67-ամյա Մնացական Իսոյանը երեկ խմբագրություն էր եկել` խնդրելու միջամտել իր դեմ կատարվող ոտնձգությունները կանխելու հարցում: Բանն այն է, որ թոշակառու այս տղամարդն, ով միայնակ խնամում է յոթ տարեկան որդուն` բնակվում է «ՏԷՑ-ի կռուգի» հարակից տարածքում գտնվող Թեշիբանի 6 հասցեում: Նախորդ համարներից մեկում թերթն անդրադարձել էր հայր եւ որդու սոցիալական ծանր պայմաններին` նկարագրելով նրանց կենցաղային անհարմարավետ իրավիճակը: «Ես ձեր օգնության կարիքն ունեմ, որովհետեւ բառիս բուն իմաստով ինձ ուզում են էդ տարածքից կամաց-կամաց դուրս հանեն: Հարեւանս ավտոտնակ կառուցելու համար ուզում է իմ տարածքը զավթել: Ախր դուք տեսել եք, թե ինչ անմարդկային պայմաններում եմ երեխա մեծացնում, բայց հիմա էլ ուզում են դրանից զրկել»,- ասում է Մնացականը` հավելելով, որ դեռեւս 22 տարի առաջ «Երխիմ» գործարանում մեքենավար աշխատելու տարիներին է հանգրվանել այդ տարածքում: Ըստ նրա, բնակարան չունենալու պատճառով գործարանում աշխատելու տարիներին նա կնոջ հետ Թեշիբանի 6 հասցեի ամայի տարածքում կառուցել է այդ տունը, այսինքն` արդեն 22 տարի այդ տարածքում են բնակվում: Մինչդեռ, հարեւանը 10-12 տարի առաջ իրենց հարակից տարածքի տունը գնելով՝ ներկայումս ավտոտնակ կառուցելու նպատակով իրենից տարածք է պահանջում: «Հիմա ամեն ինչ անում են, որ վիճաբանություն սարքեն, զոռով կռվի մեջ քաշեն: Հասկանո՞ւմ եք, երեխուս են նեղում: Կինը քարերով խփում է, անեծքներ է տալիս տղայիս: Ուզում են գլխիս սարքեն»,- ասում է Մնացականը` խմբագրությանը դիմելու իր քայլը պատճառաբանելով հետեւյալ կերպ. «Գիտեն, որ գլխիս տեր չկա, բայց, որ ձեր թերթի անունը տալիս եմ` զգաստանում են: Իրենք տեսել են, որ էն ժամանակ եկել, նկարել եք, մեր մասին գրել եք: Ձեր միջամտությունից իրենք կքաշվեն ու մեզ չեն նեղի»: Այնուամենայնիվ, Թեշիբանի 6 հասցեում գտնվող երկու ընտանիքների միջեւ ծագած անհամաձայնությունը, կարծում ենք, իրավական դաշտ բերել հնարավոր չէ, քանի որ թե՛ Մնացականը, թե՛ նրա հարեւանն այդ տարածքի հանդեպ սեփականության իրավունք չունեն: Դրանք ինքնակամ զբաղեցրած տարածքներ են, որոնք օրինականացնելու համար վերջիններս պարտավոր էին դիմել Երեւանի քաղաքապետարան: Մեզ հետ զրույցում Մնացականը վստահեցնում էր, որ այս խնդրով նաեւ դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Երկու դիմումներից մեկի պատասխանը դեռեւս չի ստացել, իսկ նախորդ դիմումը վերահասցեագրվել է Երեւանի քաղաքապետարանին: «Ես նաեւ դիմել եմ քաղաքապետարան՝ տարածքն օրինականացնելու խնդրանքով: Հիմա գործընթացի մեջ ենք, իրենց կանչին եմ սպասում: Բայց մինչ այդ, վախենում եմ, որ մի բան գլխիս սարքեն: Անընդհատ հրահրում են, վիճաբանություն են սարքում: Իրենք ասում են՝ քո տարածքը տուր մեզ գարաժ սարքենք, իսկ դու մուտքդ փակի: Օրական մի տուն են կառուցում ու հիմա էլ աչք են դրել իմ մի քանի քառակուսի մետր կազմող խրճիթի վրա: Դրանք ամեն ինչի ընդունակ են, իսկ ես փոքր երեխա ունեմ. էնքան կբարկացնեն, մինչեւ մի բան կսարքեն: Ասում է` տարածք տուր, գարաժ սարքեմ, ասում եմ` արի տանս մեջ սարքի, հիմա ձեր դարն է»,- ասում է Մնացականը, որի զբաղեցրած տարածքն ընդամենը 13 քմ է:
Յոթ տարեկան Մեխակը վախենում է փողոց դուրս գալ: Մնացականն ասում է, որ տարածք պահանջող հարեւանի կինը պարբերաբար քարեր է նետում իրենց տանիքի վրա, ինչի պատճառով այս փոքրիկ տղան վախից սթրես է տարել: «Խեղճ երեխես էնքան էր վախեցել, որ ձեռքը բռնած ընկել էի վախ չափողների դռները: Ինձ ասում էր` փող տամ, էս տարածքից դուրս արի: Ա՛յ մարդ, ասում եմ` ես դուրս գամ էս փոքր երեխուս հետ ո՞ւր գնամ, փողոցներո՞ւմ քնեմ: Տեսավ, որ չեմ համաձայնվում` հիմա փորձում ա զզվացնելով, կռվի մեջ քաշելով ինձ հանել»,- ասում է 67-ամյա տղամարդն, ով կնոջ մահվանից հետո միայնակ է մեծացնում որդուն: Թեեւ Մեխակը սովորում է գիշերօթիկ դպրոցում եւ տուն է վերադառնում միայն շաբաթ-կիրակի օրերին, այդուհանդերձ, հայրն անհանգստանում է նրա համար. «Երեխես շատ է վախենում, որովհետեւ իրենց գարաժի համար մեր կյանքը մղձավանջի է վերածվել»,- ասում է նա: