700 միլիոն էլ «կպավ»

14/06/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Թոմաս Լյուբեքը երեկ ասուլիս էին հրավիրել` լրագրողներին ավետելու, որ ՀԲ խումբը առաջիկա 4 տարիների ընթացքում Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 670-700 միլիոն դոլարի վարկային միջոցներ։

2009-2012թթ. ընթացքում ՀԲ աջակցության սկզբունքներն արտացոլված են Հայաստանի հետ «Երկրի գործընկերության ռազմավարությունում», որը ՀԲ տնօրենների խորհուրդը քննարկել է 2 օր առաջ։ Ռազմավարությունը հիմնված է Հայաստանի կայուն զարգացման ծրագրի 2 գլխավոր հիմնախնդիրների վրա. նպատակ ունի մեղմել անապահով խավի վրա ճգնաժամի ազդեցությունը եւ վերականգնել ՀՀ տնտեսական աճը։ 545 միլիոնը, կարելի է ասել, զուտ ՀԲ խմբի վարկերն են. 150 միլիոն դոլարը կհատկացնի ՀԲ խմբի մաս կազմող Միջազգային զարգացման ընկերությունը, 395 միլիոնը` Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը։ Մնացած 120-160 միլիոն դոլարը պետք է ուղղվի մասնավոր հատվածին՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջոցով։ Ա. Վարուդակիսը հատուկ նշեց, որ փոփոխության է ենթարկվել Հայաստանի՝ որպես վարկառուի կարգավիճակը. այժմ մենք «իրավունք ենք վաստակել» ոչ արտոնյալ փոխառություններ ստանալ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից՝ շնորհիվ «վերջին 10 տարիների ընթացքում աղքատությունը 50 տոկոսով կրճատելու Հայաստանի ունեցած հաջողության»։ Փաստորեն, մենք արդեն իսկ օգտվում ենք այդ իրավունքից. Հայաստանին տրամադրվելիք միջոցներից միայն 150 միլիոն դոլարն է արտոնյալ վարկ։ Նշենք նաեւ, որ ՀԲ-ն արդեն ստանձնել է 190 մլն դոլարի հանձնառություն, իսկ այս տարի եւս 65-70 մլն դոլարի վարկ կտրամադրվի Հայաստանին։ Ըստ Վարուդակիսի՝ 2009 թվականի ընթացքում Հայաստանը կստանա քառամյա ժամանակահատվածի համար նախատեսված միջոցների գրեթե կեսը։

Իսկ ինչպե՞ս են ծախսվելու այդ գումարները։ Ա. Վարուդակիսի խոսքերով՝ վարկային միջոցների մոտ 20%-ն ուղղվելու է 2009-2011թթ. պետբյուջեի համալրման` այսինքն` արտահայտվելու է պետական ծախսերի տեսքով։ Մնացած միջոցները կուղղվեն տարբեր ծրագրերի՝ գործարար միջավայրի բարելավում, ենթակառուցվածքներ, ոռոգման համակարգի բարելավում եւ այլն։ Բանկը կվարկավորի նաեւ այնպիսի ծրագրեր, որոնք համայնքներում կարճաժամկետ եւ միջնաժամկետ աշխատատեղեր կստեղծեն։ Իսկ ՄՖԿ տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Թոմաս Լյուբեքի խոսքերով, բացի վարկավորումից` Համաշխարհային բանկը նաեւ մի շարք վերլուծական եւ խորհրդատվական ծառայություններ կմատուցի:

Մի խոսքով, աղքատության կրճատումից բացի, ՀԲ ռազմավարությունը նպատակ ունի «աջակցել Հայաստանին` առավել մրցունակ տնտեսություն ունենալու` վերջինիս դիվերսիֆիկացման ու կայուն տնտեսական աճի ապահովման միջոցով»:

Արիստոմենե Վարուդակիսը համոզված է, որ հենց այդպես էլ կլինի։ Չնայած՝ պարզ չէ, թե ոռոգման համակարգ ու ճանապարհ վերանորոգելով՝ ինչպես կարելի է դիվերսիֆիկացված ու մրցունակ տնտեսություն ունենալ։ Նշենք նաեւ, որ ՀԲ եւ ռուսական վարկերը մի սկզբունքային նմանություն ունեն՝ ընձեռում են «փող ուտելու» լայն հնարավորություններ։

Մյուս կողմից, իհարկե, չի կարելի հստակ պնդել, քանի որ «տնտեսական աճ» ասվածը ՀԲ-ի եւ մյուս կառույցների համար մի բան է, հասարակ քաղաքացիների համար՝ լրիվ այլ բան։ Օրինակ, վերջին տարիներին ՀՀ տնտեսությունը ՀԲ-ի գնահատականներով փայլուն աճ է ունեցել, «մեծապես շահել է համաշխարհային առեւտրի եւ ներդրումների համար բաց լինելու շնորհիվ» (մեջբերում ՀԲ հաղորդագրությունից) եւ, ինչպես բազմիցս կրկնել են թե՛ Արժույթի միջազգային հիմնադրամի, թե՛ ՀԲ-ի ներկայացուցիչները, ճգնաժամը դիմավորել է «ուժեղ դիրքերից»։ Ու սրան զուգահեռ, նույն կառույցների գնահատմամբ, տարածաշրջանում ամենախոցելի տնտեսությունը մերն է։ Օրինակ՝ ԱՄՀ-ն արդեն հաջորդ տարի տարածաշրջանի բոլոր երկրների համար դրական տնտեսական աճ էր կանխատեսել, եւ միայն Հայաստանի համար՝ զրոյական (լավագույն դեպքում)։ ՀԲ-ն այս առումով ավելի լավատես է. Ա. Վարուդակիսի համոզմամբ, այս տարվա վերջից կսկսվի տնտեսության վերականգնման փուլը, իսկ հաջորդ տարի Հայաստանը կարձանագրի 1.5-2% տնտեսական աճ։ Ինչ վերաբերում է այս տարվան, ապա, Վարուդակիսի խոսքերով, ՀՆԱ-ն կկրճատվի 9-9.5%-ով։

Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ներկայումս շրջանառության մեջ գտնվող աղմկահարույց հարկային փաթեթին։ Ա. Վարուդակիսը նախ նշեց, որ չէր ցանկանա մեկնաբանել օրենսդրական այս նախաձեռնությունը, որը դեռ քննարկման փուլում է։ Հետո ավելացրեց, որ իրենք (այսինքն՝ ՀԲ-ն) հավանություն չեն տվել այդ նախաձեռնությանը, չնայած անմիջապես շտկեց ինքն իրեն՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե հավանություն տալ-չտալու մասին է, այլ պարզապես ՀԲ-ի մասնագետները չեն մասնակցել այդ օրինագծի մշակման աշխատանքներին։ Այդուհանդերձ, մշտական հարկային տեսուչներ ունենալու գաղափարին ՀԲ-ում դրական չեն վերաբերվում։ «Միջազգային պրակտիկայում միտումն այն է, որ տնտեսվարող-հարկային տեսուչ անձնական շփումները նվազագույնի հասցվեն, որպեսզի հնարավորինս նվազեցվեն նաեւ կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց Ա. Վարուդակիսը։ Նա տեղեկացրեց, որ ԱՄՆ-ում այդ պրակտիկան կիրառվում է որոշ խոշոր ընկերություններում, սակայն ԱՄՆ-ը ունի շատ ավելի կատարյալ հարկային համակարգ։ Ընդ որում, հարկային տեսուչներն այդքան մեծ լիազորություններ չունեն. նրանք իրականացնում են օպերատիվ գործառույթներ։ Վարուդակիսի խոսքերով, նման փորձեր կատարվել են ավելի քիչ զարգացած երկրներում, սակայն դրանք հաջողություն չեն ունեցել։

Սա հատուկենտ դեպքերից է, երբ ՀԲ-ն թեկուզ անուղղակի կերպով քննադատում է մեր կառավարությանը։ Ինչպես գիտեք, այս կառույցը գրեթե միշտ գովեստով է խոսում կառավարության ցանկացած քայլի մասին։ Ու չնայած հարկային փաթեթի շուրջ արտահայտած մտքերին, պրն Վարուդակիսը երեկ նույնպես գոհունակություն հայտնեց կառավարության հակաճգնաժամային քայլերի վերաբերյալ։ Մինչդեռ, կառավարության «հակաճգնաժամային քայլերն» առայժմ սահմանափակվում են միայն սրանից-նրանից փող խնդրելով եւ այդ փողերը նպատակին ծառայեցնելու մասին խոսակցություններով։ Եթե ՀԲ ներկայացուցիչը «հակաճգնաժամային քայլ» ասելով՝ նկատի ունի նույնը, ապա այս հարցում նրանց հետ չհամաձայնել չի կարելի։