Այս բառերով է երեկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բնութագրել կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը:
«Ամեն ինչ հակառակն են անում»,- հայտարարել է նա` նկատի ունենալով նախ եւ առաջ կառուցապատողներին օժանդակելու նպատակով կառավարության ձեռնարկած քայլերը: Ըստ նրա` սխալ է օգնել շինարարությանը, քանի որ այս ոլորտն է դարձել ճգնաժամի պատճառ: Դրա փոխարեն՝ Հ. Բագրատյանը խորհուրդ է տալիս օգնել գյուղատնտեսությանը, քանի որ այս պահին Արարատյան դաշտի կեսից ավելին հերկված ու մշակված չէ, իսկ հեռավոր շրջաններում վիճակը էլ ավելի վատ է: «Հիմա այդ բանկերը գյուռ-գյուռ փող են ստանում կառավարությունից, վերավարկավորում են շինարարությունը` մեր ազգային պարտքի շնորհիվ: Տո ինձ շա՞տ է հետաքրքիր, թե ինքը շենքը սարքել է Հյուսիսային պողոտայում, ու այդ բնակարանները չեն ծախվում, որովհետեւ չի ուզում էժանացնել: Ջհանդամը, թող ինքը սնանկանա»,- ասել է Հ. Բագրատյանը` առաջարկելով դրա փոխարեն 1000-ական դոլար տալ գյուղացիական տնտեսություններին, անկախ այն բանից՝ հետագայում կվերադարձնե՞ն, թե՞ ոչ: Խոսելով Ռուսաստանից ստացված վարկի մասին, Հ. Բագրատյանն ասել է, թե դրա բաշխումն այդպես էլ մշուշոտ է: Նա հայտարարել է, որ վարկային համաձայնագիր ստորագրելուց հետո Կենտրոնական բանկը մի շրջաբերական է ուղարկել առեւտրային բանկերին` վարկը ծախսելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու դիմումով, այսինքն` մինչեւ հիմա դեռ չեն որոշել, թե ինչպես են ծախսելու այդ վարկը: ԱԺ-ում քննարկվող հարկային փաթեթն էլ, որը նախատեսում է հարկային տեսուչների ներկայություն խոշոր ձեռնարկություններում, ըստ Բագրատյանի՝ «բացարձակ հիմարություն է», քանի որ հարկային տեսչությունը ամեն պահի կարող է ձեռնարկություններում ստուգումներ իրականացնել, ու անհասկանալի է, թե ինչի համար են պետք այդ տեսուչները: Օրինագծի նախնական տարբերակում կատարված փոփոխությունները եւս Հ. Բագրատյանը համարեց «սարսափելի ու ապշեցուցիչ»: Ըստ նրա, ներմուծող ձեռնարկություններում տեսուչի ներկայությունը բացառելն անիմաստ է դարձնում ողջ օրինագիծը, քանի որ ՀՀ բյուջեի հարկերի ամենամեծ բաժինը ստանում ենք ներմուծման ոլորտից: Հաջորդ վիճելի հարցը, ըստ Հ.Բագրատյանի, խոշոր ձեռնարկությունների համար նախատեսված շրջանառության ծավալի շեմն է: Նրա կարծիքով, 2 մլն դրամ շրջանառություն տարեկան ունենում են նաեւ փոքր ձեռնարկությունները: «Հետո կառավարությունը կատարեց եւս մեկ փոփոխություն, որ դա չի վերաբերում կոնյակ ու գինի արտադրողներին: Ես անմիջապես հաշվեցի, որ 12 այդպիսի պատգամավոր կա` կոնյակ ու գինի արտադրող: Այնքան է կառավարությունը ակնհայտորեն քծնում, որ այդ օրինագիծն անցկացնի»,- ասել է Հ. Բագրատյանը: Ըստ նրա՝ այդ տեսուչները պետք է լինեն գյուղմթերքների մթերմամբ զբաղվող ձեռնարկություններում, հետեւեն թափոնների ծավալին, որպեսզի չուռճացվեն մթերման ծավալները բնութագրող ցուցանիշները, ինչն իր հերթին ազդում է ՀՆԱ-ի ցուցանիշի վրա: Մթերման ծավալների վերաբերյալ, Հ. Բագրատյանի համոզմամբ, ամեն տարի 5-6 անգամ ավելի մեծ թվեր են հայտարարվում: ՀՀ նախկին վարչապետը խոսել է նաեւ շրջանառության մեջ գտնվող հարկային օրենսգրքի մասին` ճիշտ համարելով շահութահարկի եւ եկամտահարկի հավասարեցումը, ավելացված արժեքի հարկի իջեցումը 2%-ով` 20-ից 18: Նա միաժամանակ նշել է, որ այդ քայլերը կային ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրում: Սակայն կառավարությունը, ըստ Հ. Բագրատյանի, վերցնելով այդ գաղափարները Լ. Տեր-Պետրոսյանի ծրագրից, ամբողջական մոտեցում ցուցաբերելու փոխարեն՝ կիսատ-պռատ բաներ է անում, ինչը իրականում կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ: Հ. Բագրատյանը 2009թ. համար հավանական է համարել 6-11% տնտեսական անկումը` ընդգծելով, որ մեր տնտեսական աճը կախված է նախ ԱՄՆ տնտեսական զարգացումից, որին կհետեւի Ռուսաստանի տնտեսական աճը, ինչից հետո միայն Հայաստանը կունենա տնտեսական շարունակական աճ: Ի դեպ,Հ. Բագրատյանը վերջերս ԼՂՀ-ում դասախոսություններով է հանդես եկել եւ ուսումնասիրել նաեւ ԼՂՀ տնտեսությունը: Նա նշել է, որ առաջին եռամսյակում Արցախում գրանցվել է 10 տոկոս աճ, եւ դա դրական դինամիկա է, թեեւ, ըստ նրա, այդ ցուցանիշին չի կարելի միանշանակ վերաբերվել: «Ամեն դեպքում սա ցույց է տալիս, որ եթե կառավարությունը ուզում է աշխատել, ուրեմն ինչ-որ մի բան ստացվում է»,- ասել է տնտեսագետը` հավելելով, որ Հայաստանի եւ ԼՂՀ կառավարությունների մոտեցումները միմյանցից սկզբունքորեն տարբերվում են, եւ որ Հայաստանի կառավարությունը պարտավոր էր ավելի պրոֆեսիոնալ լինել: Հրանտ Բագրատյանի ասելով, ավելի լավ է Հայաստանում կառավարության ղեկավար նշանակել մեկին, ով խոհուն մարդ է, քան թե մեկին, ով իրեն պրոֆեսիոնալ է երեւակայում, սակայն իրականում կիսապրոֆեսիոնալ է: