Հերթ «նստելու» համար

14/06/2009

Մեր տեղեկություններով՝ մայիսի 31-ի Երեւանի ավագանու ընտրությունների հաջորդ օրը նախագահ Սերժ Սարգսյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքից պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանին կանչել է իր մոտ եւ ասել է, որ այդ համայնքում «չափը շատ եք անցել»: Ս. Սարգսյանն ասել է նաեւ, թե լարվածությունը թուլացնելու համար պետք է որոշ մարդիկ պատժվեն: Նախագահականից Ս.Ալեքսանյանը գնացել է Գլխավոր դատախազություն եւ պայմանավորվել, որ իր «մարդկանցից» կարող են 2-3 հոգու ձերբակալել: Եվ ընտրություններին հաջորդած առաջին իսկ օրերին ընտրակեղծիքներ կատարելու մեղադրանքով արդեն ձերբակալվել է երեք հոգի, որոնցից երկուսը միայն 8/05 ընտրատեղամասից են` Նորիկ Եղիազարյանն ու Արմեն Օհանյանը: Այնուհետեւ Ս.Ալեքսանյանը հավաքել է ընտրակեղծիքներ կատարած իր թիմին եւ հայտարարել, թե իրենցից եւս հինգ հոգի «պետք է նստեն»: Պատգամավորը «հորդորել» է նաեւ կամավոր որոշել, թե հատկապես ովքեր պետք է ձերբակալվեն` խոստանալով յուրաքանչյուր ձերբակալվողին պատիժը կրելու ամեն ամսվա համար 2000-3000 դոլար փոխհատուցում տալ: Մեր տեղեկություններով, այս հայտարարությունից հետո ավելի քան 30 հոգի ցանկություն են հայտնել նման բավականին շահավետ պայմաններով ստանձնել ընտրակեղծիք կատարելու մեղադրանքը եւ որոշ ժամանակ անցկացնել կալանավայրում: Ավելացնենք նաեւ, որ ընտրակեղծիքների գործը քննող Հատուկ քննչական ծառայությունն առաջին իսկ օրվանից նախաքննությունն այն ուղղությամբ է տանում, որ ոչ թե օրվա ընթացքում լցոնված դեպքերը բացահայտի, այլեւ փորձում է տպավորություն ստեղծել, որ ընտրություններից հետո ինչ-որ բախտախնդիրներ փորձել են իշխանություններին արջի ծառայություն մատուցել` բացել են արդեն փակ քվեապարկը եւ կեղծ քվեաթերթիկներ ավելացրել: Բավական է հիշել նույն 8/05 տեղամասը, որի վերահաշվարկը կատարելու համար մայիսի 3-ին ՀՔԾ-ն բավականին անհաջող շոու էր կազմակերպել: Հրավիրել էր փորձագետների եւ արդեն այդ միջոցառման համար նախապես պատրաստված պարկը հանձնել էր նրանց դատին: Փորձագետներն էլ արձանագրեցին, որ պարկը փակվելուց հետո բացվել է, ի թիվս այլ խախտումների, պարկում հայտնաբերեցին ՀՀԿ-ի օգտին պատճենահանված 15 քվեաթերթիկներ: Նախաքննությունը փորձում է շրջանցել այդ տեղամասում ժամը 16-ի սահմանում տեղի ունեցած լցոնման ու բռնությունների դեպքերը: