Հայ Ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքը այս ամառվա վերջին հանրահավաքն էր: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթը բավականին ծավալուն էր ու խիստ հատկապես «Արեւմուտքի` Սերժ Սարգսյանի հզոր հովանավորի» համար: Վերջին մեկուկես տարվա դեպքերի ու հատկապես Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված Արեւմուտքի կեցվածքից հետո ՀՀ առաջին նախագահն առաջարկում է ոչ ակնկալիքներ ունենալ նրանից, ոչ էլ նեղանալ:
Երեկ ընդհատակից դուրս էր եկել ու հանրահավաքին մասնակցում էր Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը: Նա ելույթ ունեցավ եւ հայտարարեց, թե իրենց պայքարն անպայման ունենալու է հաղթական ավարտ: «Էական չէ, թե որ պահին կլինի ստարտը, էական չէ, թե որ պահին կլինի ֆինիշը, էականն այն է, որ դա լինելու է հաղթական: Էականն այն է, որ այլեւս դրանից հետո որեւէ մեկը մեր երազանքը այլեւս բարձրաձայնելու կարիքը չի ունենալու, այլեւս չի բղավելու` ազատ, անկախ Հայաստան»,- ասաց Մ.Հայրապետյանը: Երեկվա հանրահավաքում որոշակի իմաստով անակնկալ էր նաեւ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի մասնակցությունն ու ելույթը: Արդեն բավական երկար ժամանակ ՆԺԿ ղեկավարը չէր երեւացել հանրահավաքների հարթակում: Այս անգամ գալու պատճառը նրա խոսքերով եղել է իշխանությունների կողմից ընտրությունների կեղծումը ու փաստահավաք խմբի լուծարումը: Նա նաեւ ընդդիմությանը միավորվելու կոչ արեց: «Ընդդիմությունը պետք է միավորվի այնպես, որ չլինեն պապաներ ու երեխաներ, այլ բոլորը լինեն հավասար ու չծախվող: Իշխանությունը ցույց տվեց, որ այս երկրում օրինական ձեւով իշխանության հասնելն անհնար է, եւ դրա համար միշտ ասել եմ ու ասում եմ, որ անհրաժեշտ է նոր համաժողովրդական խաղաղ ալիք, որի անունը, եթե կուզեք, դրեք հեղափոխություն»,- հայտարարեց Ա.Կարապետյանը:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ իր ելույթում անդրադարձավ մի քանի հարցերի: Նախ տեղեկացրեց, որ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանին պաշտոնապես հրավիրել է մասնակցել նիստերին: Արդեն հունիսի վերջին տեղի ունենալիք նիստին, որի ընթացքում լսվելու է նաեւ Հայաստանի հարցը, մասնակցելու է նաեւ Ա.Գրիգորյանը: Լ.Զուրաբյանն անդրադարձավ նաեւ փաստահավաք խմբի լուծարմանը: «Հաջորդ բացահայտումը` փաստահավաք խումբը ցրվեց իշխանությունների կողմից, եւ ամբողջ աշխարհը հասկացավ, որ իշխանություններն են սպանությունները կատարել: Փակելով այդ խումբը` իշխանությունները ցանկանում են խուսափել բացահայտումներից, բայց նրանք չարաչար սխալվում են: Փաստահավաք խումբը շարունակելու է աշխատել եւ դրա համար Ս.Սարգսյանի կարգադրության կարիքը չկա: Եվ մենք ձեզ խոստանում ենք, որ ամբողջ ճշմարտությունը բացահայտվելու է, եւ կտանք մեղավորների անունները»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը:
Լ.Զուրաբյանն անդրադարձավ նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից ՀՀ ճանապարհաշինության ծրագրի դադարեցմանը եւ հայտարարեց, որ դրա պատասխանատուն իշխանություններն են: Անդրադարձավ ԼՂՀ հարցին ու ասաց, թե շատ շուտով Ս.Սարգսյանին ստիպելու են բացել խաղաքարտերը, որից հետո նա` իր ներքին քաղաքականության կամայականությունների համար արդեն չի կարողանալու դատարկ խոստումներով ապահովել միջազգային հանրության աջակցությունը: ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանի ելույթը նվիրված էր հիմնականում փաստահավաք խմբին: Նա պահանջեց, որ Սամվել Նիկոյանին հանձնված խմբի փաստաթղթերը անպայման հրապարակվեն ու կցվեն մարտի 1-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին: «Այստեղ կա նաեւ ԵԽ մեղքը, որ փաստահավաք խումբը լուծարվել է: Նրանք խոստացել էին ուղարկել միջազգային փորձագետ: Եթե միջազգային փորձագետ լիներ, խումբը չէր փլվելու: Ս.Սարգսյանը լուծարելով փաստահավաք խումբը` կատարեց ինքնախոստովանություն, թե մարտի 1-ի բոլոր հանցագործությունները կատարել եւ փորձել են թաքցնել այս իշխանությունները»,- ասաց Դ.Շահնազարյանը:
Ելույթ ունեցան նաեւ Արամ Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը: «Մենք բոլորս էլ ուզում ենք հնարավորինս շուտ ազատվել այս իշխանություններից: Շատերն ուզում են շատ արագ, ուզում են հիմա, հասկանում եմ բոլորիդ: Հավատացեք, որ ես էլ եմ այդպես ուզում, բայց մենք մեր գործողություններով չպետք է օգնենք այս իշխանություններին, որ իշխանությունը պահեն: Այս իշխանությունները երբեք ավելի թույլ չեն եղել, նրանք չեն լուծել իրենց առաջ կանգնած ոչ ժողովրդավարության, ոչ տնտեսության, ոչ էլ ազգային խնդիրները»,- ասաց Ա.Սարգսյանը: «Կեղծված ընտրությունները համալրեցին այս իշխանությունների կատարած հանցագործությունների ցանկը, որն այնքան էլ փոքր չէ: Մենք հետեւողական ենք լինելու եւ շարունակելու ենք հետեւողական պայքարել: Չենք հանդուրժելու հասարակական կյանքի քրեականացումը, չենք հանդուրժելու կրիմինալին: Պայքարը շարունակվելու է մինչեւ հաղթանակ»,- ասաց Ս.Դեմիրճյանը:
Երեկվա հանրահավաքը նույնպես ավարտվեց երթով: Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա արդեն 3 ամիս անց` սեպտեմբերի 18-ին: