«Եվրոպան վախենում է իր շարքերն ընդունել մի երկրի, որն իր պատմության մեջ ոճրագործություն ունի եւ չի ընդունում այն»,- երեկ` անդրադառնալով ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցությանը, նման հայտարարություն է արել քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` հավելելով, թե Եվրոպան վախենում է նաեւ Թուրքիայի դեմոգրաֆիական պատկերից: Նա համոզմունք է հայտնել, թե Թուրքիան մտել է Հայոց ցեղասպանության ճանաչման մի գործընթացի մեջ, որտեղ նահանջի տեղ չունի: Այդ երկիրը գլխավոր ճնշումը ստանում է Եվրոպայից, ոչ թե ԱՄՆ-ից: Ա.Մանասյանի դիտարկմամբ` Թուրքիան Եվրոպայի համար «գլխացավանք» է: Ըստ նրա` մեծ հաշվով` Եվրոպան գործ ունի Թուրքիայի «քաղաքակրթական կոդը» փոխելու հետ: Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Ա.Մանասյանն այն նմանեցնում է շախմատային խաղի, որի ժամանակ, սակայն, կարելի է կատարած քայլը հետ վերցնել: Նրա ասելով` Հայաստանը կարող է հայտարարել, որ հարաբերությունների նորմալացման հարցում իր դրսեւորած բարի կամքին ի պատասխան՝ Թուրքիան հերթական անգամ խաբել է Հայաստանին եւ ԱՄՆ-ին: «Հայ-թուրքական հարաբերություններում մենք կորցնելու բան չունենք»,- ասել է նա: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե` հայ-թուրքական բանակցություններում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը նախապայման է, ապա Ա. Մանասյանի կարծիքով` այդ հարցում պետք է վստահել ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հայտարարություններին, որ` ԼՂ հարցը չի կարող լինել Հայաստան-Թուրքիա բանակցություններում նախապայման, իսկ թուրքական մամուլի` «Ճանապարհային քարտեզի» հրապարակումներին էլ, ըստ նրա` վստահել չի կարելի: Հայ-թուրքական սահմանի բացում, ըստ նրա, առաջին հերթին նշանակում է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացում: «Պետք է նկատի ունենալ, որ մենք ձեւակերպումներում շատ մեղմ ենք. «շրջափակման վերացում» ձեւակերպման փոխարեն մենք համաձայնել ենք, որ բանակցություններում տեղ գտնի «սահմանի բացումը», որը մեր կողմից բարի կամքի դրսեւորում է»,- ասել է նա: «Հայ-թուրքական բանակցությունների ողջ ընթացքում հստակ երեւում է Անկարայի եւ Բաքվի համաձայնեցված խաղը: Այդ խաղի մեջ Թուրքիան չի կարող կոշտ լինել Հայաստանի հետ, քանի որ ցանկանում է մուտք գործել Եվրամիություն, կոշտ խոսելու դերն իր վրա է վերցրել Բաքուն»,- ասել է նա: