«Պետությունն ընտանիք է, իսկ պետությունները հաճախ իրար հետ վիճում են:
Տարբեր ընտանիքների երեխաները, միեւնույն է, շարունակում են իրար հետ
խաղալ, նույնիսկ, երբ ընտանիքները վիճում են»,- ասաց իրավաբան, Վրաստանի
խորհրդարանի պատգամավոր Նազի Արոնիան, ով մասնակցում էր «Հարավկովկասյան
ինտեգրացիա. կարծրատիպերի վերացման եւ խոչընդոտների վերացման ուղիները»
խորագրով սեմինարին: «Հարավային Կովկասում հաշտության ռեսուրսներ
ձեւավորելու եւ վստահության մթնոլորտ ստեղծելու գործընթացին խոչընդոտում է
ազգայնականությամբ կենսակերպված կեղծիքը, որը մթագնում է հասարակության
առողջ տրամաբանությունը»,- ասաց «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան
կենտրոն» հ/կ նախագահ Գեորգի Վանյանը:
Հակամարտության գաղափարը շահարկվում է քաղաքական ուժերի կողմից, հարցը
պետք է քաղաքացիական դաշտ տեղափոխել: Անհանդուրժողականության ու թշնամանքի
մթնոլորտում մեծացած երիտասարդներին պետք է շփման եզրեր գտնելու
հնարավորություն տալ: Իսկ իրար հասկանալու ամենալավ միջոցն արվեստն է:
Դա ապացուցեց հուլիսի 19-ին Թեքեյան կենտրոնում բացված երիտասարդ
նկարիչների «Հայաստան-Ադրբեջան-Վրաստան՝ միասին» խորագրով ցուցահանդեսը:
Հայ, վրացի եւ ադրբեջանցի երիտասարդները մարտ ամսին Թբիլիսիում մի քանի օր
շարունակ հաճախել են վրացի նկարիչ Միխայիլ Իաշվիլու վարպետության
դասընթացներին, սովորել են նկարել եւ շփվել միմյանց հետ: Եվ պատրաստել են
համատեղ ցուցահանդես՝ նվիրված տարածաշրջանի հակամարտությունների զոհերի
հիշատակին: Բոլոր երիտասարդներն էլ տարբեր աշխարհներից էին: «Մենք եւ
նրանք ընկերներ չդարձանք: Հրաշքներ չեն լինում: Մենք իրար նամակներ չենք
գրում ու չենք զանգահարում: Դա մեզ պետք չէ: Մենք դեռ պատրաստ չենք»,-
շփման արդյունքները «Միասին» անվանված բուկլետում ի մի են բերում հայ եւ
ադրբեջանցի երիտասարդ նկարիչները: Եվ ավելացնում են. «Բայց մենք արեցինք
առաջին քայլը»: «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը»
պատրաստվում է նոյեմբեր ամսին Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղարաբաղի,
Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ջազ-երաժիշտների մեկշաբաթյա վարպետության
դասընթացներ անցկացնել: Այս անգամ՝ Երեւանում: Դասընթացները կվարեն
ջազմեններ Լեւոն Մալխասյանը եւ Արմեն Մարտիրոսյանը: