Նախօրեին Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է արտահայտվել փոխարժեքային քաղաքականության վերաբերյալ: Ըստ նրա` մարտի 3-ին դրամի կտրուկ արժեզրկումը ճիշտ էր: Ավելին` նա հայտարարել է, թե դրանից ֆինանսական հատվածը չի տուժել, մասնավորապես, տեղի չի ունեցել ավանդների արտահոսք, խնդիրներ չեն առաջացել բանկերի կապիտալի հետ, իսկ ներկայումս առեւտրային բանկերն ունեն բարձր վարկանիշ: «Քաղաքական իրավիճակը Հայաստանում վերջնականապես կայունացել է, հատկապես Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո: Մենք ստացել ենք նաեւ դրական գնահատականներ միջազգային դիտորդների կողմից: Բացի այդ, ընդդիմությունը ստացել է ավելի քիչ ձայներ, քան նախագահական ընտրությունների ժամանակ, եւ դա, իհարկե, ուժեղ ձեւով կայունացրել է վիճակը: Այսինքն, այնպիսի ագրեսիվ ընդդիմություն, որը պատրաստ է գնալ գործողությունների, որը կբերի քաղաքական անկայունության, կարծեք թե, այդպիսի կրիտիկական պոտենցիալ Հայաստանում այսօր գոյություն չունի»,- Մոսկվայում Ռուսաստանի հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Տիգրան Սարգսյանը` հավելելով, թե ՀՀ կառավարությունը վայելում է միջազգային ֆինանսական կառույցների վստահությունը, «ինչի մասին են վկայում այն փոխառությունները, որոնք Հայաստանին տրամադրում են Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Ասիական եւ Եվրոպական բանկերը, որոնք կտրուկ ավելացրել են իրենց կողմից արվող ֆինանսավորման չափը»:
«Մեր երկրի վարկանիշը մնում է կայուն, ի տարբերություն մեր հարեւանների, որոնց վարկանիշերում իջեցում է արձանագրվել: Դա, առաջին հերթին, պայմանավորված է նրանով, որ մենք մեծ նշանակություն ենք տալիս մակրոտնտեսական ցուցանիշներին եւ կայունությանը: Մենք բավական դրական գնահատականների ենք արժանանում մակրոմենեջմենթի համար, եւ դրա համար մենք ունենք կայուն վարկանիշ»,- ասել է Տ. Սարգսյանը, ինչը վկայում է, որ ՀՀ վարչապետը թյուր կարծիք ունի ՌԴ-ում հայ գործարարների տեղեկացվածության աստիճանի մասին: