Հունիսի 24-ին ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցի քննարկմանը ներկա է լինելու ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին երեկ ԱԺ ճեպազրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Մեր տեղեկություններով, Հ. Աբրահամյանը ԵԽ ԽՎ-ում պատրաստվում է ծավալուն ելույթ ունենալ Հայաստանում տեղի ունեցած «առաջընթացի» մասին: Ինչ վերաբերում է ԵԽ ԽՎ բանաձեւի այն պահանջին, որ Հայաստանում չպետք է լինեն քաղաքական հայացքների համար ձերբակալվածներ, այսինքն` քաղբանտարկյալներ, ապա այս հարցը եւս մինչեւ ԵԽ ԽՎ նստաշրջան լուծված կլինի: Այսինքն` ինչպես նման դեպքերում է լինում, իշխանությունները կհայտարարեն, որ այդ հարցի լուծումն ընթացքի մեջ է: Խոսքը համաներման միջոցով մարտի 1-2-ի դեպքերից հետո կալանավայրերում հայտնված քաղաքական գործիչներին ազատ արձակելու մասին է, որի նախագիծը, ինչպես արդեն նշել էինք, ամենայն հավանականությամբ, ԱԺ կներկայացվի հաջորդ շաբաթ` արտահերթ նիստում: Համաներման մասին նախագիծը, մեր տեղեկություններով, մշակում է ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ով արդեն իսկ հայտարարել է, որ համաներումը չի տարածվելու հետախուզման մեջ գտնվողների, այսինքն` առաջին հերթին՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եւ «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա: Չնայած իշխանությունները որոշել են համաներման նախագիծը հնարավորինս գաղտնի պահել եւ թույլ չտալ որեւէ արտահոսք այն մասին, թե հատկապես ովքեր են ազատ արձակվելու, այդուհանդերձ, երեկ մեզ հաջողվեց որոշ մանրամասներ պարզել, թե նախագիծն ինչ կետերից է բաղկացած լինելու: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ նախագծում նախ համաներումը պատճառաբանվելու է հասարակական պահանջով, որը, բացի նրանից, որ արտահայտվել է քաղաքական տարբեր ուժերի կողմից, այլ նաեւ ամբողջացվել է Հանրային խորհրդի միջոցով: Այնուհետեւ նախագծում ընդգծվելու է, որ «նախագահն առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքով է որոշել համաներում անցկացնել»: ԱԺ-ին առաջարկվելու է որոշում ընդունել եւ պատժից ազատել` առավելագույնը 3 տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց, նաեւ նրանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է: Առաջարկվելու է նաեւ պատժից ազատել առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին, 60 տարին լրացած անձանց, ինչպես նաեւ՝ մինչեւ 18 տարեկան եւ նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած անձանց: Իսկ մարտի 1-2-ի դեպքերից հետո կալանավայրերում հայտնված այն գործիչների մի մասին, ովքեր ազատ չեն արձակվի այս դրույթներով, իշխանությունները նախատեսվում են ազատ արձակել այլ հիմնավորումներով: Նախատեսվում է համաներման մասին նախագծում ընդգրկել նաեւ գրեթե ստանդարտ կետը, որը եղել է մինչ օրս տեղի ունեցած համաներումների նախագծում, այն է` պատժից ազատել նաեւ այն անձանց, ովքեր Հայրենական մեծ պատերազմի, ՀՀ պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են: Նախատեսվում է նաեւ պատժից ազատել այն անձանց, ովքեր Հայաստանի պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ամուսին, զավակ կամ ծնող են:
Հենց այս երկու հոդվածներով էլ իշխանությունները նախատեսում են ազատ արձակել ազատամարտիկ որոշ գործիչների: Սակայն, մեկ այլ աղբյուրի համաձայն էլ` չի բացառվում, որ համաներման այս նախագծում այնպիսի դրույթ ներառվի, որով կսահմանափակվի որոշ քաղբանտարկյալների ազատ արձակումը: Խոսքը մասնավորապես վերաբերում է ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանին եւ Մյասնիկ Մալխասյանին: Նույն աղբյուրի համաձայն, նախատեսվում է պատժից ազատել նաեւ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում չդատված անձանց, որոնք դատապարտվել են առավելագույնը 5 տարի ժամկետով, սակայն ազատազրկման եւ այս որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են նշանակված պատժի մեկ երրորդը: Նաեւ հնարավոր է ազատ արձակվեն բոլոր նրանք, ովքեր դատապարտվել են առավելագույնը 10 տարի ժամկետով, սակայն կրել են նշանակված պատժի կեսը: Ինչպես հայտնի է` մարտի 1-2-ի դեպքերից հետո կալանավայրերում հայտնված անձանց նկատմամբ մեղադրող կողմը պահանջում է 5-ից ավելի տարիներ: Եվ եթե այս դրույթն իսկապես ներառվի այդ որոշման նախագծի մեջ, ապա նրանցից շատերը կարող են ազատվել: Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ` նախատեսվում է նաեւ դադարեցնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը: Ըստ նույն տեղեկությունների, համաներման նախագծի որոշման մեջ ամենայն հավանականությամբ ներառվելու է նաեւ այնպիսի կետ, որով առաջարկվելու է կարճել այն անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանի վարույթում գտնվող քրեական գործերը, որոնցով մարդիկ մեղադրվում են երեք տարի ժամկետով ազատազրկում նախատեսող հանցագործություններ կատարելու մեջ: Նույնը կարող է վերաբերվել նաեւ նրանց, ովքեր մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է 5 տարի ժամկետով ազատազրկում: Նշենք նաեւ, որ որոշման նախագծում լինելու է այնպիսի դրույթ, համաձայն որի` որոշ դատապարտյալներ ոչ թե ամբողջությամբ կազատվեն պատիժը կրելուց, այլ` կիսով չափ: