Ճգնաժամ

11/06/2009

Կարճացրել են գդալները

Ավիավառելիքի վրա կատարվող ծախսերը նվազեցնելու համար ճապոնական JAL ավիաընկերությունը արտասովոր քայլի է դիմել. նրանք մեկ սանտիմետրով կարճացրել են ինքնաթիռներում օգտագործվող բոլոր գդալները, պատառաքաղներն ու դանակները։ Ինչպես գրում է անգլիական «The Daily Telegraph»-ը, JAL-ի ղեկավարները այդ քայլին են դիմել՝ սպասքի քաշը թեթեւացնելու համար։ Առաջին հայացքից սա զավեշտալի է թվում, սակայն Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի ղեկավարներից մեկի՝ Փոլ Սթիլի խոսքերով, այդ քայլն արդարացված է, երբ խոսքը վերաբերում է 400 տեղանոց «Բոինգին», որի ուղեւորներին օրը 2-3 անգամ հարկ է լինում կերակրել թռիչքի ընթացքում։ Միայն մեկ չվերթի ընթացքում ինքնաթիռը թեթեւանում է մի քանի կիլոգրամով՝ կրճատելով վառելիքի ծախսը։ Իսկ եթե հաշվենք, թե տարվա ընթացքում քանի թռիչք է կատարում մեկ ինքնաթիռը, ապա ստացվում է, որ զգալի գումար կարելի է խնայել։ Սթիլը նաեւ ասել է, որ նման գաղափարներ իրականացնում են մյուս ավիափոխադրողները եւս։ Օրինակ, ամերիկյան «Northwest Airlines» ավիաընկերությունը որոշել է ընդհանրապես գդալներ չդնել թռիչքային ճաշի այն փաթեթներում, որտեղ դրանց անհրաժեշտությունը խիստ չի զգացվում։ Ասոցիացիայում նաեւ նշել են, որ թռիչքային քաշն իջեցնելու «համաճարակը» վարակել է աշխարհի գրեթե բոլոր ավիաընկերություններին, որոնք ձգտում են թռիչքի ժամանակ իրենց հետ վերցնել միայն ամենաանհրաժեշտ պարագաները։ Օրինակ՝ այժմ ավելի քիչ ջուր են վերցնում թռիչքների ժամանակ։ Բացի այդ, ավիաընկերություններն այժմ աշխատում են նստատեղերի, սննդի համար նախատեսված սայլակների, հեռուստացույցների եւ ինտերիերի այլ դետալների թեթեւացման ուղղությամբ՝ ճգնաժամային պայմաններում միջոցները խնայելու համար։

«McDonaldգs»-ը շարունակում է բարգավաճել

Աշխարհի ամենախոշոր ռեստորանային ցանցը՝ «McDonaldգs»-ը, այս տարվա մայիսին 5.1%-ով ավելացրել է վաճառքի ծավալները՝ նախորդ տարվա մայիսի համեմատ։ Վաճառքի ծավալներն ամենաշատը՝ 7.6 տոկոսով, աճել են Եվրոպայում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Ռուսաստանում։ Այս մասին նշվում է ընկերության պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ։ ԱՄՆ-ում վաճառքի ծավալներն աճել են ընդամենը 2.8%-ով, իսկ Ասիական, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում՝ 6.4%-ով։ «McDonaldգs»-ում նշում են, որ վաճառքի ծավալների վրա դրական ազդեցություն է ունեցել «McCafe» սրճարանների բացումը մի շարք երկրներում: Բացի այդ, ճգնաժամի պայմաններում ցանցի հաճախորդների թիվը մեծացել է՝ ի հաշիվ նախկինում ավելի թանկ ռեստորան այցելողների, քանի որ «McDonaldգs»-ի ստանդարտ մենյուն գնային առումով շատ մատչելի է։ Հարկ է նշել, որ ցուցանիշները հաշվարկված են ԱՄՆ դոլարով, եւ առանձին երկրների արժույթներով հաշվարկելու դեպքում վաճառքի աճն ավելի նկատելի է։ Օրինակ, այդ տեսանկյունից հաշվելու դեպքում՝ Եվրոպայում «McDonaldգs»-ի

հասույթը աճել է շուրջ 10%-ով։ Հիշեցնենք, ճգնաժամային տարվա ընթացքում «McDonaldգs»-ը կարողացել է նաեւ զգալիորեն մեծացնել իր բրենդի կապիտալիզացիան։ Այժմ «McDonaldգs» բրենդի արժեքը գնահատվում է 67 միլիարդ դոլար, եւ «BrandZ»-ի՝ աշխարհի ամենաթանկ բրենդերի վարկանիշային ցուցակում «McDonaldգs»-ը զբաղեցնում է 5-րդ տեղը։

Կարող են վերադարձնել միլիարդները

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ թվով 10 ամերիկյան բանկեր թույլտվություն են ստացել վերադարձնել այն միջոցները, որ ստացել էին ամերիկյան պետական ֆինանսական աջակցության TARP ծրագրի շրջանակներում։ Այլ կերպ ասած, թվով 10 բանկային եւ վարկային ընկերություններ այժմ կարող են պետությունից ետ գնել իրենց բաժնետոմսերը։ Դրանց թվում են JP Morgan Chase, Goldman Sachs, State Street Corp. եւ American Express ընկերությունները: Հիշեցնենք, որ ֆինանսական համակարգի կայունացման նպատակով ԱՄՆ կառավարությունը ընդհանուր առմամբ 125 միլիարդ դոլար ներդրեց ամերիկյան 19 խոշորագույն բանկերում անցյալ տարվա հոկտեմբերին, Lehman Brothers բանկի կոլապսից հետո։

Ինչպես գրում է «Բլումբերգը», գումարների վերադարձը վկայում է այն մասին, որ բանկիրներն իրենց այժմ ավելի վստահ են զգում եւ պետական օգնության կարիք չունեն։ Միեւնույն ժամանակ, փորձագետների կարծիքով՝ ամերիկյան բանկերը դեռ որոշ ժամանակ կորուստներ կկրեն՝ կրեդիտ քարտերի դեֆոլտի եւ անշարժ գույքի գնանկման հետեւանքով։

Պատանդ են վերցրել

Ֆրանսիական Պրովանս քաղաքում գտնվող հնագույն ֆաբրիկաներից մեկում՝ թղթի արտադրությամբ զբաղվող «Malaucene»-ում իսկական պատերազմ է ընթանում։ Ֆաբրիկայի աշխատակիցները պատանդ են վերցրել «Malaucene»-ի գլխավոր բաժնետեր «Schweitzer-Mauduit» ամերիկյան ընկերության երեք մենեջերներին՝ հայտարարելով, որ նրանց բաց չեն թողնի, մինչեւ չեղյալ չհայտարարվի գործարանը փակելու որոշումը։ Ֆրանսիացի «աշխատանքային ահաբեկիչների» ձեռքում են հայտնվել Եվրոպայում «Schweitzer-Mauduit»-ի ֆինանսական տնօրեն Ժան-Իվ Կլայնը, կադրերի գծով տնօրեն Իվ Մոտեյը եւ ֆաբրիկայի տնօրեն Ժան-Մարկ Պավրոն։ Նշվում է, որ ընկերության ղեկավարներին փակել են գործարանի վարչական շենքում հունիսի 9-ին, եւ նրանք ամբողջ գիշերն այնտեղ են աշխատել։ Զայրացած աշխատակիցները շրջափակել են շենքը եւ թղթե բարիկադներ կառուցել գործարանի շուրջ։

«Malaucene»-ն հիմնադրվել է 1545թ., եւ վերջին շրջանում մասնագիտացել էր հիմնականում սիգարետի ֆիլտրերի համար նախատեսվող թղթի արտադրության մեջ։ Իսկ 2 օր առաջ «Schweitzer-Mauduit»-ի ղեկավարությունը հայտարարեց, որ պատրաստվում է փակել գործարանը եւ աշխատանքից ազատել բոլոր 211 աշխատողներին։ Դրանից անմիջապես հետո արհմիության ներկայացուցիչները ընկերության ընթացիկ իրավիճակի այլընտրանքային վերլուծություն են պատվիրել «Secafi» հետազոտական ընկերությանը։ «Secafi»-ի մասնագետները եկել են այն եզրակացության, որ ընկերության փակումը կարժենա 25.5 միլիոն եվրո, մինչդեռ չփակելու եւ եւս 5 տարի աշխատելու դեպքում՝ 13 միլիոն եվրո։ Արհմիության ներկայացուցիչները ընկերության ղեկավարությանը կոչ են արել չփակել ընկերությունը՝ հաշվի առնելով այս վերլուծության արդյունքները, սակայն համաձայնություն չեն ստացել։ Սա էլ վերջնականապես հունից հանել է գործարանի աշխատակիցներին։

«Quelle»-ը սնանկացել է

Գերմանական Arcandor ընկերությունը հայտարարել է իր սնանկացման մասին։ Arcandor-ը հանդիսանում է Եվրոպայի խոշորագույն տուրիստական գործակալության՝ «Thomas Cook»-ի եւ հանրահայտ «Quelle» կատալոգային ամսագրի սեփականատերը։ Սնանկացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գերմանիայի կառավարությունը մերժեց ընկերությանը 650 միլիոն եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրելու դիմումը։ «Thomas Cook»-ի վրա սնանկացումը չի ազդի. այն կշարունակի գործել։ Իսկ ահա «Quelle»-ը եւ Arcandor-ին պատկանող «Karstadt» սուպերմարկետների ցանցը սնանկ են ճանաչվել՝ մայր ընկերության հետ միասին։ Ի դեպ, ռուսական ԶԼՄ-ները դեռ մայիսին գրում էին, որ «Thomas Cook»-ը գործընկեր է փնտրում ռուսաստանյան տուրօպերատորների շրջանում։ Այն ժամանակ, որպես առավել հավանական թեկնածուներ, նշվում էին «Ինտուրիստը» եւ «Անեկս Տուրը»։ Arcandor-ի սնանկացումը համարվում է ամենախոշորը՝ Գերմանիայի նորագույն կորպորատիվ պատմության ընթացքում։ Բավական է միայն նշել, որ ընկերությունը ուներ 128 տարվա պատմություն։

Իսկ ընդհանուր առմամբ, ճգնաժամը իր դառը հետքն է թողել գերմանական ընկերությունների վրա։ Միայն այս տարվա առաջին եռամսյակում Գերմանիայի դատարանները գրանցել են ընկերությունների 7712 սնանկացման դեպք։ Սա նշանակում է, որ այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Գերմանիայում ամեն օր սնանկացել է 86 ընկերություն։

Գովազդի գների ռեկորդային անկում

Մեծ Բրիտանիայում հեռուստատեսային գովազդի տեղադրման գները նվազել են ռեկորդային չափով՝ հասնելով 1980-ականներից հետո ամենացածր մակարդակին։ Այս մասին հաղորդում է բրիտանական «The Campaign» պորտալը՝ մեջբերելով «Billets» հետազոտական ընկերության տվյալները։

«Billets»-ի տվյալներով, միայն ընթացիկ տարում հեռուստատեսային գովազդի գինն ընկել է 16%-ով։ Գովազդի միջին բազային արժեքը (գովազդի անհրաժեշտ քանակը, որն ապահովում է 1000 մեծահասակ հեռուստադիտողների կողմից գովազդային հոլովակի դիտում) այժմ կազմում է ընդամենը 4.16 ֆունտ (կամ 4.77 եվրո)։ Մասնագետների կարծիքով, անկումը կազդի նաեւ գովազդային շուկայի մյուս հատվածների վրա։ Մասնավորապես, թերթային գովազդի գինը կնվազի 5%-ով, ամսագրերի դեպքում՝ 9%-ով։ Ինտերնետային կայքերում տեղադրվող գովազդները, ըստ հաշվարկների, կէժանանան 5-10%-ով։ Նշենք, որ այս միտումը հատուկ է ոչ միայն Մեծ Բրիտանիային, այլ աշխարհի բոլոր երկրներին՝ այդ թվում Ռուսաստանին։ Օրինակ, Ռուսաստանի ամենախոշոր գովազդ վաճառող «Վիդեո ինթերնեյշնլ» ընկերությունը մայիսին կանխատեսում հրապարակեց, համաձայն որի՝ առաջիկա ամիսներին հեռուստաընկերությունների գովազդային եկամուտները կնվազեն 25-30%-ով։ Իսկ ՌԴ Հեռահաղորդակցության գործակալությունների ասոցիացիայի տվյալներով, գովազդային եկամուտներն արդեն իսկ նվազել են 24-24.5 միլիարդ ռուբլով կամ 20%-ով։

Ռուսական ընկերությունները կրճատում են աշխատավարձերը

2009թ. երկրորդ կիսամյակում ռուսական ընկերությունների 57%-ը մտադիր է կրճատել աշխատակիցների վարձատրության չափը։ Նման եզրակացության է եկել Ռուսաստանի արտադրողների եւ արդյունաբերողների միությունը՝ հարցում անցկացնելով ընկերությունների շրջանում։ Բացի այդ, ընկերությունների 51%-ը մտադիր է նվազեցնել ոչ արտադրական կորուստները եւ խստացնել վերահսկողությունը՝ միջոցների եւ ռեսուրսների ծախսերի նկատմամբ։ Ռուս գործարարները ճգնաժամային պայմաններում նաեւ կրճատել են զգալի թվով աշխատողների, իսկ անձնակազմի համալրման մասին դեռ վաղ են համարում մտածել։ Ընկերությունների 46%-ը կրճատել են բարեգործական ծրագրերին կատարվող հատկացումները, իսկ 34%-ը անցել է ոչ լրիվ աշխատանքային օրվա։ Ճգնաժամը ստիպել է ռուսական ընկերությունների մեկ երրորդին իջեցնել իրենց ապրանքների եւ ծառայությունների գները եւ կրճատել արտադրության ծավալները։ Միեւնույն ժամանակ, հարցվածների միայն 11%-ն է ասել, որ հաջորդ տարի եւս գները կիջեցնեն։ Իսկ արտադրությունը կրճատելուն ավելի քիչ են հակված՝ 5%-ը։ Առավել ուրախալին, սակայն, այն է, որ անգամ դժվարին պայմաններում, հարցմանը մասնակցած ընկերությունների 8%-ը նշել են, որ մտադիր են մեծացնել հետազոտությունների եւ նոր ապրանքատեսակների մշակման վրա կատարվող ծախսերը՝ շուկայի այլ մասնակիցների նկատմամբ մրցակցային առավելություններ ձեռք բերելու համար։

Անեկդոտներ կառավարությունից

Ախ իմ հայրենիքիս ջուրը

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը գալիս է Հայաստան, կարոտած շուրջբոլորն է նայում ու ասում.
– Ինչ ուզում եք՝ ասեք, միեւնույն է, տնից լավ տեղ չկա:

Մաքսավորների կյանքից

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ենթականերից հաշվետվություն է պահանջում՝ մեկիկ-մեկիկ նշելով իրենից տուժած երկրներն, ու հանկարծ նկատում է, որ այդ ցուցակում Հայաստանը չկա:
– Ինչո՞ւ ոչ ոք չի գնացել Հայաստան,- զայրացած հարցնում է Ճգնաժամը:
– Շեֆ, բոլորս փորձել ենք: Մտնել չկարողացանք: Սահմանին մաքսավորները կաշառք էին ուզում:

Փողոցային զրույց

Երկու հավաքարարներ փողոցն են ավլում: Մեկը դիմում է մյուսին.
– Ձեր դեմքը ծանոթ է, ո՞ր բանկում էիք աշխատում: