Տխրահռչակ Հարկային փաթեթը նորից վերադարձավ կառավարություն։ Երկուշաբթի օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդհանրապես քվեարկության չդրեց վերախմբագրված փաթեթը։ Իսկ երեկ, դիմելով դաշնակցական Վահան Հովհաննիսյանին, ասաց. «Էս գործը հանգիստ է սիրում, պրն Հովհաննիսյան», եւ խոսքը փոխանցեց կառավարության ներկայացուցիչ Սուրեն Կարայանին։ Վերջինս էլ խնդրեց ԱԺ-ին 15 օրով հետաձգել քվեարկությունը։
Իհարկե, Հարկային փաթեթի մասին շատ է գրվել, ու դեռ կգրվի՝ մանավանդ 15 օրից։ Բայց փորձենք փոքր-ինչ այլ տեսանկյունից քննարկել տեղի ունեցածը։ Նախ՝ ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը հենց պրն Հովհաննիսյանին դիմեց։ Որովհետեւ, երեկ երբ հայտարարվել է, որ քվեարկության է դրվում Հարկային փաթեթը, ամենաշատն իրար են խառնվել հենց ՀՅԴ խմբակցության անդամները։ Սա անհասկանալի է։ Փաթեթը ուղղված է խոշոր գործարարների շահերի դեմ (թեեւ սա էլ քննարկման թեմա է), իսկ ով՝ ով, բայց գոնե սոցիալիստական ուղղվածության ՀՅԴ-ն չպետք է հայտնվեր խոշոր բիզնեսի պաշտպանի դերում։ Իհարկե՝ ինչպես դաշնակցականները, այնպես էլ Հարկային փաթեթի դեմ բուռն ելույթներ ունեցող մյուս պատգամավորները ունեն մի արդարացում՝ իրենք պայքարում են ոչ թե խոշոր բիզնեսի շահերի, այլ ընդհանրապես՝ օրինականության, պետությանը չափից դուրս մեծ լծակներ չտալու եւ արդար մրցակցություն ապահովելու համար։ Այսինքն՝ իրենց պայքարը կոնցեպտուալ է։ Քիչ է մնում հուզվես։ Բայց, ախր, երբ հիշում ես, թե «Բջնիի» դեմ ծավալված պետական ռեկետի ժամանակ նույն քննադատողները ինչպես էին «պաշտպանում» մասնավոր սեփականության իրավունքը…
Չէ, ոչ հարկայինին, ոչ էլ մասնավորապես այս փաթեթի հեղինակներին արդարացնելու մտադրություն չունենք։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է. փաթեթը՝ իր տրամաբանությամբ, այս պայմաններում, այս Հայաստանում, լրիվ անիմաստ է։ Որովհետեւ՝ թե՛ խոշոր բիզնեսմենների, թե՛ հարկային տեսուչների մեծ մասն իրար արժեն եւ շատ արագ լեզու կգտնեին միմյանց հետ։ Այսինքն՝ հարկայինի տեսուչը ընկերությունում ստուգում անցկացնելու փոխարեն՝ քաբաբ կուտեր, եւ օրվա վերջում իրեն հասանելիք գումարը գրպանը դրած կգնար տուն։ Խոշոր տնտեսվարող, գործարար-պատգամավորների վրդովմունքն այս առումով, իհարկե, հասկանալի է՝ ո՞վ կցանկանա ավելորդ քաբաբի, խմիչքի ու գրպանի փող տալ չգիտես ում, այն էլ՝ լեզու թափելուց հետո։ Այսօր բոլորը բացահայտ ասում են, որ հարկային տեսուչները կոռումպացված են, եւ համատարած կոռուպցիայի պայմաններում այդ փաթեթը չի աշխատի։ Հետո՝ երբ կոռուպցիան ավելի քիչ կլինի, երեւի օգուտ կտա։ Բայց ՀԵՏՈ, երբ կոռուպցիան նվազի, մենք էլ ապրենք օրինական ու իրավական երկրում, նման փաթեթի ու «ագենտ» ունենալու անհրաժեշտություն չի էլ լինի։ Քանի որ մեզանում հարկերը թաքցնում են առաջին հերթին ոչ թե այն պատճառով, որ ավելի շատ փող աշխատեն, այլ՝ եթե չթաքցնեն, մրցակցությանը չեն դիմանա։ Փաթեթը քննադատողների մի մասն էլ ավելի շատ կոնցեպտուալ տեսանկյունից էր խոսում, այսինքն՝ պետությունը ուժեղացնում է իր լծակները, մեխանիզմներ ստեղծում՝ մասնավոր տնտեսվարողին իր վերահսկողության տակ պահելու համար։ Իսկ դա դեմ է ազատական տնտեսության սկզբունքներին։ Նորից պետք է հիշեցնենք «Բջնիի» օրինակը. այդ պատմության ժամանակ, եթե չենք սխալվում, այս փաթեթի մասին դեռ խոսակցություններ էլ չկային։ Բայց իշխանությունն իր նպատակին հասավ՝ ոչնչացրեց կայացած արտահանող ընկերությանը։ Ու դա՝ այն դեպքում, երբ «Բջնին» մյուս խոշոր տնտեսվարողների համեմատ ավելի ազնիվ էր աշխատում, որովհետեւ քաղաքական դրդապատճառներ էլ կային՝ հետեւաբար նաեւ՝ ավելի խիստ ստուգումների ու ճնշումների ենթարկվելու ռեալ սպառնալիքներ։ Հայաստանյան մյուս խոշոր ընկերությունների դեպքում իշխանության լծակներն, այսպես թե այնպես, ուժեղ են, եւ իրեն խելոք չպահած մասնավոր տնտեսվարողին խեղճացնելու համար միշտ էլ եղանակներ կգտնվեն (առանց օրենսդրական ու այլ փոփոխությունների)։ Կարող է ծիծաղելի հնչել, բայց միգուցե հենց այս համատարած կոռուպցիայի պայմաններում փաթեթը օգուտ տա։ Եթե խոշոր-գործարար Պողոս Պողոսյանը պետությունից թաքցնում է 300 հազար դոլարի հարկ ու այդ գումարով Դուբայում տուն գնում, ապա ավելի լավ է դրա մի մասը տա հարկային տեսուչին, նա էլ այդ գումարի մի մասը կծախսի Հայաստանում՝ կգնի հայրենական արտադրության պանիր ու կոնյակ, ու զարկ կտա հայրենի չեղած արտադրությանը։ Թե չէ զուտ անձնական առումով՝ հասարակության համար մեծ հաշվով ի՞նչ տարբերություն, պետությունից գողացողը օլիգարխ Պողո՞սն է, թե՞ հարկային տեսուչ Մարտիրոսը։ Ի վերջո՝ եթե գործարարը հարկերը չի թաքցնում, պետք է որ հարկայինից էլ վախենալու բան չունենա ու կաշառելու անհրաժեշտություն էլ չի լինի։ Ու եթե այդքա՜ն մտահոգված են երկրի ճակատագրով, թող ստորագրություններ հավաքեն ու հրապարակային, միասնական ճակատով, կոնկրետ փաստերով հանդես գան այն մարդկանց դեմ, ում մեղադրում են կաշառակերության մեջ։ Չեն կարող, որովհետեւ կոռումպացված են ոչ թե առանձին մարդիկ ու պաշտոնյաներ, այլ ամբողջ համակարգը։ Իսկ իրենք՝ քննադատողները, այդ համակարգի մի մասնիկն են։
Քիչ էր մնում մոռանայինք եւս մի կարեւոր նրբերանգ. գործարար պատգամավորներն ասում են՝ միայն հարկերի հետ կապված հարցը իրենց չի անհանգստացնում, այլ նաեւ այն, որ հարկային տեսուչներն իրենց տեխնոլոգիական, կոմերցիոն գաղտնիքները կգողանան ու կփոխանցեն իրենց մրցակիցներին։ Իրենք ասում են, իսկ իրենց պատկանող հեռուստաընկերությունները վերցնում ու հարկայինին «քլնգող» ռեպորտաժներ են սարքում՝ համեմելով անգամ սեփական մեկնաբանություններով (աննախադեպ հերոսություն)։ Ախր ի՞նչ մրցակցություն, ի՞նչ մրցակիցներ Հայաստանում՝ հատկապես` երբ խոսքը վերաբերում է խոշոր տնտեսվարողներին։ Ի՞նչ մրցակցություն, երբ Հայաստանի 6-7 վառելիք ներմուծողները միասին, նույն օրը, նույն ժամին բենզինի 1 լիտրի գինը 310 դրամից դարձնում են 330 դրամ։ Կամ ի՞նչ տեխնոլոգիական գաղտնիք՝ պանրի՞, թե՞ քաղցր բամբակի արտադրության… Անտեղյակ մեկն էլ կարող է մտածել, թե Հայաստանում հիբրիդային մեքենաներ կամ բջջային հեռախոսներ արտադրող մի քանի ընկերություն կա, որոնք լրտեսական ցանց են աշխատեցնում միմյանց «know-how»-ները գողանալու համար։ Ո՞ւմ տեղն են մեզ դրել…
Մի խոսքով՝ Հարկային փաթեթի շուրջ այս ամբողջ աղմուկը, մեղմ ասած, զավեշտալի է։ Ու անկախ դրա ընդունումից՝ ոչ ստվերի մակարդակը մեր երկրում կնվազի, ոչ էլ տնտեսությունն ավելի արդար ու մրցունակ կդառնա։ Վերեւների «դաբրոն» վայելողները շարունակելու են գերշահույթներ ստանալ ու կեղծել արտասահմանյան բրենդերը, իսկ «խելոք չմնացողներին» պատժելու համար միշտ էլ միջոցներ գտնվելու են, թեկուզ, եթե Հայաստանի հարկային օրենսդրությունը հրեշտակները մշակած լինեն։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ո՞րն է այս աղմուկի իմաստը։ Իմաստն այն է, որ այն կայացած երկրի տպավորություն է ստեղծում։ Այսինքն՝ հասարակ քաղաքացիները նայում են ու մտածում՝ էս ի՜նչ կայացած, ժողովրդավարական երկիր ենք, որ խորհրդարանը դեմ է արտահայտվում կառավարությանը։ Ի՜նչ եվրոպական արժեքներ կրող ենք, որ իշխող կուսակցության պատգամավորը կարող է հրապարակայնորեն քննադատել կառավարության գործողությունները։ Ու տեղեկատվության արտահոսք է կազմակերպվում՝ իբր ՀՀԿ ղեկավարությունը բացատրական աշխատանք է տանում գործարար-պատգամավորների հետ, համոզում, որ կողմ քվեարկեն օրինագծին, նրանք էլ չեն համաձայնում։ Իրականում այս ամենը ֆանտաստիկայի ժանրից է. ո՞վ չգիտի, ով մեր երկրում գործարարներն ամենախոցելի խավն են. ցանկացած գործարարի վրա հատորներով կոմպրոմատ կա, եւ ցանկության դեպքում նրանց կարելի է ստիպել համաձայնություն տալ անգամ իրենց (կամ իրենց ընկերների) ձերբակալության համար։ Իսկ այս ամենը լավ բեմականացված թատրոնի տպավորություն է թողնում։ Եթե այդպես չէ, ուրեմն միայն մեկ այլ տարբերակ կա՝ սա արվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի «ինադու»։ Երեւի նրա «հայկական աշխարհը» սկսել է ազդել ոմանց նյարդերի վրա։