Համաներումը չի կարող փակել էջը

11/06/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Այդ խմբի լուծարման հիմքում ընկած է միջանձնյա հարաբերությունները վեր դասելու սկզբունքը. գործող իշխանությունները չեն ուզում վատություն անել նախորդ իշխանություններին»,- երեկ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը` ներկայացնելով իր գնահատականները մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման նպատակով ստեղծված փաստահավաք խմբի լուծարման վերաբերյալ: Ըստ նրա, փաստահավաք խումբը ստեղծվել էր այն պատճառով, որ հասարակության մեջ չկար վստահություն իրավապահ ու դատական մարմինների հանդեպ: «Իր յոթ ամսվա աշխատանքային գործունեության ընթացքում փաստահավաք խումբը, ինչքան էլ փակ լիներ նրա աշխատանքը, վստահության քվե ուներ: Եվ այդ վստահության քվեն տարածվում էր նաեւ իշխանությունների վրա: Այսինքն` փաստահավաք խումբը մեծ հաշվով կաշխատեր նաեւ իշխանության հանդեպ լեգիտիմության քվեի բարձրացման ուղղությամբ»,- ասաց Լ. Ալավերդյանը: Ըստ նրա` այն պետական մեքենան, որի նկատմամբ հասարակության մեջ եղած անվստահության պատճառով էլ հենց ստեղծվել էր փաստահավաք խումբը, մտահոգվեց առաջին իսկ բացահայտված փաստից: «Փաստահավաք խմբի արդեն առաջին իսկ փաստաթուղթը կամ միջանկյալ զեկույցը, եթե կարելի է այդպես ասել, բոլորովին դուր չէր եկել պետական մարմիններին: Այսինքն` ինքը` պետական մեքենան, թույլ չտվեց, որ մեկ այլ մարմին գա եւ ուղղի այն, ինչ թվում էր անուղղելի: Եվ այդ առումով ես կարծում եմ, որ, ցավոք սրտի, գործող նախագահը կաշկանդված մնաց նախկին նախագահի պարտադրած ինչ-ինչ սահմաններում, շրջանակներով»,- նշեց Լ. Ալավերդյանը` հավելելով, որ որեւէ մասնագիտական կամ քաղաքական հիմք խմբի լուծարման համար չկար: Հարցին` եթե խմբի գոյությունը դուր չէր գալիս նախորդ իշխանություններին, այդ դեպքում ինչո՞ւ գործող իշխանությունները համաձայնեցին ստեղծել փաստահավաք խումբը, այն ժամանակ ուզո՞ւմ էին «վատություն անել» նախորդներին, Լ. Ալավերդյանը պատասխանեց, թե իր կարծիքով՝ կային երկու գործոններ, որոնք չաշխատեցին իշխանությունների նախատեսած սցենարով: «Իմ գնահատականը հետեւյալն է, որ հույս են դրել երկու գործոնի վրա: Մեկը՝ ժամանակը: Որ ժամանակը կանցնի, հասարակության հետաքրքրությունը կմարի, կլինեն ընտրություններ, ընտրությունները կբերեն իրենց հետ նորություններ կամ սենսացիաներ կամ նոր խնդիրներ, կամ կփոփոխվի քաղաքական դաշտը, կստեղծվի անորոշ եւ բացասական վերաբերմունք ընդդիմադիրների եւ ընդդիմադիր ուժերի հանդեպ, եւ այդ բանը կմարսվի հասարակության կողմից: Եվ երկրորդը: Կար երեւի ինչ-որ մի հույս, որ ինքը՝ խումբը, լինելով 2+2+1 բանաձեւով, չի կարողանալու ընդհանուր առմամբ գալ որեւէ ընդհանուր եզրակացությունների, այնինչ դա տեղի ունեցավ: Խումբը աշխատեց եւ արդյունք տվեց»,- ասաց Լ. Ալավերդյանը: Նրա համոզմամբ, փաստահավաքի անդամներից առնվազն երկուսը` ընդդիմության ներկայացուցիչներ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը, կատարել են իրենց աշխատանքը: «Եվ իրենց իսկ ասելով, մի պահ, մի ժամանակ նույնն արել է նաեւ խմբի նախագահը: Բայց, ցավոք սրտի, հենց փաստահավաք խմբի նախագահի առաջին քայլով սկսվեց այդ լուծարման գործընթացը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը, նկատի ունենալով խմբում օմբուդսմենի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանին, որն առաջինը հայտարարեց, թե չի ցանկանում շարունակել աշխատանքը խմբում` լարված մթնոլորտի պատճառով:

Լ. Ալավերդյանի կարծիքով` համաներումը չի կարող «փակել» մարտի մեկի դեպքերի մեղավորներին չբացահայտելու ու փաստահավաք խումբը լուծարելու հետեւանքով հասարակության մեջ եղած դժգոհությունը: «Իրականում այդպես չէ, համաներումը պետք է ընդամենը լրացներ փաստահավաքի գործունեությունը, ծառայեր որպես անմեղներին ազատ արձակման հնարավորություն եւ նպաստեր մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն, բացելով արդարադատության նոր էջ»,- ասաց Լ. Ալավերդյանը: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարությանը, որով ՀՅԴ-ին եւ ՀԱԿ-ին կոչ էր արվում միասնական ուժերով պայքարել, Լ. Ալավերդյանը նշեց «Ժառանգության» ընդհանրությունները ինչպես ՀՅԴ-ի, այնպես էլ ՀԱԿ-ի հետ: «ՀՅԴ-ի հետ մենք ունենք բազմաթիվ նմանություններ այնպիսի հարցերում, որոնք վերաբերում են մասնավորապես արտաքին քաղաքականությանը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա, անշուշտ, լինելով լիբերալ, լինելով ազատական դոկտրինի կրող, եթե չասեմ՝ հիմնադիր Հայաստանում, անշուշտ, մենք ունենք շատ ընդհանուր գաղափարական նմանություններ: «Ժառանգություն» կուսակցությունն ինքը ազգային լիբերալ է: Ես դեռ չեմ ասում, որ քաղաքական պայքարը, որը մենք մղում ենք միասին, արդեն ավելի քան մեկ տարի, դա ստեղծում է լուրջ հնարավորություններ քաղաքական դաշտում»,- հայտարարեց Լ. Ալավերդյանը: Ինչ վերաբերում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն հայտարարություններին, թե ՀԱԿ-ը կայացած ուժ չէ, Լ. Ալավերդյանը նշեց, թե դրանք այդ պատգամավորների տեսակետներն են: «Դա կուսակցությունում ինչ-որ մշակված կամ հաստատված որոշում չէ, դա Զ. Փոստանջյանի ու Ա. Մարտիրոսյանի մասնավոր դիտարկումն է, որը, ես կարծում եմ, ուղղված է ընդդիմադիր դաշտի ուժեղացմանը: Հիշեցնեմ, որ «Ժառանգության» հասցեին, կներեք, այնպիսի ահավոր բաներ էին ասվում, որը շատ ավելի վիրավորական կարող էր հնչել: Բայց մենք գտնում ենք, որ «Ժառանգությունն» էլ որպես երիտասարդ քաղաքական ուժ՝ ոչ միայն պետք է հետեւի, թե ինչ դրական բան են ասում, այլեւ, թե ինչ բացասական բան են ասում: Եթե դա զուտ հերյուրանք չէ, միշտ էլ այդտեղից կարելի է քաղել դրական դասեր»,- ասաց Լ. Ալավերդյանը: