Նյութերը կընդունի

14/06/2009

Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման համար ստեղծված, բայց արդեն լուծարված փաստահավաք խմբի` ընդդիմության կողմից ներկայացված անդամներ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը երկու օր առաջ հայտարարել էին, թե մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին են ուղարկելու հատուկ միջոցների կիրառման հետ կապված փաստերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը: Երեկ կեսօրին մեր թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ասել է, թե ինքը դեռ նման փաստաթուղթ չի ստացել: Ս.Սաֆարյանն ու Ա.Քոչարյանը նաեւ հայտարարել էին, թե Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատից բացի, այդ օրը գործել է նաեւ ինչ-որ «գնդապետ Դաստակովի» զինված ջոկատը: Այս եւ խմբի անդամների այլ հայտարարությունների հետ կապված Ս.Նիկոյանն ասել է միայն. «Նյութերն ուսումնասիրվում են»: Իսկ արդյո՞ք պարոն Նիկոյանը չի ցանկանում Ս.Սաֆարյանին ու Ա.Քոչարյանին հրավիրել համագործակցելու, չէ՞ որ նրանք ունեցած տեղեկություններով եւ աշխատանքային փորձով ժամանակավոր հանձնաժողովին կարող են օգնել մարտյան դեպքերի որոշ չբացահայտված հանգամանքները բացահայտելու համար: «Ես այս պահին պատրաստ չեմ գտնելու աշխատանքային այն ձեւը, որը հարմար եւ օգտակար կլինի: Երբ նրանք իմ եզրակացության վերաբերյալ արդեն իսկ վերաբերմունք են դրսեւորում, ու եթե այդպես պետք է շարունակվի, անիմաստ է: Եթե կուզենան, որ շատ ավելի ռացիոնալ դաշտում դա լինի, միգուցե հնարավոր լինի: Բայց այն, որ իրենք նյութեր ունեն եւ ուզում են պաշտոնապես տալ, ես դա սիրով կընդունեմ»,- մեր թղթակցի հարցին ի պատասխան՝ ասել է Ս.Նիկոյանը: