այս տեսանկյունից որքանո՞վ է անվիճարկելի ԻԿԿ-ի հեղինակությունն իսլամական աշխարհում կամ միջազգային հանրության շրջանում, եւ որքանո՞վ են նրա որոշումները պարտադիր անդամ պետությունների համար:

– ԻԿԿ-ին ներկայումս անդամակցում են իսլամական բոլոր պետություններն ու այն պետությունները, որոնք ունեն իսլամական փոքրամասնություններ, թվով` 57: Ստեղծվել է 1960-ականների վերջերին, Սառը պատերազմի տարիներին, երբ արաբական աշխարհում ոչ այնքան բարենպաստ քաղաքական իրավիճակ էր` կապված արաբաիսրայելական հակամարտության հետ: ԻԿԿ-ի նպատակն է` հասնել իսլամական հիմնախնդիրների կարգավորմանը: Փաստ է, որ ԻԿԿ-ն դժվարություններ ունի ձեւավորելու միասնական իսլամական քաղաքականություն, քանի որ շատ դեպքերում իսլամական պետություններն առաջնորդվում են ոչ թե իսլամական համերաշխության, այլ աշխարհաքաղաքական հետաքրքրություններով ու շահերով: ԻԿԿ-ն չունի գործուն մեխանիզմներ եւ համապատասխան ռեսուրսներ իր որոշումներն իրականացնելու համար, այդ իսկ պատճառով դրանք շատ դեպքերում մնում են թղթի վրա: Բացի այդ, ԻԿԿ որոշումներն իրավական առումով պարտադիր չեն անդամ պետությունների համար. առավել հաջողված է ԻԿԿ-ի տնտեսական եւ ֆինանսական գործունեությունը: Ամեն պարագայում, ԻԿԿ-ն ներառում է մարդկային, նյութական, բնական հսկայական ռեսուրսներ եւ տարածքներ ունեցող պետություններ:

– Այդ դեպքում կարելի է եզրակացնել, որ կազմակերպության որոշումները Հայաստանի համար գործնական անախորժություններ չե՞ն ստեղծի:

– Հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ԻԿԿ որոշումները հիմնականում քարոզչական բնույթ են կրում: Իսլամական աշխարհի աջակցությունն Ադրբեջանին առաջին հերթին արտահայտվում է ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող բանաձեւերը հօգուտ Ադրբեջանի քվեարկելու հանգամանքով, Ադրբեջանին ԻԿԿ-ի կողմից տրամադրվող նյութական եւ բարոյական աջակցությամբ: Իսլամական այլ պետությունների հետ համեմատած` Ադրբեջանի համագործակցությունն ԻԿԿ-ի հետ աննախադեպ մեծ չափեր է ընդունել: Վերջին շրջանում գրեթե ամեն տարի Բաքվում տեղի են ունեցել ԻԿԿ տարբեր ձեւաչափի հանդիպումներ: Նման ակտիվություն ԻԿԿ-ում ցուցաբերում են բացառիկ պետություններ: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Ի.Ալիեւը, որպես կանոն, ընդգծում է ԻԿԿ աջակցությունն Ադրբեջանին, ինչը, ըստ նրա, կօգնի միջազգային ասպարեզում իր երկրին հուզող հարցերն առաջ քաշելու համար: Կարծում եմ` Ադրբեջանի հեղինակությունն իսլամական աշխարհում զգալիորեն աճել է:

– Քրիստոնեական Հայաստանն ունի՞ հնարավորություն` հակազդել Ադրբեջանի քայլերին:

– Այսօր Հայաստանն ԻԿԿ բազմաթիվ անդամ-պետությունների հետ ունի բարեկամական հարաբերություններ: Սակայն կան արմատական դիրքորոշում ունեցող պետություններ` Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Բանգլադեշը, որոնք հրաժարվում են Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել` պատճառ բերելով Ղարաբաղյան հակամարտությունը: Սակայն փաստն այն է, որ ԻԿԿ-ում Հայաստանի դեմ կազմված բանաձեւերին քվեարկում են անգամ Հայաստանի բարեկամ երկրները, ինչը, թերեւս, պետք է դիտարկել իսլամական համերաշխության համատեքստում: Հայաստանի արտաքին քաղաքականության ջանքերն առավել արդյունավետ ձեւով պետք է ուղղորդել իսլամական աշխարհում ադրբեջանական քարոզչության չեզոքացմանը: