Իրանի նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Միր Հոսեյն Մուսավին բողոքարկել է քվեարկության պաշտոնական արդյունքները եւ իր կողմնակիցներին կոչ է արել շարունակել բողոքի գործողությունները: «Ես չեմ պատրաստվում անձնատուր լինել իշխանությունների կազմակերպած ներկայացումից հետո»,- հայտարարել է նա: Մահմուդ Ահմադինեջադի գլխավոր ընդդիմախոսը հայտարարել է, որ «վրդովված է տեղ գտած բազմաթիվ խախտումներից»: Մուսավին բացահայտորեն իրանցի ժողովրդին նախազգուշացրել է «Իսլամական Հանրապետությունը բռնապետական վարչակարգի վերածվելու սպառնալիքի մասին»: «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հաղորդմամբ`չնայած Մուսավիի՝ «օրենքի շրջանակներում խաղաղ ցույցեր» անցկացնելու՝ իր կողմնակիցներին ուղղված կոչին, կիրակի օրը Թեհրանում մի շարք վայրերում կրկին ընդհարումներ են տեղի ունեցել:
Իսկ երեկ Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել նախագահական ընտրություններում պարտված թեկնածուներին «ճանաչել ընտրությունների արդյունքները եւ ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից ու գործողություններից»: «Ալ Ջազիրայի» հաղորդմամբ` Խամենեին այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ «Ռոհանիյուն Մոբարիզ» ազատական միավորումից մի խումբ կրոնական գործիչներ ի պաշտպանություն Միր Հոսեյն Մուսավիի՝ հանդես են եկել ծավալուն ելույթով: Նրանք պահանջել են չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները եւ կոչ են արել «ավելի հանգիստ, խելամիտ ու արդար մթնոլորտում» անցկացնել կրկնակի քվեարկություն: