ՀԴՄ-ների տեղադրումը մեր նոր կառավարության նույնքան նոր տնտեսական քաղաքականության ամենասիրելի հատվածն է: Այս եզրակացությանը կարելի է հանգել՝ տեսնելով, թե որքան միջոցներ են ներդրվում ՀԴՄ կտրոնային համակարգի գովազդի վրա: ՀԴՄ համակարգի ցանկացած վերլուծություն մեր իշխանավորներն ընդունում են համարյա որպես անձնական վիրավորանք: Մինչդեռ հենց պաշտոնական տեղեկատվությունն է արձանագրում, որ ՀԴՄ-ների տեղադրումից հետո նվազել է ներքին ապրանքաշրջանառությունը: Նվազել է մինչ ՀԴՄ-ական շրջանի համեմատ: Այս համակարգը ներդնողները դեռ մի քանի ամիս առաջ գլխի ընկան, որ բարեփոխումը սպասված արդյունքներ չի տալու: Գլխի ընկան ու մտածեցին շահում խոստացող վիճակախաղը բարեփոխելու մասին: Հիշո՞ւմ եք, սկզբում մեզ ճոխ շահումներ էին խոստանում: Բայց պարզվեց՝ 8 նիշ ունեցող կտրոնի դեպքում շահելու հավանականությունն անվերջ փոքր է:
Ոչ ոք միլիոնանոց շահում չունեցավ: Ապրիլի 3-ին կատարված խաղարկության արդյունքում 5 հազար դրամից ավելի շահումներ չեղան: 5 հազարական դրամ շահել էր 1446 մարդ: Հաջորդ` մայիսի 8-ի խաղարկությանը նույնիսկ այս թիվը նվազեց: Ընդամենը 1416 շահող եղավ: Փոխարենն այս անգամ 94 մարդ 50 հազարական դրամ շահեց: Բայց խոշոր շահումները նորից մնացին գովազդային պաստառների վրա: Ակնհայտ է, որ գովազդին հակառակ՝ առայժմ ոչ մենք ենք շահում, ոչ` պետությունը: Կտրոնային համակարգը չարդարացրեց: Սպառողն իրեն կոտորելով կտրոն չի պահանջում: Բայց սպառողին դիվադադար է անում նոր գովազդը, որ համոզում է քնքշորեն պահել չշահած կտրոնները: Երկրորդ եռամսյակի չշահած կտրոնների դիմաց հարկային մարմինները երրորդ եռամսյակում փոխհատուցում են խոստանում: Հարկային ծառայության պաշտոնական կայքում նույնիսկ փոխհատուցման աղյուսակն է տեղադրված: Երեք ամսվա ընթացքում հավաքած կտրոնների ու ծախսած գումարի համամասնությամբ 2,5 հազարից մինչեւ 200 հազար դրամ են խոստանում: Այս աղյուսակից դժվար է եզրակացնել, թե ինչ տնտեսական քաղաքականություն են վարում մեր իշխանությունները: Տեսեք, եթե մարդը երեք ամսվա ընթացքում կատարել է 100 հազարի գնումներ եւ հավաքել է 50 կտրոն՝ կստանա 2,5 հազար դրամ: Իսկ եթե կատարել է 6 մլն դրամի առեւտուր ու հավաքել է հազար կտրոն` կստանա 200 հազար դրամ: Սոցիալ-տնտեսական տեղեկատվությանը ծանոթ մարդու համար բարդ չէ հաշվարկելը, թե իրական պատկերն ինչ է լինելու: Ըստ պաշտոնական վիճակագրության` միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմում է մոտ 97 հազար դրամ: Մեկ աշխատողը եռամսյակում կարող է առավելագույնը կատարել 300 հազարից պակաս գնում: Եթե հաշվի առնենք, որ աշխատողների մեծ մասն ընտանիք ունի, եւ ենթադրենք, որ միջին հայկական ընտանիքում երկու աշխատող կա եւ մեկ թոշակառու, ապա միջին ընտանիքի եռամսյա ծախսը տոտալ կտրոնային համակարգ կիրառելու դեպքում հնարավոր է հասնի 600 հազարի: Սակայն 600-ի դեպքում սպառողից պահանջվում է ներկայացնել արդեն 100 կտրոն: Այս խմբի սպառողները կստանան 12-20 հազար դրամ: Այս թվերը դեռ տեղավորվում են տրամաբանության մեջ: Փոխարենը, պարզ չէ, թե ում համար են 300-1000 կտրոն ներկայացնելու համար խոստացվող «բոնուս գումարները»: Դուք կարող եք պատկերացնել ընտանիք, որն ամսական ծախսել է, ասենք, 3 մլն 600 հազար դրամ եւ հավաքել 600 կտրոն: Միջին հայաստանյան ընտանիքը 4,8 մարդուց է բաղկացած: 600 կտրոն հավաքելու համար ընտանիքի բոլոր անդամները միասին ամեն օր պիտի կատարեն 7 գնում: Այսինքն՝ ընտանիքի անդամներից առնվազն 2-ը երկուական անգամ պիտի գնում կատարեն: Եթե, իհարկե, երեխաներին էլ պարտադիր գոնե 1 անգամ խանութ ուղարկեն: Այս տրամաբանությունից ակնհայտ է, որ մեկ ընտանիքով 900 եւ հազար կտրոն հավաքելը դառնում է անհնար խնդիր:
Ծիծաղելիորեն անհնար խնդիր: Եթե, իհարկե, ընտանիքը բան ու գործ թողած՝ գնումներ անելով չի զբաղվելու: Անտրամաբանական է նաեւ այն, որ հարկային մարմինները երեք ամսում 300 հազար դրամի առեւտուր անողից ու 6 մլն դրամի անողից պահանջում են, որ միջին կտրոնի առեւտուրը նույնը լինի` 6 հազար դրամ:
Միանշանակ է նաեւ այն փաստը, որ այս բոնուսային համակարգի հեղինակները սոցիալական որեւէ խնդիր չեն դրել իրենց առջեւ: Որովհետեւ սոցիալական իմաստով բացարձակ անհասկանալի է, թե ինչու ամեն ամիս 2 մլն դրամից ավելի ծախսող սպառողը կամ ընտանիքը պիտի պետբյուջեից որպես խրախուսանք՝ 200 հազար դրամ ստանա: Սոցիալական մտածողությունը հակառակը պիտի ենթադրեր` օգնել աղքատին կամ համեստ վաստակ ունեցողին: Նրան, ով երեք ամսում 100-150 հազար ծախսելով, այնուամենայնիվ, կարողացել է 150-200 կտրոն հավաքել: Բոնուսը պիտի աճեր կտրոնների քանակի, ոչ թե միայն ծախսած գումարի մեծացման հետ: Որովհետեւ քիչ գնումներ, բայց շատ կտրոններ հավաքող քաղաքացին հաստատ միշտ պահանջել ու ստացել է իր կտրոնը: Մինչդեռ ՀԴՄ ներդրումը խրախուսելու այս փորձն իր բնույթով հակասոցիալական է եւ ծառայելու է միայն հարուստ խավին: Կամ` բարեփոխումների հեղինակներին: