Ստորագրել են

11/06/2009

Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի (կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը հուշագիրը ստորագրել էր Փարիզում) ներկայացուցիչ Ստեֆան Լոպեզի եւ Հայաստանում հավատարմագրված ՖՄԿ անդամ պետությունների դեսպանների ներկայությամբ ստորագրեցին ՀՀ-ի պաշտոնյաների ֆրանսերեն լեզվի վերապատրաստման ծրագրի մեկնարկի վերաբերյալ հուշագիրը: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հուշագրով նախատեսվում է 3 տարվա ընթացքում վերապատրաստել 50 հայ պաշտոնյաների` դասընթացների միջոցով կատարելագործել նրանց ֆրանսերեն լեզվի գիտելիքները: Ծրագիրն իրականացվելու է Ֆրանսիական Հանրապետության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարությունների եւ Բելգիայի ֆրանսախոս համայնքի օժանդակությամբ: Նման հուշագիր ստորագրվել է ՖՄԿ անդամ 17 պետությունների հետ, որոնցից 15-ը Եվրոպական Միության անդամ երկրներ են: