Ինչ գնել ճգնաժամի ժամանակ

18/06/2009

«Forbes» ամսագիրը խորհուրդ է տալիս օգտվել ճգնաժամից եւ գնել իրեր, որոնց գներն անխուսափելիորեն կբարձրանան տնտեսության առողջացման համեմատ: «Հնարավոր է՝ եկել է տուն գնելու համար լավագույն ժամանակը»,- գրում է ամսագիրը` առաջին հորիզոնականում դնելով անշարժ գույքի ձեռքբերումը: 2008թ. չորրորդ եռամսյակում ԱՄՆ-ում անշարժ գույքի գները 25 տոկոսով իջել են 2006թ. վերջի գների նկատմամբ, եւ փորձագետները կասկածում են, թե շուկան կարող է էլ ավելի ցած «կախվել»: Ըստ ամսագրի` տնտեսական անկման շրջանը հաջող ժամանակ է ավտոմոբիլի գնման համար: 2008թ. հոկտեմբերի համեմատությամբ ԱՄՆ-ում ավտոմոբիլների պահանջարկը նվազել է 33 տոկոսով՝ վաճառողներին եւ արտադրողներին դարձնելով շատ զիջող: «Forbes»-ը նաեւ հաջող ներդրում է համարում ադամանդները: «Պերճանքի իրերն առաջինն էին, ինչի համար ամերիկացիները կրճատեցին իրենց բյուջեները, եւ ապագայում նյութական արժեքների հենց այս կատեգորիան վեր կսլանա գնային պարույրով: Որքան խոշոր լինի քարն, այնքան մեծ է զեղչը, որը երբեմն գերազանցում է մինչճգնաժամային արժեքի 25 տոկոսը»,- գրում է «Forbes»-ը: Ընտիր մակնիշների հագուստը եւ աքսեսուարները, ամսագրի կարծիքով, ֆինանսների եւս մեկ հաճելի ներդրում են, եթե, իհարկե, դրանք կան: Բացի դրանից, «Forbes»-ն այն կարծիքին է, որ արդեն եկել է բաժնետոմսեր գնելու ժամանակը: «Ֆինանսական վերլուծաբանների մեծ մասը պնդում է, որ Ուոլ սթրիթում փլուզումն արդեն դադարել է»,- գրում է «Forbes»-ը: