Պուտինի «Մերոնքը»

03/08/2005

Նրանք իրենց անվանում են «Մերոնք», ներկայանում որպես հայրենասերներ եւ
սիրում իրենց նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս տարվա ապրիլին ստեղծված նոր
կազմակերպությունը, որը հավանաբար կոչված է փոխարինելու
ժողովրդականություն չվայելող «Միասին քայլողների» բանակին, մեծ գործերի է
պատրաստվում։ Այս օրերին նրա 3000 «կոմիսարներ» Մոսկվայից 160 կիլոմետր
հեռավորության վրա գտնվող ճամբարի խիստ ռոմանտիկ վրանային ավանում ձեռք են
բերում համապատասխան պատրաստվածություն։

Նախաճաշին մատուցվում է խարույկի վրա պատրաստված թեյ եւ ապուր, իսկ նրանց
ականջները շոյում են սովետական հայտնի երգերը։ «Գլխավոր ճաշատեսակը
գաղափարական ու քաղաքական պատրաստությունն է»,- հայտնում են զանգվածային
լրատվության մասնավոր միջոցները, որոնց ներկայացուցիչներին մեկ օրով թույլ
են տվել մտնել այն ճամբարը, որտեղ սովորաբար աշխատում են միայն իշխանամետ
լրատվամիջոցների լրագրողները։

Այս ակցիան, որին մասնակցելու համար ամբողջ երկրից եկել են 17-21 տարեկան
երիտասարդներ, արժե երկու միլիոն ամերիկյան դոլար։ Սելիգեր լճի ափին Տվերի
գուբերնատոր Դմիտրի Զելենինը երկու հեկտար ընտիր անտառ է տրամադրել։ Այս
բարի գործի համար եւս հինգ հեկտար ժամանակավոր զոհաբերել է ուղղափառ
եկեղեցին։ Որտեղի՞ց են այս փողերը։ «Ոչ մի խնդիր,- ասում է միջոցառման
ղեկավար Վասիլի Յակեմենկոն, ով նախկինում «Միասին քայլողների» առաջնորդն
էր,- Կրեմլի աջակցությունը մեզ հնարավորություն է տալիս մոտենալու
գործարարներին եւ ասելու, թե ազգային նախագծի համար փողեր են հարկավոր»։

Ճամբարում խիստ կարգապահություն է։ Ալկոհոլն ու հայհոյանքն արգելված են։
Գիշերվա 12-ից մինչեւ առավոտյան յոթը քնում են, ճամբարից կարելի է դուրս
գալ միայն «հրահանգիչի» ուղեկցությամբ։

Շատերի համար սա շատ դժվար է։ Ամեն օր ճամբարում մնալուց հրաժարվում են
երիտասարդության 10-15 ապագա առաջնորդներ։ Յակեմենկոյի հաշվարկով,
ընդհանուր առմամբ, զտումը կազմում է 30%։ Ի դեպ, ոչ ոք դրա համար չի
ափսոսում, քանի որ նրանք ուզում են միայն հեծանիվ քշել ու լողալ։

Մեծ մասը կամավոր է ժամեր ծախսում գաղափարական պատրաստության վրա, ինչի
համար Կրեմլը հավաքագրել է իր ամենալավ ագիտատորներին։ Նրանք հաճախ անբան
երիտասարդությանն ասում են տհաճ ճշմարտություններ։ «Դուք բավականաչափ պինդ
չեք,- ասում է կրեմլյան քաղաքագետ Գլեբ Պավլովսկին։ -Դուք պետք է պատրաստ
լինեք ցրելու ֆաշիստական ցույցերն ու պատասխանելու հակասահմանադրական
հեղաշրջումների փորձերին»։

Ռուսաստանի ղեկավարությունը՝ Վրաստանում եւ Ուկրաինայում հիմնականում
երիտասարդության ուժերով իրականացված հեղափոխություններից վախեցած,
փորձում է երիտասարդ սերնդին իրենով անել։ Պուտինյան ուղղահայաց
իշխանության հուսալի ագիտատորները երիտասարդների մեջ պետք է դաստիարակեն
հայրենասիրության, ազատական աշխարհայացքին դիմակայելու զգացումներ, որոնք,
ըստ Կրեմլում տիրող կարծիքի, հարիր չեն ռուս հասարակության բնույթին։

«Երիտասարդ սերնդի հետ մենք պետք է կիսենք երկրի զարգացման նկատմամբ մեր
հավատը եւ Արեւմուտքի ազդեցության նկատմամբ իմունիտետ ներարկենք»,- ասում
է Կրեմլի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովն, ում ելույթը
Սելիգեր լճի ափին դարձավ ուսուցման գագաթնակետը։ «Միացեք մեզ, եւ մենք ձեզ
կփոխանցենք երկիրը»,- խոստանում էր Սուրկովը։

Տ.Պ.