Ալլա Պուգաչովան ցանկանում է կրկին տեսնել Գառնին

18/06/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Ռուսական բեմի պրիմադոննա Ալլա Պուգաչովան, ով ողջ տարվա ընթացքում ելույթ է ունենալու իր համերգային տուրով, սեպտեմբերի 25-ին համերգ կունենա նաեւ Երեւանում։ Վերջերս լուրեր էին տարածվում, որ երեւանյան համերգը չի կայանալու, քանի որ Պուգաչովայի տնօրեն Ելենա Չեպրակովան դժգոհ է մնացել Երեւանի Մարզահամերգային համալիրի տեխնիկական սպասարկումից։

Տնօրենը հարցազրույց էր տվել «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին, որտեղ հայտնել էր հետեւյալ միտքը՝ Հայաստանում եւ Իսրայելում համերգներ չեն լինելու։ Բանն այն է, որ համերգի դեկորացիաները իրենցից ծանրակշիռ ու բարդ մոնտաժվող պրոյեկցիոն էկրաններ ու անընդհատ պտտվող բեմահարթակներ են ներկայացնում, իսկ դրանց անխափան աշխատանքի համար մասնագետներ են հարկավոր, որոնք Հայաստանում չկան։ Ե. Չեպրակովան նշել էր, որ մեր համալիրի տեխնիկական ապահովությունը քարե դար է հիշեցնում, իսկ Պուգաչովան այդպես աշխատել չի կարող։ Բարեբախտաբար, բոլոր ծագած խնդիրները այժմ հարթվել են, ու գտնվել է հայ-ռուսական կոմպրոմիսային տարբերակը։ Երեւանյան համերգի կազմակերպիչ, մոսկովյան «Ֆորպոստ» ընկերության հիմնադիր Զառա Մխեյանը մեզ հետ զրույցում նշեց, որ համերգը անպայման կայանալու է։ «Խնդիրը ծագել էր համերգի դեկորացիաների հեղինակի՝ հայտնի սցենոգրաֆ Բորիս Կրասնովի մոտ, ով հատուկ այդ տուրի համար ստեղծել է շատ թանկ, 60 տոննա քաշ ունեցող պրոյեկցիոն էկրաններով դեկորացիա։ Եվ մտահոգություն կար, թե ինչպես են այդ պրոյեկցիաները «հավաքվելու» Երեւանում։ Ընդ որում՝ նման խնդիր եղել է նաեւ Իսրայելում, Սանկտ Պետերբուրգում։ Բարեբախտաբար, բոլոր խնդիրները լուծվել են, ու երեւանյան համերգից 5 օր առաջ Մոսկվայից կժամանեն ռուս մասնագետները, որոնք ամբողջությամբ դեմոնտաժ կանեն համալիրի ձայնային, լուսային, բեմական սարքերն ու բոլորովին նոր սարքեր կտեղադրեն»,- ասաց նա։

Ալլա Պուգաչովայի համերգը շատ ծախսատար, աշխատատար, բայցեւ՝ իրոք աննախադեպ շոու է լինելու։ Զ.Մխեյանը, ով վերջերս կազմակերպել էր նաեւ Քրիստինա Օրբակայտեի, Դիմա Բիլանի ու «Ջիպսի Կինգս» խմբի հյուրախաղերը Երեւանում, վստահեցնում է, որ նման որակի շոու Հայաստանում մինչ այժմ չի եղել։ Ռուսական ամենահայտնի երգչուհին 2 ժամանոց «կենդանի» համերգ է երգելու, իսկ բեմն ու ձայնային էֆեկտներն այնպես են կառուցվելու, որ ոչ մի նշանակություն չի ունենա, թե հանդիսատեսը համալիրի որ հատվածում է նստած, քանի որ յուրաքանչյուր կետից ամեն ինչ շատ լավ երեւալու ու լսվելու է։ Էկրանը հատակից սկսվելու է ու վերջանալու է առաստաղի վրա, բեմն էլ ողջ համերգի ընթացքում տեղաշարժվելու է, ինչը թույլ կտա տեսանելի դարձնել բեմի ցանկացած հատված։

Պուգաչովայի հետ Երեւան բազմաթիվ մարդիկ են գալու. ռուսական տարբեր հեռուստաընկերություններ իրենց լրագրողներին այդ օրերին Հայաստան են գործուղելու, իսկ ռուսական «Առաջին» ալիքի ստեղծագործական խումբը Ալլա Պուգաչովայի Հայաստան կատարած այցի մասին ֆիլմ է նկարահանելու։ Նաեւ ալբոմ է տպագրվել, որտեղ արդեն տեղ են գտել Պուգաչովայի 25 տարի առաջ Գառնիի տաճարում եւ «Հրազդան» մարզադաշտում կատարած համերգների լուսանկարները։ Ի դեպ՝ Պուգաչովան իր բազմաթիվ հանդիպումների ժամանակ նշում է, որ Գառնիի տաճարի հետ կապված են իր ամենաջերմ հուշերը։ Զառա Մխեյանը տեղեկացրեց, որ Պուգաչովան երկարատեւ ընդիմիջումից հետո կրկին Հայաստան գալով՝ ցանկություն է հայտնել մեկ օր ավելի մնալ Հայաստանում, որպեսզի կարողանա մեկնել Գառնի ու լինել այն վայրում, որտեղ իր կյանքի լավագույն համերգներից մեկն է երգել։

Խոսելով Պուգաչովայի այցի ֆինանսական բաղադրիչի մասին՝ Զ.Մխեյանն ասաց. «Պուգաչովայի անձնական հոնորարը 150 հազար եվրո է, իսկ համերգի ամբողջ կազմակերպչական ծախսը (ներառյալ` ստեղծագործական խմբի ընդհանուր հոնորարները) կազմում է 370 հազար եվրո։ Այդ գումարի մեջ չեն մտնում ճանապարհածախսերն ու գովազդային ակցիաները։ Անձամբ Պուգաչովան իր այս համերգային տուրի ընթացքում տեղաշարժվում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անձնական ինքնաթիռով։ Դա Մեդվեդեւի առաջարկն էր, որը ցույց է տալիս, որ Ռուսաստանը չափազանց թանկ է գնահատում իր երգչուհուն»։

Իհարկե, դժվար է պատկերացնել, որ եթե նույնիսկ իրացվեն բոլոր տոմսերը (որոնց գինը սկսվում է 5 հազար դրամից ու վերջանում է 120 հազար դրամով), տոմսերի վաճառքից ստացված գումարը կարող է փակել բոլոր ծախսերը։ «Եթե հովանավորներ չլինեն, նման մեծ պրոյեկտները երբեք չեն կայանա։ «Արմավիան», որպես այս նախագծի պաշտոնական գործընկեր, հատուկ չարտերային ու բեռնատար ինքնաթիռներ է տրամադրելու: Նախագծի գլխավոր հովանավորն է Երեւանի գինու եւ կոնյակի գործարանը` իր «Նոյ» ապրանքանիշով։ Այնպես որ, եթե չլիներ Գագիկ Ծառուկյանի ու Միխայիլ Բաղդասարովի աջակցությունը, Պուգաչովայի համերգը Երեւանում չէր կայանա»,- ասաց Զ. Մխեյանը։ Ի դեպ, նա համոզված է, որ լավ նախագծի շահավետությունը ներդրողները կանխազգում են (Պուգաչովայի այցն, օրինակ, լուրջ գովազդային փաթեթով է ապահովագրված)։ Այժմ նա փորձելու է Երեւանում կազմակերպել նաեւ դերասան ու երգիչ Ադրիանո Չելենտանոյի համերգը։

Հայ երգիչներին աշխարհի մեծ բեմերում տեսնելու մեծ ցանկություն ունեցող պրոդյուսեր Զառա Մխեյանը վստահ է, որ տաղանդից բացի, հարկավոր է գրագետ աշխատանք տանել, որպեսզի հայ երգիչները ճանաչելի դառնան ոչ միայն հայկական սփյուռքի, այլեւ ամբողջ աշխարհի համար։