Համաներումը՝ մեկ շաբաթի՞ց

11/06/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաներման մասին օրենսդրական նախաձեռնությունը, որը դարձել է ԱԺ միջանցքներում եւ աշխատասենյակներում քննարկվող հիմնական թեման, մեր աղբյուրների հավաստմամբ` նախագահականից ԱԺ է բերվելու հունիսի 15-18-ն ընկած ժամանակահատվածում:

Այս ժամկետը, ըստ երեկվա մեր զրուցակից իշխանական պատգամավորների` արդեն որոշված է վերջնականապես եւ փոփոխման ենթակա չէ, քանի որ, նրանց ասելով՝ «այլեւս այդպես է ցանկանում ոչ միայն ժողովուրդը, այլեւ Սերժ Սարգսյանը»: Կոալիցիոն պատգամավորները երեկ նույնիսկ հեգնանքով նկատում էին, որ համաներում հայտարարելուն այլեւս ոչինչ չի խանգարում, քանի որ համայն հայ ժողովրդի կարծիքը նախօրեին Ս. Սարգսյանին է փոխանցել Հանրային խորհուրդը, որը համեմված է եղել նաեւ դերասան Սոս Սարգսյանի` մարտի 1-2-ի դեպքերից հետո կալանավայրերում հայտնված քաղբանտարկյալների մասին ունեցած դարակազմիկ «գնահատականներով»: Բացի այդ էլ, ըստ նրանց` Սերժ Սարգսյանն անձամբ է խոստացել, որ իրեն դիմելու դեպքում ինքն անպայման կօգտվի Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից եւ համաներման մասին նախագիծ կուղարկի ԱԺ: Այնպես որ, պատգամավորների ասելով, եթե հիմա էլ` այսքան դիմումներից հետո, Ս. Սարգսյանը համաներում չհայտարարի, ապա հետագայում որեւէ բացատրություն, թե ինչու համաներում չի արվում` ճիշտ չի ընկալվի: Ի դեպ, երեկ մեզ հետ զրույցում Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը վստահեցնում էր, որ Սոս Սարգսյանը հանձնաժողովում միակը չի եղել, որը նման գնահատականներ է «շռայլել» քաղբանտարկյալների հասցեին: Հիշեցնենք, որ դերասան Սոս Սարգսյանի «հեղինակավոր կարծիքով»` քաղբանտարկյալները «քրեական հանցագործներ» են, եւ նրանց մասին ՀՀ նախագահին ներկայացված Հանրային խորհրդի առաջարկում որեւէ տող չպետք է լինի:

Շրջանառվող լուրերը, թե արդեն կալանավայրերում ձեռքից ձեռք է անցնում համաներման մասին նախագիծը, մեր աղբյուրների հավաստմամբ` իրականությանը չեն համապատասխանում: Ավելին, ըստ որոշ լուրերի, կալանավայրերի պետերն են նման տեղեկություններ տարածում` կալանավորների շրջանում իրարանցում առաջացնելով համաներման հետ կապված: Այսպիսով, մեր զրուցակիցների ասելով` քրեակատարողական հիմնարկների որոշ աշխատակիցներ փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից եւ այս կամ այն կալանավորի հետ «բանակցությունների» մեջ մտնել` «մաղարիչով» համաներվողների ցուցակում ընդգրկվելու համար:

Ա. Սադոյանի ասելով` դեռեւս որեւէ մեկը չգիտի, թե համաներումը որ հոդվածներով դատապարտվածներին է վերաբերելու, քանի որ այդպիսի նախագիծ գոյություն չունի: «ՀՀ նախագահի խորհրդատվական մարմինը եւ Հանրային խորհուրդն ամբողջությամբ հարցեր չեն լուծում: Քանի որ Հանրային խորհրդին կարծիք էր հարցվել, թե ինչ տեսակետ ունի այդ հարցի առնչությամբ, Հանրային խորհուրդը բազմաթիվ քննարկումներով, նաեւ իր 12 հանձնաժողովների քննարկումներով, որոշեց նախագահին առաջարկել համաներում անցկացնել: Մեր կարծիքով` պետք է անցկացնել համաներում: Եվ Հանրային խորհրդի հանձնաժողովներն առաջարկություններ արեցին, թե որ կատեգորիայի մարդկանց վրա պետք է այն տարածվի»,- ասաց Ա. Սադոյանը: Հարցին, թե` Հանրային խորհուրդը հատկապես որ կատեգորիաների վերաբերյալ է առաջարկ ներկայացրել Ս. Սարգսյանին, Ա. Սադոյանը պատասխանեց. «Ու քանի որ մեր որոշումն առանձին` Հանրային խորհրդի որոշում է, եւ մինչեւ ԱԺ ներկայացվելը այն որոշվում է ՀՀ նախագահի կողմից նախագահի հանձնարարությամբ համապատասխան ուժային նախարարություններում, բնական է` այս հարցում Հանրային խորհուրդն ընդամենը կարող է առաջարկել, թե սոցիալական որ շերտերի, բարոյահոգեբանական մթնոլորտի մեղմացման տեսակետից որ կատեգորիաներում պետք է համաներում անցկացնել, բայց ոչ թե կոնկրետ հոդվածներով եւ կոնկրետ մարդկանց վրա: Եվ բնական է` Հանրային խորհրդի այդ որոշումը, որն ուղարկվելու է Ս. Սարգսյանին, ինքնըստինքյան Հանրային խորհուրդը չի որոշում եւ բավականին անիմաստ ու սխալ կլիներ, եթե մենք հիմա փորձեինք ներկայացնել, որ` այս, այս, այս մարդկանց պետք է ազատել, այս, այս, այս մարդկանց` ոչ»: Ա. Սադոյանի ասելով` այսօր դեռեւս հստակեցված չեն այդ հարցերը, ուստի անիմաստ է նաեւ խոսելն ու ենթադրություններ անելը, թե ովքեր են ազատ արձակվելու համաներման արդյունքում: Ինչ վերաբերում է լուրերին, թե կալանավայրերում արդեն տեղյակ են, թե ինչպիսի բովանդակություն է ունենալու համաներման մասին նախագիծը, ապա Ա. Սադոյանն ասաց. «Դա գաղտնի փաստաթուղթ է: Ես չգիտեմ` կալանավայրերում կա՞, թե՞ չկա, բայց նախագահի կողմից հրամանագրված նման փաստաթուղթը չի կարող լինել կալանավայրերում, քանի որ այն առաջին հերթին պետք է բերվի ԱԺ, քանի որ ԱԺ-ն կարող է իր փոփոխություններն առաջարկել: Այսինքն` վերջնական տեսքի փաստաթուղթ ուղղակիորեն հնարավոր չէ այս պահին ունենալ: Իսկ ինչ վերաբերում է համապատասխան գերատեսչություններից` Ոստիկանությունից, ԱԱԾ-ից, ՀՀ նախագահի աշխատակազմից հնարավոր ինֆորմացիայի արտահոսքին, դա այլ հարց է: Բայց ավելի հավանական է, որ կալանավայրերում ուղղակի այս խոսակցությունները շատ են շրջանառվում, եւ որոշ մարդիկ էլ, որպեսզի իրենց կշիռը բարձրացնեն, ներկայացնում են, թե իրենք տիրապետում են այդ ինֆորմացիային»:

Հարցին էլ, թե` Սոս Սարգսյանի տեսակետը որեւէ կերպ արտացոլվե՞լ է Սերժ Սարգսյանին ներկայացված Հանրային խորհրդի փաստաթղթում, Ա. Սադոյանը պատասխանեց. «Հանրային խորհրդում ազատ քննարկումներ են լինում: Ս. Սարգսյանի նման տեսակետ արտահայտող ուրիշ անդամներ էլ կան, բայց բոլոր դեպքերում Հանրային խորհուրդն իր քննարկումների ժամանակ համենայնդեպս գտավ, որ իր նախաբանում պետք է այդ հարցն արծարծվի, եւ բնական է` քանի որ Հանրային խորհուրդը վերջնական որոշող մարմին չէ, չի կարող թելադրել: Համենայնդեպս` Ս. Սարգսյանի նման տեսակետներ ունեցողները Հանրային խորհրդում գերակշռող չէին, եւ մարտի 1-2-ի դեպքերի հետեւանքով ձերբակալվածների մասին մեր փաստաթղթում նշվեց»:

Ի դեպ, երեկ «Արմենպրես» գործակալությունը տեղեկություն է տարածել այն մասին, թե Հայաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հունիսի 1-ի դրությամբ քանի մարդ կա: Այդ տեղեկատվության համաձայն` քրեակատարողական հիմնարկներում այսօրվա դրությամբ պահվում է 4294 անձ, որից 1187-ը` կալանավոր: «Նուբարաշեն» ՔՀԿ-ում պահվում է՝ 1156, «Երեւան-Կենտրոն» ՔՀԿ-ում` 52, «Արթիկ» ՔՀԿ-ում` 297, «Վանաձոր» ՔՀԿ-ում` 214, «Վարդաշեն» ՔՀԿ-ում` 178, «Գորիս» ՔՀԿ-ում` 159, «Աբովյան» ՔՀԿ-ում` 236, «Էրեբունի» ՔՀԿ-ում` 577, «Սեւան» ՔՀԿ-ում` 511, «Կոշ» ՔՀԿ-ում` 577, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀԿ-ում` 258, «Մեղրի» ՔՀԿ-ում` 24, «Հրազդան» ՔՀԿ-ում` 55 անձ: Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում պահվում է 82 ցմահ ազատազրկման դատապարտված անձ, որից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` 78 (4-ի դատավճիռը օրինական ուժ չի ստացել), «Երեւան-Կենտրոն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում` 2-ական անձ: Հիշեցնենք, որ մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի հետեւանքով այս պահի դրությամբ կալանավայրերում են գտնվում թվով 52 քաղբանտարկյալներ, իսկ թե նրանցից քանիսի վրա կտարածվի համաներումը` հայտնի չէ: Սակայն որոշ լուրերի համաձայն` դա մեծապես կախված կլինի նաեւ նրանից, թե դատարանը քանի տարվա պատիժ է արդեն սահմանել կամ սահմանելու առաջիկայում նրանցից յուրաքանչյուրի համար: Քանի որ, մեր աղբյուրների հավաստմամբ` չի բացառվում, որ սպասվող համաներումը լինի 2006թ. անցկացված համաներման կրկնությունը, երբ 3 տարի ազատազրկվածներին ազատ էին արձակում, իսկ 3 տարուց ավելի դատապարտվածների վրա համաներումը տարածվում էր մասնակի: