Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական առանձին ճառերով հանդես են եկել Աժ պատգամավոր, քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի երկու պաշտպանները՝ Հովիկ Արսենյանը եւ Ռոբերտ Գրիգորյանը: Առաջինը պաշտպանական ճառով հանդես է եկել Հովիկ Արսենյանը` նախապես դատարանից խնդրելով իրեն չընդհատել: Նա համապարփակ ներկայացրել է մարտի 1-ին նախորդող ու հաջորդող իրադարձությունները՝ 2008թ. ՀՀ նախագահի նախընտրական եւ հետընտրական շրջանները` մանրամասն վերլուծելով ու հիշեցնելով այն բոլոր իրադարձությունները, որոնք այս կամ այն չափով առնչվում են իր պաշտպանյալին: Իր ճառը նա եզրափակել է` դատարանից պահանջելով կամ վերացնել քրեական հետապնդումը Մյասնիկ Մալխասյանի նկատմամբ եւ նրան անմեղ ճանաչել, կամ դատավոր Արմեն Խաչատրյանին հորդորել է հրաժարական տալ, քանի որ, ըստ պաշտպանի՝ ինքը չի ցանկանում, որ «նախագահող դատավորը արդարադատության դեմ հանցագործություն կատարի»: Դրանից հետո պաշտպանական ճառով հանդես է եկել պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը: Նա կոնկրետ անդրադարձել է իր պաշտպանյալի քրեական գործի շրջանակներում եղած ապացույցներին ու վկաների ցուցմունքներին ու ընդգծել նրանցում եղած անհեթեթ պահերն ու փաստերի անհամապատասխանությունը: Գրիգորյանը եւս դատարանից պահանջեց Մյասնիկ Մալխասյանին արդարացնել, քանի որ նրա մեղադրանքը ապացուցված չէ: Մյասնիկ Մալխասյանը երեկ հրաժարվել է հանդես գալ ճառով, քանի որ, ինչպես ինքն է նշել, քրեակատարողական հիմնարկում հնարավորություն չի ունեցել լսելու մեղադրական ճառը: Այդ պատճառով նա մեղադրող Հարություն Հարությունյանից խնդրել է նրա ճառի պատճենը, իսկ դատարանից խնդրել է 5 օր ժամանակ տալ իրեն՝ նախապատրաստվելու համար: «Եթե, իհարկե, մեղադրողը չի վախենում իր ճառը տրամադրելուց, որտեղ լիքը ստեր կան: Կամ էլ թող կողքի դահլիճից վերցնի իմ գործով մյուս մեղադրվողների ճառերը, փոխի, իմ անունը դնի տակը ու տա ինձ. միեւնույն է՝ բոլոր ճառերը միմյանց նման են: Լավ է՝ մեղադրողը չի շփոթվել ու իր անուն-ազգանունը գրել է»,- հեգնել է Մյասնիկ Մալխասյանը: Դատավորը բավարարել է Մալխասյանի միջնորդությունը՝ դատական նիստը հետաձգելով մինչեւ հունիսի 15-ի ժամը 15:00-ն: «Մեր գարունները նոր են գալու, նոր արշալույս պիտի բացվի, բանտի դռները պիտի բացվեն: Չի լսում էս մեր մեղադրողը»,- պաշտպանների ճառից հետո դատարանի դահլիճը լքելիս՝ արտասանել է Մյասնիկ Մալխասյանը: