– Վերջին տարիներն ապացուցեցին, որ հենց ֆոտոն է ինֆորմացիայի կոնկրետ աղբյուրը։ Հաճախ այն ավելի «խոսուն» է, քան հոդվածը կամ մեկնաբանությունը։
– Ի տարբերություն գրող լրագրողի, որը կարող է ինֆորմացիան տանը նստած, հեռախոսով հավաքել, ֆոտոլրագրողը միշտ իրադարձությունների վկան է, քանի որ լուսանկարը հեռախոսով չես անի։ Եվ դրա շնորհիվ՝ լուսանկարիչը միշտ իրադրությունների կիզակետում է լինում, եւ նրա հայացքը շատ կարեւոր է:
– Այնպես է ստացվել, որ Ձեր լուսանկարները ավելի հաճախ հայտնվում են արտասահմանյան մամուլում (վերջերս նաեւ CNN-ում), քան հայկական թերթերում: Ինչո՞ւ:
– Տեղական մամուլի հետ աշխատել՝ նշանակում է՝ սեփական փողերը ծախսել, քանի որ մեր փոխհարաբերությունները ջենթլմենական համաձայնագիր են հիշեցնում։ Բոլորս էլ գիտենք, որ թերթերը ի վիճակի չեն նորմալ հոնորար վճարել (բացառությամբ «գլամուրային» ամսագրերի, որոնք լցված են ոչինչ չասող ֆոտոներով), շատ հաճախ նրանց տվածը ծիծաղելի գումար է, որը նույնիսկ կիսով չափ չի փակում լուսանկարի վրա արված ծախսերը։ Ամեն դեպքում, եթե լինում է թեմա, որի վրա ես ուզում եմ սեւեռել հասարակության ուշադրությունը, ես իմ լուսանկարները մամուլին պարզապես նվեր եմ տալիս ու գումարային փոխհատուցում չեմ պահանջում։
– Իսկ Հայաստանում լուսանկարիչների իրավունքները պաշտպանվա՞ծ են։ Գոնե նշվո՞ւմ է` թե ով է հեղինակը։
– Հաճախ դա էլ չի արվում։ ՀՀ-ում բոլորն իրար ճանաչում են, բարեկամական կամ ընկերական հարաբերություններն են գործում։ Հիշում եմ` վերջերս շատ թերթեր օգտագործեցին Օհան Դուրյանի դիմանկարը, որը ես արել էի տարիներ առաջ առավոտվա վաղ ժամին, երբ մաեստրոն մարզանքից հետո լվացվում էր։ Այդ օրիգինալ ու անկրկնելի ֆոտոն դրվեց թերթի առաջին էջում, ու նույնիսկ չնշվեց իմ անունը։ Եթե դա տեղի ունենար որեւէ այլ երկրում, այդ թերթը ստիպված էր լինելու փակվել։ Կոնկրետ որեւէ լուրին արձագանքող լուսանկարը հենց այսօր է պետք, բայց պետք չէ մոռանալ, որ կան շատ երկար ու դժվար ստեղծվող լուսանկարներ, որոնք ավելի շուտ նախագիծ են հիշեցնում, քան լուր։ Եթե մարդու մասին ֆոտոշարք ես անում, քեզ հաստատ երկար ժամանակ է հարկավոր, պիտի մտերմանաս, իրապես ծանոթանաս քո հերոսների հետ։ Այդ ժամանակ ֆոտոն ընդամենը միջոց կամ գործիք է դառնում ավելի լուրջ հարցեր բարձրացնելու համար։
– Հայտնի է, որ Ձեր լուսանկարների հերոսների հետ ընկերանում եք ու հետեւում եք նրանց ճակատագրին։ Սակայն թվում է` դիմանկարի ժանրը հիմա կորցնում է իր նշանակությունը:
– Ամբողջ աշխարհում նույն պատկերն է։ Ֆոտոդիմանկարը հոսքագծի է դրվում, նույն տրաֆարետային սկզբունքով է արվում, տակը գրվում է՝ ոճաբանն այսինչն է, դիմահարդարն՝ այնինչն է։ Եվ ռեպորտաժների հերոսները «աստղերի» են նմանվում ու իրարից գրեթե չեն տարբերվում։ Ես շատ լուսանկարիչներ գիտեմ, որոնք աշխատելով տարբեր միջազգային նախագծերում, փորձում են դանդաղորեն վերականգնել պորտրետի երբեմնի դերը։ Այսինքն՝ լուսանկարիչները ցանկանում են որքան կարելի է երկար ժամանակ անցկացնել իրենց հերոսի հետ, խոսել, շփվել, զրուցել նրա հետ, անել այնպես, որ հերոսը «բացվի», «բացահայտվի»։ Վերջերս ես պետք է մի կինոռեժիսորի դիմանկարները լուսանկարեի ու դիտեցի նրա բոլոր ֆիլմերը, որպեսզի իմանամ, թե այդ մարդն ինչի մասին է մտածում, ինչպիսի էներգետիկա ունի ու, վերջիվերջո, ինչի մասին ես կարող եմ նրա հետ խոսել։ Երկար տարիներ ես լուսանկարել եմ այն երեխաներին, որոնք հաշմանդամ են դարձել պայթուցիկ զինամթերքի, պատերազմից հետո մնացած ականների պատճառով։ Այդ ժամանակ ես համոզվեցի, որ շատ թեմաներ կան, որոնք, թեեւ ակնհայտ են թվում, բայց դրանց վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Հաշմանդամ երեխաները սարսափելի ցածր նպաստ են ստանում ու զրկված են տարրական իրավունքներից։ Ստացվում է, որ մարդիկ զրկվում են ապագայից այն պատճառով, որ իրենց պետությունը պատերազմել է։ Նույնիսկ նրանց հիվանդության պատմության մեջ չի նշվում, որ նրանք ձեռքեր, ոտքեր կամ աչքեր են կորցրել ռումբի պայթյունի պատճառով։ Նրանք ամենացածր նպաստն են ստանում, քանի որ աշխատանքային ստաժ չունեն։ Դա անհեթեթ վիճակ է։ Ինչպե՞ս կարող էին աշխատել, եթե մեր բոլորիս մեղքով են հաշմանդամ դարձել։ Այդ երեխաները պատերազմի իրական զոհեր են։ Եվ լուսանկարը շատ լավ դա ցույց է տալիս, միգուցե որոշ ֆոտոներ դիտելը ցավալի կամ դաժան է թվում, բայց դրանք ճիշտ նշանակետին են հարվածում՝ ցույց են տալիս կոնկրետ մարդկանց, որոնք ուշադրության կարիք ունեն։ Տարիներ են անցել, հիմա այդ երեխաները հասուն մարդիկ են դարձել, ու նրանց կյանքում ոչ մի բան չի փոխվել, նրանք չեն կարող աշխատել, ընտանիք կազմել, իսկ պետությունն էլ նրանց պարզապես անտեսում է։
– Սովորաբար պետական կառույցները խոշոր ու գեղեցիկ միջոցառումների մասին լուսանկարչական շարքեր ստեղծելու պատվերներ են տալիս։ Եղե՞լ են դեպքեր, երբ նման ցավալի ու խնդրահարույց թեմաների պատվերներ են լինում։ Այսինքն՝ ասվում է՝ լուսանկարիչներ, գտեք պրոբլեմներ ու ցույց տվեք դրանք։
– Հայաստանում նման դեպք երբեք չի եղել։ Ամերիկայում եղել է։ 1927թ. մեծ դեպրեսիայի տարիներին ԱՄՆ կառավարությունը լուսանկարիչներին ուղեւորեց դեպի գյուղերն ու ֆերմաները, որպեսզի գյուղատնտեսության ոլորտում աշխատող մարդկանց կյանքի մասին շարք ստեղծվի։ Այն ժամանակ ինտերնետ չկար, ու պետությունը ուզում էր իրական պատկերը տեսնել։ Իսկ մեր պետությունը իրական պատկերը չի ցանկանում տեսնել, գերադասում է ՀՀ-ի գեղեցկությունը ցուցադրել, որպեսզի տուրիստների մեծ հոսք ապահովի։ Ես օրինակ, որոշել եմ, որ եկել է պլաստիկ շշեր ու ցելոֆանե տոպրակ լուսանկարելու ժամանակը։ Եվ հիմա ուր էլ որ գնում եմ՝ նկարում եմ ՀՀ-ի գեղեցիկ բնությունն ու շշերի կույտերը։ Իհարկե, այդ լուսանկարները ոչ մի տեղ չեմ տպագրելու, բայց դա անելը անհրաժեշտություն եմ համարում, քանի որ աղտոտվածությունը սարսափելի աստիճանի է հասել, էկոլոգիան խայտառակ վիճակում է գտնվում։ Մեր պետությունը թույլ է տվել պլաստիկ շշեր արտադրել՝ գաղափար անգամ չունենալով, թե ինչպես պիտի դրանք ուտիլիզացնի։ Անկեղծ եմ ասում, հիմա ՀՀ-ում պեյզաժ նկարելն անհնար է, դաշտերը, ձորերն ու սարերը լցված են պլաստիկ նյութերով։ Եթե նույնիսկ փորձես անթերի գեղեցիկ կադր լուսանկարել, անպայման կադրի մեջ մի տոպրակ կհայտնվի։
– Հետո այդ տոպրակը «ֆոտոշոփի» օգնությամբ ջնջվում է եւ մնում է միայն գեղեցիկը:
– Բայց դրանով մենք ոչ թե իրական, այլ վիրտուալ Հայաստան ենք ստեղծում: Վերջերս սարսափելի պատմություններ լսեցի մի հոգեւոր հորից, որն ասաց, որ ամաչում է, որ հայ է։ Պատկերացրեք, որ հայ մարդը կարող է միզել խաչքարի վրա։ Ավելի վատ արարք ուղղակի լինել չի կարող։ Շատերը՝ հայտնվելով տեսախցիկի առաջ, սկսում են մեծ-մեծ բաների մասին՝ ազգի պրոբլեմներից, վեհ գաղափարներից խոսել, իսկ այն հարցերին, որոնք ամեն քայլափոխի մեզ պետք է մտահոգեն, ուշադրություն չի դարձվում:
– Միգուցե ճիշտ կլինի այդ նկարները ինտերնետում տեղադրել ու յուրատեսակ սոցիալական ակցիա անել։
– Լուսանկարը շատ լավ ցուցադրում է խնդիրները եւ օգնում է դրանց լուծմանը, բայց պետք է պատվերներ լինեն։ Ես նկատի չունեմ միայն պետական պատվերները, պատվերը պետք է հասարակության կողմից արվի։ Իսկ եթե ես իմ արած «կեղտոտ» ՀՀ-ի պատկերները ինտերնետում տեղադրեմ, շատերն ինձ ազգի թշնամի ու դավաճան կանվանեն: Նույն բանն ինձ ասացին, երբ ես Սան Ֆրանցիսկոյում մրցանակ էի ստանում Վարդենիսի հոգեբուժարանում արված շարքի համար:
– Ի՞նչ ասացին:
– Ասացին, որ ես խայտառակում եմ հայերին` ցուցադրելով հիվանդ մարդկանց: Բայց ես այդ մարդկանց ցույց տալով` նրանց օգնելու նպատակ ունեի:
– Իսկ կա՞ բարոյականության մի կետ, որը լուսանկարիչն իրավունք չունի անցնել։
– Կոլեգաների հետ հաճախ ենք վիճում, թե ինչը կարելի է ցուցադրել, իսկ ինչը՝ ոչ։
Հիշում եմ, 1988թ. երկրաշարժից հետո աշխարհը Հայաստանից բազմաթիվ լուսանկարներ էր ստանում։ Մի լուսանկար կար, որը պատկերում էր բակում դրված դագաղները, բոլոր մահացած մարդկանց դեմքերը փակ էին։ Բայց կար մի մարդ, որի վրայից վերմակը քաշած էր ու երեւում էր նրա դեմքը։ Հարցրեցի լուսանկարչին՝ դո՞ւ ես դեմքը բացել։ Ասաց՝ այո, ուզում էի ավելի ազդեցիկ լուսանկար անել։ Ես համոզված եմ, որ նա այդպես վարվելու իրավունք չուներ, դեմքը մարդու սեփականությունն է, եւ նույնիսկ մահից հետո ոչ ոք իրավունք չունի այդ սեփականությունն օգտագործել։ Դա մարդու իրավունքների խախտում է, թեկուզեւ՝ արդյունքում մեծ էֆեկտ ունեցող ֆոտո է ծնվում, չի կարելի ներխուժել մարդու ներաշխարհը։ Երբ տեղի ունեցան 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական դեպքերը, ես Ամերիկայում էի ու հիշում եմ, որ հեռուստացույցով անընդհատ ցուցադրում էին Վաշինգտոնի եկեղեցում հավաքված մարդկանց, որոնք աղոթում էին զոհերի հիշատակին։ Նրանց մեջ էր նաեւ նախագահ Բուշն ու նրա ընտանիքը։ Տեսախցիկը ցույց էր տալիս միայն եկեղեցու ինտերիերը, իսկ աղոթող մարդկանց՝ ոչ։ Աղոթքը անձնական գործ է, ու խցիկը իրավունք չուներ այն ցույց տալ։ Ինձ համար, օրինակ, անթույլատրելի է ուտող մարդուն նկարել, քանի որ ուտելը տգեղ ֆիզիոլոգիական պրոցես եմ համարում։
– Իշխանավորին կամ քաղաքական գործչին «տգեղ» պահին որսալով` կարելի՞ է լուրջ վնաս հասցնել նրանց իմիջին:
– Միգուցե զարմանալի հնչի, բայց 1990-ականներից սկսած բոլոր իշխանավորները շատ լուրջ են վերաբերվել իրենց լուսանկարներին։ Կարող եմ գլխավոր խմբագրերի մի ցուցակ ներկայացնել, որոնց աշխատանքից հեռացրել են «սխալ» լուսանկար տպագրելու համար։ Կարող եմ վստահ ասել, որ բոլոր պաշտոնյաները շատ ուշադիր են վերաբերվում սեփական թանկարժեք անձերին ու սեփական լուսանկարներին։ Քիթ, ականջ փորող պաշտոնյայի մատը լրջորեն կարող է վնասել այդ պաշտոնյայի իմիջին։ Բայց հո լուսանկարիչը մեղավոր չէ՞, որ պաշտոնյան իրեն այդպես է պահում։ Թող բարի լինի ու իրեն ավելի հավաք պահի, մանավանդ, երբ հայտնի է, որ նրա հանդիպումը լուսանկարվում է։
– Ֆոտոն նաեւ վեհացնո՞ւմ է մարդուն։
– Իհարկե։ Վիդեոյի վրա հաճախ մարդու միմիկան այնքան չի զգացվում, որքան լուսանկարի վրա։ Ֆոտոն «պոկում» է կյանքից այն պահը, որը կարող է եւ՛ գեղեցիկ, եւ՛ սարսափելի լինել։ Ֆոտոխցիկն ընդամենը գործիք է, ինչպես նաեւ գրիչը։ Նույն գրիչով կարելի է «Պատերազմ ու խաղաղություն» գրել ու միաժամանակ՝ հարեւանի վրա անանուն կեղծիք մոգոնել։
– Լուսանկարչի անձը կարո՞ղ է նպաստել խնդիրների լուծմանը:
– Հստակ քաղաքացիական դիրքորոշում ուներ Ռուբեն Մանգասարյանը: Նրա համար կյանքի նպատակը հայ-թուրքական սահմանի բացումն էր: Եվ նա իր կյանքի վերջին 3 տարիների ընթացքում արեց մի քանի նախագծեր, որոնք կարող էին օգնել այդ գաղափարի իրականացմանը: Թուրք լուսանկարիչների հետ նա արեց «Մեհրաբարեւ» պրոյեկտը, հետո հրավիրեց թուրքերին նկարահանել Արաքսի ափերի գյուղերը: Ռուբիկն իր առջեւ խնդիր էր դրել ու աշխատում էր այդ ուղղությամբ: Եվ պատկերացնել անգամ չէր կարելի, որ նա կարող էր հանկարծ իր գործը թողնել ու գնալ ինչ-որ «գլամուրային» ֆոտոներ անել: Ռուբիկը մեծ էներգիա ուներ։ Հենց նա ստիպեց մեզ՝ մի քանի լուսանկարչիս, 2006 թվականին մեկնել Լիբանան, ասելով՝ այնտեղ պատերազմ է, վտանգավոր է, բայց եթե չգնանք, հետո անպայման կափսոսենք։ Ռուբոն ընդհանրապես անընդհատ շարժման մեջ էր։ Ասենք, նստած էինք լինում Երեւանում ու սուրճ էինք խմում, մեկ էլ ասում էր՝ չեմ հասկանում, ինչո՞ւ են բոլորը դեպի Արեւմուտք ձգտում, ավելի լավ կլիներ, որ մենք մեր հայացքը ուղղեինք մեր հարեւանների վրա։ Նրա բոլոր նախաձեռնությունները առաջին հայացքից ոչ ռեալ էին թվում, բայց Ռուբոն դրանք իրականություն էր դարձնում։ Նա ընդհանրապես միշտ իր սկսած գործերը ավարտին էր հասցնում։ Եվ իր ստեղծած դպրոցում պատերազմական իրավիճակներում ճիշտ գործելու հմտություն էր սովորեցնում երիտասարդներին, իսկ դա շատ կարեւոր գործ է: Երիտասարդ մի վրացի լուսանկարիչ կար, որը հաճախ ասում էր, որ նախանձում է մեզ, քանի որ մենք պատերազմում ենք եղել, իսկ ինքը՝ ոչ։ Նա գնաց Օսեթիա ու զոհվեց, (ընդ որում` նա Վախթանգ Կիկաբիձեի թոռնիկի ընկերն էր, եւ հենց նրա մահից հետո Կիկաբիձեն հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում Ռուսաստանյան իր բոլոր համերգները, ասելով` իմ թոռնիկի ընկերոջ մահից հետո ինչպե՞ս կարող եմ երգել)։ Ասածս այն է, որ չի կարելի է պատերազմ գնալ առանց նախնական պատրաստվածության։ Ցանկացած վտանգի դեպքում լրագրողը պետք է ձեռքերը վեր բարձրացնի ու բարձր գոռա` ես լրագրող եմ: Լուսանկարիչը պիտի ճիշտ դիրք գրավի, իսկ ճիշտը անտեսանելի լինելն է: Ղարաբաղում մենք չեզոքություն պահպանել չէինք կարող:
– Հաճախ լրագրողները դառնում են բռնության զոհ: Պատճառը տեսանելի լինե՞լն է:
– Կարող եմ ասել, որ Թբիլիսիում (որտեղ հաճախ աշխատում եմ) մամուլը սուրբ մի բան է համարվում: Կան կադրեր, որոնց վրա երեւում է, թե ինչպես է ոստիկանը գազի ատրճանակից կրակում, իսկ լուսանկարիչը հենց նրա ձեռքի տակից լուսանկարում է: Դա տեսնելով` տպավորություն էր ստեղծվում, որ հիմա նրանք այցեքարտերով էլ կփոխանակվեն: Մեզ մոտ դա անհնար է, քանի որ ոստիկանը լուսանկարչին որպես թշնամի է ընկալում: Իսկ օրինակ վերջերս շատ խորհրդանշական մի դեպք տեղի ունեցավ. ես Միխայիլ Սահակաշվիլուն լուսանկարելու պատվեր էի ստացել ու նկարում էի նրա հանդիպումը` հետ-հետ գնալով: Եվ հանկարծ թիկնապահները սկսեցին ինձ ինչ-որ բան գոռալ: Ես շփոթվեցի, նույնիսկ` վախեցա, բայց պարզվեց, որ թիկնապահն ինձ ուզում է զգուշացնել, որ հետեւումս մեծ փոս է, ու ես կարող եմ վնասվել: Անկեղծ ասած, հուզվեցի: Հասկանո՞ւմ եք, նախագահի թիկնապահը, որի ուշքն ու միտքը պիտի նախագահի անվտանգությունը լինի, նկատեց այլ մարդուն սպառնացող վտանգն ու մտածեց նրա մասին: Հիմա պատկերացնենք, որ դա մեր թիկնապահն էգ
– Ինչո՞ւմ է տարբերությունը:
– Մեր մշակույթներն են տարբեր, վրացի թիկնապահին Արեւելքում են պատրաստել, ու նա հատուկ թրեյնինգներ է անցել: Իսկ մեզ մոտ թիկնապահներ են դառնում սրա կամ նրա բարեկամները, որոնք անծանոթ մարդու նկատմամբ այլ վերաբերմունք են սովոր դրսեւորել: Երբ, օրինակ, հատուկ ջոկատները մտան Վրաստանի ընդդիմադիր «Իմեդի» հեռուստաալիքն ու սկսեցին ամեն ինչը ջարդել ու փշրել, 2 պետական ալիքներն այդ ամենը ուղիղ եթերով ցուցադրեցին: Ես զարմացա ու հարցրեցի` ինչպե՞ս կարողացաք դա անել: Ինձ պատասխանեցին` իշխանությունները գալիս ու գնում են, իսկ մենք` լրագրողներս, միշտ լինելու ենք: Այսինքն` մամուլը անձեռնմխելի մի բան է համարվում: Որքան ուզում ես, կարող ես մեղադրել ու հայհոյել իշխանություններին, բայց մամուլին ձեռք տալ չի կարելի, եւ լրագրողը պատմությունն է արձանագրում:
– Բայց արդյոք կարելի՞ է հայկական մամուլը «մաքուր» աշխատող ու արձանագրող օրգան համարել, շատ հաճախ հենց մեր մամուլի աշխատաոճն է արժանի մեղադրանքի:
– Բոլորը գիտեն, թե ինչպես են մեզ մոտ աշխատում: Քանի՞ անգամ եք տեսել, որ իշխանական ալիքները ցուցադրում են ընդդիմության միտինգներն այնպես, ինչպես դրանք իրականում տեղի են ունեցել: Կամ ընդհանրապես չեն ցուցադրում, կամ էլ խեղաթյուրում են: Մեզ մոտ լրագրողները գործընկերներ չեն, եւ դա շատ ցավալի է: