Ո՞վ է պատասխան տալու

18/06/2009

«Հազարամյակի մարտահրավերներ» Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի նախկին 3 անդամներ` ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հ/կ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Խորան Արդ» հ/կ նախագահ Սեյրան Մարտիրոսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը երեկ հայտարարություն են տարածել, որտեղ ասված է. «Հայտնի է, որ ՀՄՀ-Հայաստան ծրագիրն էական զարգացում պիտի բերեր Հայաստանի գյուղական վայրերի շուրջ երեք քառորդին. վերականգնվելու եւ/կամ կառուցվելու էր 943 կմ գյուղական ճանապարհ, 200 կմ մայր ջրանցք, 30.000 հա ոռոգման ցանց, 18 ինքնահոս համակարգ, 7 ջրամբար եւ այլն: Սկսած 2007թ. ավարտից արդեն մտահոգող էին ՀՀ-ում իրադրությունը ներկայացնող այն 17 ցուցանիշները, որոնցով ՀՄ Կորպորացիան առաջնորդվում է ՀՄՀ-Հայաստան ծրագիրը ֆինանսավորելիս: 2008թ. փետրվարի ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ տեղ գտած օրինախախտումները, դրան հաջորդած զարգացումները, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները, մամուլի եւ խոսքի ազատության սահմանափակումներն էականորեն նվազեցրին ՀՀ ցուցանիշներից մի քանիսի վիճակը, ինչը, հասկանալի կերպով, ծրագրի կասեցման կամ դադարեցման լուրջ սպառնալիք դարձավ: 2008թ. մարտի 11-ին, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջ.Դանիլովիչը նամակ հղեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին` նախազգուշացնելով ՀՀ կառավարությանը «Հազարամյակի մարտահրավերներ» համաձայնագրի կասեցման իրական հավանականության մասին: Ավելի ուշ ՀՄԿ տնօրենների խորհուրդը որոշեց կասեցնել ՀՄՀ-Հայաստան ծրագրի ճանապարհաշինական բաղադրիչը` ակնկալելով ՀՀ-ում արդար կառավարման ոլորտում էական բարեփոխումներ: Այս խնդրում առաջընթաց չտեսնելով, 2009թ. մարտի 11-ին ՀՄԿ տնօրենների խորհուրդը ճանապարհաշինական բաղադրիչի կասեցման որոշումը չվերանայեց: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները պարտավոր էին մանրամասնությամբ, բարեխղճությամբ, միջազգային կառույցների մասնակցությամբ, հնարավորինս արագ հետաքննել զանգվածային ընտրախախտումները, խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված ուժային գործողությունները, 10 հայորդիների սպանությունը, հարյուրից ավելի մարդու վիրավորվելու, հազարից ավելի մարդու բերման ենթարկելու, ՀՀ քաղաքացիների իրավունքների հետեւողական սահմանափակումների, մամուլի գրաքննության, քաղաքական հետապնդումների, բանտային խոշտանգումների դեպքերը եւ հաշվետու լինել հանրությանը, իշխանությունները խոշոր հաշվով որեւէ նման գործողություն չձեռնարկեցին, ինչով ցուցադրեցին իրենց անտարբերությունը ՀՄՀ-Հայաստան ծրագրի մասնակի կամ ամբողջական կասեցման ռիսկի նկատմամբ: Իշխանություններին ուղղված ողջախոհության մեր եւ քաղաքացիական հասարակության այլ անդամների մեկ տասնյակից ավելի կոչերն արհամարհվեցին: Խնդիրը կարգավորելու համար ՀՀ իշխանությունների մշակված «Ցուցիչների բարելավման ծրագրի» նախագծի համար, 4 ամիս առաջ առաջարկել էինք այնպիսի գործողություններ, որոնցով ակնհայտորեն կբարելավվեր ՀՀ-ում ընտրական գործընթացը: Այս առաջարկներն ընդունելու կամ առնվազն քննարկելու փոխարեն՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ականատես եղանք ընտրողների կամարտահայտման այլանդակման այնպիսի մասշտաբների, ինչպիսիք նախկինում չէին եղել. ընտրական հանձնաժողովականների, վստահված անձանց ու դիտորդների աչքի առաջ անպատիժ լցոնումներ, լրագրողների, դիտորդների ու վստահված անձանց ծեծ ու հալածանքներ, ապօրինությունները չտեսնելու տվող վախեցած եւ թշվառ ոստիկաններ, թաղային եւ մերձօլիգարխիկ հեղինակությունների խրախճանք: 2009թ. հունիսի 10-ի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախագահությամբ, որոշում կայացրեց դադարեցնել հայաստանյան ծրագրի 67,1 մլն դոլար արժողությամբ ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը: «Այս որոշման պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանել ծրագրի շարունակական մասնակցության համար անհրաժեշտ ցուցիչներին: Հանգամանքը, որ Կորպորացիան չի կարողանալու համագործակցել Հայաստանի հետ գյուղական աղքատ համայնքների համար նախատեսվող ճանապարհների կառուցման գործում` հատկապես հիասթափեցնող է, քանի որ հենց գյուղական այդ համայնքներն են լինելու մեր գործընկերները ապագայում զարգացում ապահովելու մեջ»,- նշել է ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն Ռոդնի Բենտը: Դատելով Ռ.Բենտի հաջորդած խոսքից, ճանապարհաշինության ֆինանսավորման կասեցման որոշումը չի վերանայվելու: Ափսոսում ենք բոլոր այն 265 գյուղական համայնքների համար, որոնք շահելու էին այս ծրագրի ճանապարհաշինական ենթաբաղադրիչով նախատեսված 943 կմ ճանապարհի վերականգնումից: ՀՀ իշխանություններն այս աննախադեպ «հաջողությունից» հետո վերջապես հնարավորություն ստացան ստուգել Ռ.Քոչարյանի այն հավակնոտ հայտարարությունը, թե ծրագրի հնարավոր կասեցվելիք բաղադրիչները կիրականացվեն այլ հիմնադրամների միջոցով: Մենք էլ ենք կարծում, որ ճանապարհաշինական ենթաբաղադրիչի ֆինանսավորման կասեցման միակ պատասխանատուն իշխանություններն են, այդ իրենք են իշխանության ձգտելիս եւ վերցնելիս խոսել այն մասին, որ իրենք պատասխանատվություն են ստանձնում: Հիմա ո՞վ է պատասխան տալու»: