Խնդրում են թույլ տալ մտնել տուն

14/06/2009

Արդեն քանի օր է, խմբագրություն է գալիս Աիդա Բեգլարյանն իր երեք դուստրերի հետ եւ խնդրում է՝ օգնության ձեռք մեկնել: Ե. Կողբացի 42 եւ Պարոնյան 28 հասցեներում մեկ սենյականոց բնակարանի սեփականատեր Աիդա Բեգլարյանի ներկայիս վիճակը հնարավոր չէ նկարագրել: Այս կինն իր երեք աղջիկների հետ, արդեն 10 օր է, փողոցներում է գիշերում: Նրանց ասելով` իրենք հետապնդվում են ՀՀ Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: «Մեր երկու բնակարաններն էլ շրջափակվել են ոստիկաններով եւ անվտանգության աշխատակիցներով, վախենում ենք տուն գնալ: Ուզում են ինձ վերացնել, իսկ աղջիկներիս հոգեբուժարան ուղարկել եւ տիրանալ մեր բնակարաններին: Գիշեր-ցերեկ հսկում են, որ գնանք ու բռնեն»,- ասում է տիկին Աիդան, ով փողոցներում ապրելու հետեւանքով բառիս բուն իմաստով հալումաշ է եղել, հազիվ է ոտքի վրա կանգնում: Աղջիկները լաց լինելով վստահեցնում են, որ առողջ են եւ հոգեկան որեւէ խնդիր չունեն: Թե ինչո՞ւ են իրենց հետապնդում` վերջիններս մեկնաբանում են հետեւյալ կերպ. «Ես բալետի պարուհի եմ, քույրս դաշնակահարուհի է, իսկ մյուս քույրս` կոմպոզիտոր: Վերջերս նախագահին նամակ ուղղեցինք` խնդրելով հնարավորություն տալ որպես արվեստագետներ ինքնարտահայտվելու, եւ մեր վերաբերմունքն արտահայտեցինք ստեղծագործողների հանդեպ անուշադրության մասին: Նամակը վերահասցեագրվել էր Մշակույթի նախարարություն, որտեղից էլ սկսվեց այս պատմությունը: Սկսեցին մեզ գիժ հանելու համար կեղծ փաստաթղթեր սարքել եւ այնպես անել, որ մեզնից ազատվելու համար ուղարկեն հոգեբուժարան»,- պատմում են տիկին Աիդայի աղջիկները: Մեր հարցին, թե ինչո՞վ կարող է մեր թերթն օգնել, վերջիններս հեկեկալով պատասխանեցին. «Մենք վախենում ենք բռնություններից, մեզ կծեծեն ու զոռով կուղարկեն գժանոց, իսկ մամային ուզում են ծեծելով վերացնել: Խնդրում ենք բարձրաձայնեք մեր դեմ կատարվող այս գործողությունների մասին: Ասե՛ք թող թողնեն մտնենք մեր տուն ու ապրենք, էլ չենք դիմանում էս փողոցներում գիշերելու տառապանքներին»: