Տիգրան Պետրոսյանն 80 տարեկան է

18/06/2009

Շախմատը ձեւով խաղ է, բովանդակությամբ` արվեստ, տիրապետելու դժվարությամբ` գիտություն: Շախմատը կարող է այնքան ուրախություն պատճառել, որքան լավ գիրքը կամ երաժշտությունը: Տարիներ առաջ շախմատի մասին այսպես էր գրել շախմատիստ Տիգրան Պետրոսյանը:

Նա ծնվել է 1929թ. հունիսի 17-ին Թիֆլիսում: Եվ որպես շախմատիստ՝ Տիգրան Պետրոսյանը ձեւավորվեց Թիֆլիսում, որտեղ հաճախում էր պիոներների խմբակը: Առաջին մարզիչը դարձավ հմուտ ու փորձառու մանկավարժ Արչիլ Էբրիալիձեն, որը` քննելով պատանի Տիգրանին, լավ ապագա էր գուշակել: «Ոչ մի պատահականություն: Լավ է միայն այն խաղը, որտեղ ամեն ինչ տրամաբանական է, եւ որտեղ խաղընկերներից յուրաքանչյուրն ամեն անգամ գտնում է ուժեղագույն քայլն, ու հաղթում է նա, ով ավելի հեռուն է տեսնում»,- ասում էր մարզիչ Էբրիալիձեն աշակերտին: Սակայն Տ. Պետրոսյանի հրապուրանքը բնավ դուր չէր գալիս ծնողներին, ովքեր կարծում էին, թե շախմատը կարող է մոռացության մատնել երեխայի դասերը: Հատկապես անհանգստացած էր Տ. Պետրոսյանի հայրը` Վարդան Պետրոսյանը, ով հաճախ էր կշտամբում որդուն` ասելով. «Դասերդ սովորիր, շախմատը քեզ հաց չի տա»: Սակայն Տ. Պետրոսյանն այնքան անդրդվելի էր, որ հրաժարվում է անգամ իր նվիրական երազանքներից` դիվանագետ կամ զինվորական դառնալուց: Ինչպես նրա ժամանակակիցներն են վկայում, աշխարհի ապագա չեմպիոնը` շախմատային առաջին գիրքը գնելու համար, ստիպված էր կոպեկ-կոպեկ հավաքել: Ի դեպ, Տիգրան Պետրոսյանի ընտանիքն այդ տարիներին ապրում էր շատ սուղ պայմաններում: Գրոսմայստերի գնած առաջին գիրքը Նիմոցովիչի «Իմ համակարգը պրակտիկայում» աշխատությունն էր: 1946թ. 16-ամյա Տիգրան Պետրոսյանը նվաճեց Վրաստանի մեծահասակների չեմպիոնի կոչումը, որին էլ հաջորդում են տիտղոսներն ու կոչումները: «Ես` Տիգրան Պետրոսյանս, ծնվել եմ 1929թ. հունիսի 17-ին: Ավարտել եմ Երեւանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների պետական ինստիտուտը: 1968թ. պաշտպանել եմ դիսերտացիա, ինձ շնորհվել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Եղել եմ «Շախմատնայա Մոսկվա» պարբերականի խմբագիրը (1963-1966թթ.) եւ «64» շաբաթաթերթի խմբագիրը (1968-1977թթ.): ԽՍՀՄ սպորտի վարպետ դարձել եմ 1947թ., իսկ միջազգային վարպետ՝ 1952թ.: ԽՍՀՄ եւ միջազգային գրոսմայստերի կոչման արժանացել եմ 1952թ., իսկ 1960թ. ինձ շնորհվել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ: Վրաստանի չեմպիոն եմ դարձել 1645թ., իսկ Հայաստանի` 1946-48թթ.: 63-69թթ. կրել եմ աշխարհի չեմպիոնի կոչումը: 1945-46թթ. ԽՍՀՄ պատանիների չեմպիոն էի: 4 անգամ` 1959թ., 1961թ., 1969թ. եւ 1975թ. նվաճել եմ Խորհրդային Միության չեմպիոնի կոչումը: Եվրոպայի թիմային առաջնությունների` 1957, 1961, 1965, 1970, 1973, 1977, 1980, 1983թթ., եւ համաշխարհային օլիմպիադաների` 1958, 1960, 1962, 1964, 1966, 198, 1970, 1972, 1974թթ. հաղթող: Ժողովուրդների բարեկամություն եւ «Պատվո» նշան շքանշանների ասպետ եմ: Պարգեւատրված եմ «Աշխատանքային մեդալով, ինչպես նաեւ ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերով: Հայկական ԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ եմ»,- կարդում ենք Տիգրան Պետրոսյանի ինքնակենսագրականում: Այս տարեթվերի առատությունը պատահական չէ: Ըստ ժամանակակիցների` նա այն շախմատիստներից է, ովքեր պարտությունից հետո ոչ թե ձգտում են ռեւանշի, այլ գերադասում են զսպել զայրույթն ու տուրք չտալ կրքերին` բավարարվելով խաղաղ արդյունքներով: «Գուցե ես լիարժեք չմտահոգվեի իմ «չեմպիոնության հռչակով», բայց երբեմն պետք է ընտրել, թե ում համար ես չեմպիոն` քե՞զ, թե՞ շախմատային աշխարհի: Իհարկե, 1963թ. հաղթելով Միխայիլ Բոտվիննիկին, ես կարող էի լիովին նվիրվել առաջին մրցանակների հետեւից վազելուն: Հաջողության հասնելու համար արդեն կա բավական մաշված ճանապարհը՝ խաղալ հազվադեպ (եւ ընտրել միայն որոշակի մրցաշարեր) ու գրավել առաջին տեղերը: Սկզբունքորեն ես դեմ եմ նման, ու թույլ տրվի ասել, տակտիկային»,- գրել էր Տիգրան Պետրոսյանը, ում տարիներ հետո բնորոշեցին որպես «Երկաթե Տիգրան» ու շախմատային դաշտի հանճարեղ պաշտպան: «Գուցե պաշտպանվել ես ավելի եմ սիրում, քան հարձակվել, բայց ո՞վ է ապացուցել, որ պաշտպանությունը պակաս վտանգավոր է եւ համարձակ գործ է, քան գրոհը»,- ասել էր շախմատի աշխարհի չեմպիոնը, ում դիտարկմամբ՝ յուրաքանչյուր գրոսմայստեր բավական բարդ անհատականություն է, որի մասին պատկերացումը միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը: Տալը միայն «զոհաբերություն չէ», Ֆիշերը` «էլեկտրոնային մեքենա չէ», կամ Պետրոսյանը` զոհաբերություն: «Կգա ժամանակ, երբ կգտնվեն շախմատային տեսաբաններ, պատմաբաններ, հետազոտողներ, որոնք կդասդասեն եւ կորոշեն իմ տեղը շախմատում: Բայց եթե ենթադրենք, որ մահից հիսուն տարի հետո իմ շախմատային ստեղծագործությունը ոչ մեկին չի հետաքրքրի, ես ինձ շատ վիրավորված կզգամ»,- նշել էր գրոսմայստերը, ով օգոստոսի 13-ին, 1984թ. հրաժեշտ տվեց աշխարհին: Սակայն նա միշտ էլ կմնա «Երկաթե Տիգրան» ու բոլոր ժամանակների հանճարեղ շախմատիստ…